Օմբուդսմենը հանդես է եկել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով
14-11-2012 13:38:39 | Հայաստան | Իրավունք
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով։
Առաջարկությունների փաթեթը ներառում օրենքի բարեփոխման տարբեր առաջարկներ, մասնավորապես՝ նախատեսել անչափահասներից բացատրություններ վերցնելու հատուկ կարգ, համաձայն որի այն կարող է իրականացվել անչափահասի օրինական ներկայացուցչի ներկայությամբ` ոստիկանության անչափահասների գործերով համապատասխան ստորաբաժանման աշխատակցի կամ հոգեբանի/մանկավարժի պարտադիր ներկայությամբ` հաշվի առնելով, որ ընտանեկան բռնությունները երեխայի վրա ունենում են ծանր եւ հոգեճնշող ազդեցություն:
Եվս մեկ կարեւոր առաջարկություն էր «Թեժ գիծ» բառակապակցությունից առաջ ավելացնել «շուրջօրյա» բառը՝ ելնելով հնարավոր ընտանեկան զոհերի իրավունքների լիարժեք պաշտպանության նկատառումներից։ Սա հիմնավորվում է միջազգային փորձով, համաձայն որի` ընտանեկան բռնության կանխարգելման, անձանց պաշտպանության, նրանց հոգեբանական եւ իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու նպատակով ստեղծված «Թեժ գիծ» ծառայությունները շուրջօրյա են։
Առաջարկվում է նախատեսել նաեւ, որ յուրաքանչյուր ահազանգ կամ բողոք ենթակա լինի անհապաղ ստուգման եւ/կամ քննարկաման, որի արդյունքում կկայացվի ընտանեկան բռնությունը կանխարգելող հատուկ միջոցի կիրառման մասին որոշում:
Բացի այդ առաջարկվում է մշակել ընտանեկան բռնություններից պաշտպանության այնպիսի հատուկ մեխանիզմներ, որոնց արդյունքում կբացառվեն ընտանեկան բռնության զոհի կամ նրա երեխաների կրթության իրավունքի հնարավոր սահմանափակումները:
Օրենքի նախագծի վերաբերյալ Օմբուդսմենի բոլոր առաջարկություններին ծանոթանալու համար այցելեք Մարդու իրավունքների պաշտպանի կայքէջ՝ http://pashtpan.am/article/837:
Պաշտպանի աշխատակազմ
/Հեռախոս լրագրողների համար՝ 091 008812/