Լրացավ աստղագետ Վաղարշակ Սանամյանի 95-ամյակը


Լրացավ աստղագետ Վաղարշակ Սանամյանի 95-ամյակը

  • 17-11-2012 13:15:12   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր` նոյեմբերի 17-ին լրանում է հայ ռադիոաստղագիտության հիմնադիր Վաղարշակ Սանամյանի 95-ամյակը: Նա եղել է համարյա բոլոր հայ ռադիոաստղագետների ուսուցիչը` Հրանտ Թովմասյան, Վիգեն Մալումյան, Վազգեն Փանաջյան, Ռաֆիկ Կանդալյան եւ այլոք: Ծնվել է 1917թ., 1950-ից աշխատել է Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) եւ մասնակցել ԲԱ կառուցման գործին: Նույն թվականից ղեկավարել է ԲԱ ռադիոաստղագիտության նորաստեղծ լաբորատորիան (1955-ից` ռադիոաստղագիտության բաժին) եւ ԲԱ առաջին ռադիոաստղադիտակների կառուցումն ու տեղադրումը (4.2մ եւ 1.5մ ալիքի երկարության վրա աշխատող 2-ական համափուլ ալեհավաքներ): 1950-1960 թթ. ղեկավարել է ԲԱ ռադիոաստղագիտական հետազոտությունները: 1957-ին ռուս ականավոր ռադիոաստղագետ Ս.Ե. Խայկինի ղեկավարությամբ պաշտպանել է թեկանծուական թեզ: 1960-ականներին մասնակցել է գերերկար բազայով (միջմայրցամաքային) ինտերֆերոմետրային (VLBI) ռադիոդիտումների, 1960-1970-ականներին` մի շարք ռադիոաստղադիտակներով դիտումների (մասնավորապես` ռուսական RATAN-600): ԲԱ-ում աշխատել է մինչեւ 1989թ.: Վախճանվել է 2010թ. հունիսի 30-ին: Սանամյանի գիտական աշխատանքները վերաբերում են Մեր Գալակտիկայի ռադիոաղբյուրներին (մազերներ, միգամածություններ, Հերբիգ-Հարոյի օբյեկտներ եւ այլն), Մարգարյանի գալակտիկաներին, քվազարներին, կոմպակտ գալակտիկաների կոպմակտ խմբերին, ռադիոաստղագիտական սարքերին: Տպագրել է 74 գիտական հոդված, որոնցից վերջինը` 2007թ. 90 տարեկանում: «Ռադիոաստղագիտություն» մենագրության (1967թ.) եւ «ԽՍՀՄ-ում ռադիոաստղագիտության համառոտ պատմություն» (2012թ.) գրքի հայկական ռադիոաստղագիտությանը վերաբերող գլխի հեղինակն է: 2004-ից Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) անդամ էր: Հայկական աստղագիտական ընկերություն
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ