«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲ ընկերության կոլեկտիվի արձագանքը Մարդու իրավունքների պաշտպանի ոչ արհեստավարժ միջնորդությանը
14-11-2012 13:30:40 | Հայաստան | Իրավունք
Ս.թ. ապրիլ ամսին 80-ամյա կոլեկտիվը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին, խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները, Հմայակ Հովհաննիսյանի կողմից ընկերության կոլեկտիվի անդամներին վիրավորանք հասցնելու փաստով: Սակայն մինչ օրս Մարդու իրավունքների «պաշտպան» Կ. Անդրեասյանի ոչ հետեւողական մոտեցման արդյունքում պատասխան չի ստացվել:
Մենք զարմացած ու զայրացած ենք այն փաստի առիթով, որ չի արձագանքվել մի ամբողջ կոլեկտիվի դիմումին, այն դեպքում, երբ պաշտպանը այդպես արագությամբ արձագանքել է մասնավոր անձ` Հմայակ Հովհաննիսյանի «ոտնահարված» իրավունքին:
Հանրությանը տեղեկացնում ենք, որ այդ նույն մարդու իրավունքների պաշտպանը կարող էր տեղեկանալ ընկերության զբաղեցրած տարածքի մի մասի Հմայակ Հովհաննիսյանի կողմից մասնավորեցման գործընթացի օրինականության մասին:
Արդյոք Փոքր կենտրոնում կարելի էր 1քառ.մետր տարածքը վաճառել 50 ԱՄՆ դոլարով, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում կոլեկտիվը նույնպես դիմել էր մասնավորեցնելու իր կողմից զբաղեցրած տարածքը:
Վերջապես, 2012թ. կարողացանք մասնավորեցնել մեր կողմից զբաղեցրած տարածքը, որից հետո անմիջապես շենքի մյուս սեփականատերերին փոխանցվեց ընդհանուր օգտագործման տարածների վերաբերյալ պայմանագիր, որին Հմայակ Հովհաննիսյանը դեռեւս չի արձագանքել:
Մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու առաջարկով պետք է հանդես գար, առանց խնդրի էության մեջ խորանալու, այլ իր գործունեությանը համապատասխան պաշտպաներ 1961թ. սեփական միջոցներով կառուցած շենքի իրական տերերի ոտնահարված իրավունքները:
«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ աշխատավորական կոլեկտիվ