Սեյրան Օհանյանն Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ հյուրընկալվել է Երևանի պետական համալսարանում


Սեյրան Օհանյանն Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ հյուրընկալվել է Երևանի պետական համալսարանում

  • 16-11-2012 18:10:43   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ նոյեմբերի 16-ին հյուրընկալվել է Երեւանի պետական համալսարանում: Նախարարը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ուղեկցությամբ մասնակցել է մայր բուհի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ՝ զոհված ազատամարտիկներ Արա Ավանեսյանի, Էդուարդ Ավագյանի, Սարգիս Խոջոյանի եւ Տիգրան Պետրոսյանի անունները կրող լսարանների բացման արարողությանը, որին ներկա են եղել նաեւ զոհված ազատամարտիկների հարազատները: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում հանդիպել է պորֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտորը, որը բարձր գնահատելով մայր բուհի համագործակցությունը ՀՀ զինված ուժերի հետ, նշել է, որ մայր բուհի եւ նրա ուսանողների կապը զորամասերի հետ հնարավորություն է տալիս ճանաչելու մեր բանակը, մեր անկախ ու ազատ երկիրը պաշտպանող հայ զինվորին: «Մեր ուսանողների հաճախակի այցերը զորամասեր ավելի են հեշտացնում նրանց մուտքը բանակ, հոգեբանորեն պատրաստում զինծառայությանը: ՀՀ ԶՈւ-ի հետ շփումը նպաստում է նաեւ մեր ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բանակի վերաբերյալ ճիշտ ու առողջ կարծիքի ձեւավորմանը»,- ասել է Ա.Սիմոնյանը: ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում խորհրդանշական է համարել մայր բուհում Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների անուններով լսարանների բացումը հենց Ուսանողության միջազգային օրվա նախօրեին: «Ցանկանում եմ իմ խորին շնորահակալությունը հայտնել բուհի ղեկավարությանը, ռեկտորին, որ չեն մոռանում մեր մարտական ընկերներին եւ հավերժացնում են նրանց հիշատակը: Զոհված ազատամարտիկների սիրելի ծնողներ, ցանկանում եմ շնորհակալության եւ երախտիքի խոսքեր ասել ձեզ, որ ձեր որդիները իրենց կյանքն են նվիրել հայրենիքի պաշտպանության համար: Նրանք միշտ մեզ հետ են, նրանց հոգիները սավառնում են երկնքում եւ դրանով իսկ զրկում մեզ սխալվելու իրավունքից»,- ասել է նախարարը: Շնորհավորավորական խոսքում Սեյրան Օհանյանը կարեւորել է ուսանողերի դերը հաղթանակների հասնելու եւ մեր երկրի պատմության կերտման ճանապարհին. «Բոլոր ժողովուրդների պատմության մեջ մեծ է եղել ուսանողների դերը: Ուսանողները հզոր ուժ են: Հայ ժողովրդի առջեւ ծառացած յուրաքանչյուր խնդրի լուծման համար դուք պետք է պայքարեք. ապագան ձեր ձեռքերում է... Ես վստահ եմ, որ դուք ավելի լավ եք իրականցնելու մեր հայրենիքի պաշտպանության գործը, քան` մենք»,- վստահեցրել է պաշտպանության նախարարը: Հանդիպման ավարտին նախարարը ԵՊՀ մի շարք ուսանողների եւ աշխատակիցների հանձնել է պատվոգրեր եւ գերատեսչական մեդալներ՝ ՀՀ զինված ուժերի հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ