Եվս մեկ բարեկարգված բակ՝ Երևանում


Եվս մեկ բարեկարգված բակ՝ Երևանում

  • 14-11-2012 17:09:20   | Հայաստան  |  Տնտեսություն

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի հերթական բարեկարգ բակի հանդիսավոր բացմանը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորաստեղծ հանգստյան գոտու կառուցումը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է: Հերթական անգամ մայրաքաղաքի բակերի բարեկարգման գործին իր մասնակցությունն է ունեցել Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը: Տասնյակ տարիներ անխնամ ու անհրապույր բակային տարծքն այսօր բնակիչների առջեւ իր դռներն է բացել գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով ու մանուկների համար խաղահրապարակներով կահավորված: Բնակիչներն իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին եւ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությանը բակը բարեկարգելու համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորելով քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունն ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ բաց եւ պատրաստակամ է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների եւ անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց լուման ունենալ Երեւանի բարեկարգման գործում. «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում եւս մեկ բակ հանձնեցինք մեր երեխաներին ու բնակիչներին: Այս բակի կառուցման հիմնական ներդրողը Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունն է: Մենք եւս մեկ անգամ փաստում են, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունը բերում է նմանատիպ արդյունքների, ինչպես մեր բնակչության, այնպես էլ Երեւան քաղաքի բարեկարգման համար: Այս ընկերությունից բացի մենք ունենք մի շարք գործընկեր կազմակերպություններ, որոնք եւս հայտ են ներկայացրել նման ներդումներ իրականացնելու համար եւ վստահ եմ, որ հաջորդ տարիների ընթացքում գործընկերների թիվը կընդլայնվի:»,-նշել է քաղաքապետը: Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանն իր հերթին նշել է, որ համայնքների զարգացումը ընկերության առաջնահերթ ուղղություններից մեկն է եւ որ այս խաղահրապարակի բացումը դրա վառ օրինակներից մեկն է. «Երեխաների առողջ ապրելակերպը եւ ֆիզիկական զարգացումը մեր ընկերության սոցիալական պատասխանատվության առաջնայնություններից է եւ մեր հաջողված համագործակցությունը Երեւանի քաղաքապետարանի հետ կլինի շարունակական ու կընդգրկի այլ ոլորտներ եւս»,-նշել է Գագիկ Դանիելյանը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ բակի հանդիսավոր բացման արարողությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաեւ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության գործարանի տարածքով, այցելել արտադրամաս եւ պահեստ: Ընկերության տնօրենը քաղաքապետին է ներկայացրել ըմպելիքների արտադրման գործընթացը, ինչպես նաեւ ընկերության նոր՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող, հոսքագիծը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն