Տասնյակ ընտանիքներ բնակարաններ չեն ստանա (Տեսանյութ)
14-11-2012 10:10:28 | Շիրակի մարզ | Հասարակություն
Գյումրու երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքների հերթացուցակում կան հաշվառված տասնյակ ընտանիքներ, ովքեր թեեւ երկրաշարժի պահին բնակարանատերեր չեն եղել, սակայն հետագա տարիներին դատական վճիռներով ճանաչվել են անօթեւաններ եւ հաշվառվել են բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում: Այդ ընտանիքները երկրաշարժի պահին հիմնականում ապրել են վարձով կամ որեւէ ազգականի տանը, իսկ նրանցից շատերը իրենց աշխատանքի վայրերից ակնկալել են բնակարաններ:
2008թ.-ից աղետի գոտում ընթացող բնակբաշխման գործընթացը ղեկավարող հանձնաժողովի կողմից, դատական վճիռներով հաշվառված բազմաթիվ ընտանիքներ շահառուներ չճանաչվեցին: Հիմնականում այն պատճառաբանությամբ, որ այդ ընտանիքները երկրաշարժի պահին բնակարաններ չեն կորցրել կամ բնակարան կորցնելու մասին փաստաթղթային ապացույցներ չեն կարողացել ներկայացնել: Նշենք, որ դատարանները, թեեւ վճիռներ էին կայացրել այդ ընտանիքերին անօթեւան ճանաչելու եւ հաշվառելու մասին, սակայն նույն վճիռներով պատկան մարմիններին չեն պարտադրել բնակարաններով ապահովել: Դատական վճիռներով անօթեւանների հերթացուցակում հաշվառված բազմաթիվ ընտանիքներ շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում եւ անհայտ է, թե նրանք երբեւէ բնակարաններ ունենալու են, թե ոչ:
«Շիրակ կենտրոնը» օգնություն ցուցաբերելու եւ տեսանյութեր պատրաստելու նպատակով այցելեց քաղաքի կենտրոնական մասի տնակային ավաններից մեկում, իր երեք երեխաների հետ բնակվող, բնակբաշխման հանձնաժողովի կողմից արդեն իսկ բնակարան ստանալու իրավունքից զրկված Ռիտա Բադոյանի ընտանիքին: Մեր այցելության ընթացքում Ռիտան ներկայացրեց նաեւ իր ձեռքով պատրաստած կահույքը, ապա պատմեց տնակային ավանի բնակիչների կյանքի որոշակի առանձնահատկությունների եւ առհասարակ ավանում տիրող մի շարք վարք ու բարքի մասին:
Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: