«Մանանա»-ն ինձ համար երկրորդ ընտանիքն է դարձել...»
16-11-2012 17:22:42 | Հայաստան | Հասարակություն
«Մեծ սեր, ջերմություն, ուրախություն, համախմբված երիտասարդ ուժեր, օրհնություն…»,- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի մասնակիցների ուխտի մասին մեզ հետ իր տպավորություններն է կիսում Մարիամ Մարիկյանը:
Օրերս Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Հրեշտակապետների եւ երկնային բոլոր զորությունների տոնը։ Այս առիթով «Մանանա»-ի անդամների մասնակցությամբ կազմակերպվել էր ուխտերթ, որը մեկնարկեց Զվարթնոց տաճարից եւ ավարտվեց Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում` Սուրբ եւ Անմահ Պատարագի մասնակցությամբ։ Պատարագից հետո երիտասարդները հնարավորություն ունեցան մասնակցել կազմակերպված ֆլեշմոբային նախաձեռնությանը. համատեղ ուժերով գունավորելով տառերը` երիտասարդները ստացան ուխտի նշանաբանը`«Ձեր ամեն ինչը սիրով թող լինի»: Այս խոսքերը Պողոս Առաքյալի` Կորնթացիներին ուղղված նամակից են: «Նշանաբանը նպատակ ուներ «Մանանա»-ի երիտասարդներին հիշեցնելու սիրո մասին, որով պիտի առաջնորդվեն ամեն ինչում եւ ամեն մեկի հետ: Այն նաեւ բացականչություն ու կոչ էր փողոցով անցնողներին եւ ողջ մարդկությանը` ամեն բանում սերը գերադասել ամեն ինչից»,- ասում է ծրագրի կազմակերպիչներից Տ. Հուսիկ քահանա Սարգսյանը:
«Օրն անձրեւային էր, բայց մեր ընդհանուր ուխտը լուսավորեց ու ջերմացրեց թե՛ ներաշխարհը, թե՛ օրը: Հաճելի էր տեսնել մարդկանց, որոնք հետաքրքրությամբ հետեւում էին ճանապարհով քայլող ուխտավոր հավատացյալներիս՝ այդ թվում եւ հոգեւորականներին: Նման դեպքերում ստացվում է, որ «եկեղեցին» է քայլում մարդկանց ընդառաջ եւ փնտրում նրանց: Շարականներ երգելու պահին մտածում էի. «Ի՜նչ լավ կլիներ՝ մի օր այս ուրախությունը այցելեր փողոցով քայլող բոլոր հայերիս, եւ նրանք էլ մասնակիցը դառնային այս գեղեցիկ տոնին»: «Մանանա» ծրագիրը, բացի Աստծո խոսքը լիարժեք մատուցելուց, լավ հնարավորություն է տալիս երիտասարդներին հասկանալ, որ իրենք եկեղեցու անբաժանելի մասն են: Բայց կարեւոր է նաեւ մեր ստացած սերմերը ճիշտ ժամանակին ջրենք եւ անհոգ չլինենք դրանց հանդեպ, փոխանցեք մյուսներին եւ սպառող չլինենք: Իսկ այն, ինչ անում ենք, օրվա կարգախոսի համաձայն, սիրո՛վ թող անենք»,-ասում է Մալաթիայի Սբ Աստվածածին եկեղեցու Մանանա ծրագրի մասնակից, լեզվաբան-նշանագետ Արմինե Բարսեղյանը:
«Մանանան ինձ տվել է Աստծուն առավել մոտ լինելու հնարավորություն: Ուխտի թե´ քայլերթը, թե´ Պատարագը, որին մենք հետեւում էինք եկեղեցուց դուրս, որովհետեւ Հրեշտակապետաց եկեղեցում այլեւս տեղ չկար, թե´ մտերմիկ միջավայրը, թե´ ֆլեշ-մոբը հանգեցրին մարդկային ամենամեծ գաղափարին` «Ձեր ամեն ինչը սիրով թող լինի»- ասում է Մարիամը:
Այսուհետ Սրբոց Հրեշտակապետաց տոնը «ՄԱՆԱՆԱ» ծրագրին մասնակից ամեն երիտասարդի համար լինելու է դեպի Էջմիածին ուխտի օր՝, «ուխտ, որի նպատակն է միասնությունը, աղոթքը, հոգեւոր նորոգումը եւ զորացումը»,-նշում են ծրագրի կազմակերպիչները:
Սուրբ Գրքում մանանան անվանվում է «հրեշտակների հաց»։ Կազմակերպիչների խոսքերով. «Ամենեւին պատահական չէ, որ, ի հետեւումն սաղմոսերգուի այս ակնարկի, «Մանանա» ծրագրի տարբերանշանում եւս պատկերված են հրեշտակներ, ովքեր խորհրդանշում են երիտասարդներին. չէ՞ որ հրեշտակները մշտապես երիտասարդ են, գործուն ու մշտաշարժ, Բարձրյալի կամքին հավատարիմ եւ միասնական։ Այսպես եւ «Մանանա»-ի հրեշտակները տարբերանշանում ուս ուսի տված՝ միասնականորեն իրենց հայացքը հառել են դեպի Փրկչական Խաչը՝ իրենք իրենցով մի մեծ խաչ կերտելով։ Այս է «Մանանա» ծրագրին մասնակից յուրաքանչյուր երիտասարդի կոչումը, այս է ծրագրի նպատակը, քրիստոնյա ամեն երիտասարդի ուխտը»։
Էջմիածնի Սբ Գայանե եկեղեցու Մանանա ծրագրի մասնակից Լուսինեի համար «Մանանա»-ն երկրորդ ընտանիքի պես է դարձել, հնարավորություն տվել լավ ընկերներ ձեռք բերելու, իսկ ծրագրի յուրաքանչյուր հանդիպում անսահման ջերմություն ու սեր է տալիս:
«Մանանա»-ի նպատակն է «օգնել երիտասարդներին ճանաչել Աստծուն, ծանոթանալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքին եւ ավանդույթներին, մասնակիցը դառնալ արդիական հարցերի եւ իրենց հուզող խնդիրների շուրջ բանավեճերի, ինչպես նաեւ արդիական հարցերի վերաբերյալ ձեւավորել քրիստոնեական աշխարհայացք»,- նշում է ծրագրի կազմակերպիչ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ներսես սարկավագ Ղազարյանը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւորականների հետ ամենշաբաթյա զրույց-քննարկումներն իրականացվում են մայրաքաղաք Երեւանում եւ մարզերում: Երիտասարդները հնարավորություն ունեն նաեւ մասնակցելու աղոթքների, ուխտագնացությունների, ֆիլմերի դիտումների եւ տարաբնույթ միջոցառումների: Հանդիպումները տեղի են ունենում եկեղեցիներում կամ եկեղեցիներին կից սրահներում:
Մարիամ Ավետիսյան