Նախկին ազատամարտիկը ՀՀ պաշտպանության նախարարին հորդորում է չսպանել իրեն
16-11-2012 08:28:05 | Հայաստան | Իրավունք
Նախկին ազատամարտիկ, Տող գյուղի ջոկատի կազմակերպիչ եւ հրամանատար Ս. Սարգսյանը օրերս կրկին անգամ բաց նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանին, խնդրելով վերադարձնել իր կարծիքով պաշտպանության նախարարության պարտքը իրեն` որպեսզի ինքը կարողանա վերականգնել իր առողջությունը: Նրա պնդմամբ ԼՂՀ պաշտպանության նախարար եղած ժամանակ հենց Սեյրան Օհանյանի կարգադրությամբ է ԼՂՀ ՊՆ կարիքների համար իրենից բռնազավթվել Ստեփանակերտի Հեքիմյան 1 շենքի 39 բնակարանը, որը երկար տարիներ չի վերադարձվել, անգամ դատարանի վճիռը իր` սեփականատեր Սլավիկ Սարգսյանի օգտին օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող նախկին ազատամարտիկը գտնում է, որ ԼՂՀ ՊՆ կամ նախարար Ս.Օհանյանը տարիներ ի վեր բնակարանի «բռնի վարձակալության» համար իրեն պարտք է զգալի մի գումար, որը վերադարձնելու պարագայում ինքը կարող է վերականգնել իր առողջությունը եւ անգամ փրկել կյանքը:
Բաց նամակում նախկին ազատամարտիկը թվարկելով իր ներդրումը արցախյան ազատամարտին մասնավորապես գրում է. «Արցախյան բանակ ստեղծելու համար մինչեւ 1990թ. 20 000 000 ռուբլուց ավել գումար եմ ներդրել, 4 000 000 ռուբլի տրամադրել էկոնոմիկան զարգացնելու համար, 3000 տ-ոց սառնարան եմ ուղարկել Տող գյուղ, 4 000 000 ռուբլուց ավելի օգնություն եմ տվել զոհված ընտանիքներին (շտաբի պետ Գրիգորյան Վիգեն, ծառայության գծով տեղակալ Արմենչո, Դանիելյանների ընտանիք՝ բացի երկու երեխաներից, որոնք թաքնվել էին մահճակալի տակ, 1988թ. թուրքերը կոտորել էին): Տող գյուղը, որտեղ ես ստեղծել եմ իմ ջոկատը, կիսով չափ լցված է եղել թուրքերով եւ 200-ից ավելի ադրբեջանական ամոնով: Իմ ջոկատը ուներ մոտ 1000 անդամ: Քաղաք Ստեփանակերտի Հեքիմյան 1 շենքի 39 բնակարանը եղել է Ձեր տրամադրության տակ, որն օգտագործել եք առանց ինձ տեղեկացնելու եւ պարտք եք ինձ 12 000 000 դրամ: Գրավոր դիմել եմ Ձեզ, որ վերադարձնեք ինձ հասանելիք գումարը, սակայն պատասխան չեմ ստացել:
Խնդրում եմ վերադարձնել իմ գումարը կամ գրավոր պատասխանել այն չվերադարձնելու պատճառների մասին: Գումարն ինձ անհրաժեշտ է բուժման համար, քանի որ առողջական վիճակս ծանր է: Խնդրում եմ չպատասխանել, որ II կարգի հաշմանդամները անվճար բուժում են ստանում, քանի որ Երեւանի տասից ավել հիվանդանոցներում պառկել եմ, սակայն ոչ մի անվճար դեղ կամ բուժում չեմ ստացել: 2010-2011թթ. մոտ 2 000 000 դրամ գումար եմ ծախսել դեղի եւ բուժման վրա: Բազմիցս դիմել եմ Ձեզ եւ առողջապահության նախարար Հ. Քուշկյանին բուժման համար, սակայն օգնություն չեմ ստացել: Խնդրում եմ Ձեզ վերադարձնել իմ 12 000 000 դրամը բուժումս իրականացնելու համար: Չվերադարձնելու դեպքում կնշանակի, որ Դուք կանխամտածված ինձ սպանում եք, քանի որ ես գումար չունեմ բուժվելու: Նաեւ խնդրում եմ հարգել կռված տղաներին եւ գնահատել հայրենիքի համար կատարած իմ աշխատանքները: Թուրքերի հետ կռվից կենդանի եմ մնացել, հայերի ձեռքով սպանվում եմ»:
Նշենք, որ ազատմարտիկը պնդում է, որ նամակը ՀՀ պաշտպանության նախարարություն է ուղարկվել մի քանի ամիս առաջ, բայց առ այսօր նրանց կողմից որեւէ արձագանք չի ստացել: