Երևանում է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարը
15-11-2012 12:16:42 | Հայաստան | Քաղաքական
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. «Մենք մեծապես կարեւորում ենք Լատվիայի հետ հարաբերությունների զարգացումը եւ պատրաստ ենք ջանքեր գործադրել՝ երկկողմ բազմակողմանի համագործակցության խորացման համար»:
Լատվիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը եւս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբարերությունների ընդլայնմամբ՝ տարբեր բնագավառներում:
Անդրադառնալով երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ զրուցակիցները կարեւորել են հայ-լատվիական առեւտրաշրջանառության մակարդակի բարձրացումը: Նշվել է, որ ներկայում ինտենսիվ աշխատանքներ են տարվում հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ, որը նոր թափ կհաղորդի երկկողմ տնտեսական կապերի հաստատմանն ու զարգացմանը:
Էդգարս Ռինկեւիչսը ողջունել է ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները եւ վստահություն հայտնել, որ մեր երկիրը ծրագրի մասնակից երկրների շրջանում առաջիններից մեկը կլինի, ում հետ կստորագրվի վիզայի դյուրացման համաձայնագիրը:
Վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակներում եւ այժմ ավարտվել են վեց փուլերից բաղկացած բանակցությունների երկու փուլերը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խաղաղության եւ անվտանգության հաստատմամբ, փոխարենն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շարունակվում են հնչել ռազմական հռետորաբանությամբ եւ ոչ կառուցողական հայտարարություններ: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի կողմից ստորագրված հարաբերությունների կարգավորման արձանագրությունները շարունակում են մնալ սառեցված՝ վերջինիս ապակառուցողական քաղաքականության հետեւանքով, ինչն արձանագրել են նաեւ ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ Ռուսաստանը:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, Լատվիայի ԱԳ նախարարը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների շուրջ դրական մթնոլորտի ստեղծումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: