Ո՞վ և ինչո՞ւ սպանեց իմ տղային, ինչո՞ւ են զինվորների հետ հաշվեհարդար սկսել


Ո՞վ և ինչո՞ւ սպանեց իմ տղային, ինչո՞ւ են զինվորների հետ հաշվեհարդար սկսել

  • 21-11-2012 14:56:56   | Հայաստան  |  Իրավունք

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
սպանված զինվոր Տիգրան Օհանջանյանի ծնող`
Սուրեն Օհանջանյանից
 
Բաց նամակ ՀՀ նախագահին.
 
 
2007թ. Օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում տեղակայված 28418 զին զորամասում գազանաբար սպանել են որդուս` կրտսեր սերժանտ Տիգրան Օհանջանյանին: Մինչ օրս ունենք գերեզման, չունենք մահվան պատճառ: Որդուս`   մահը   զորամասում  պետք  է  մտահոգեր   պետական այրերին  և  մահվան   հանգամանքների բացահայտումը պետք է հանդիսանար  պետական  գործընթացի բաղկացուցիչ   մասը:  Սակայն տեղի ունեցավ  հակառակը`մինչ մենք մեր ողբերգության հետ էինք, նախաքննական մարմինը` հանձինս գործով քննիչ, դատախազ Գնել Մանուկյանի, զբաղված էր ապացույցները   կեղծելով   և  ոչնչացնելով:  Դրա արդյունքում   արդեն վեց տարի է տարբեր դռներ ենք թակում` պարզելու ընդամենը   մեկ  հարց.  ով և ինչու սպանեց իմ տղային, ինչու են զինվորների հետ հաշվեհարդար սկսել, որը ամենօրյա ողբերգություն է դարձել  բանակում:
Հայրենասիրությունը ինձ և իմ  ընտանիքին Ռուսաստանից  հասցրեց  Հայաստան, տղայիս`  հայոց  բանակ: Սակայն ես հայրենասիրություն չեմ տեսնում տղայիս գործը քննող քննիչի և դատախազների մոտ, ըստ որոնց պետական մտածողություն է դարձել բանակում տեղի ունեցող սպանությունները կոծկելը, վկաներին ահաբեկելը, իրենց չենթարկվող փորձագետներին հրավիրել քննչական վարչություն և նրանց միջոցով կեղծել փորձաքննության եզրակացությունները, խոսքս վերաբերում է քննիչ` Լևոն Պետրոսյանին: Բարոյալքված վիճակ է, իսկ այդ վիճակից մեզ դուրս հանող  պաշտոնյա  չկա, մեր ցավը անձնականացվել է և դարձել բացառապես մեր ողբերգությունը:
Հավատում էինք համակարգում տեղի ունեցած փոփոխություներին, հավատում էինք, որ Գեղարքունիքի մարզի   ընդհանուր իրավասության   դատարանում  էլեկտրահարման  վերաբերյալ  առաջադրված   մեղադրանքները ձախողվելուց  հետո  ինչ-որ բան կփոխվի նախաքննական մարմնի  տրամադրվածության մեջ և քննչական վարչություն կհրավիրվի տղայիս  գործով նախկին  քննիչ  Գ.Մանուկյանը` պատասխանելու, թե  ինչու որդուս մահվան գիշերը չկատարվեցին անհրաժեշտ քննչական գործողություններ և մահվան  հաջորդ  օրվան   թողնվեցին   հրատապ հարցաքննությունները,  թե  ինչու են տղայիս կոմուֆլյաժ վերնազգեստը ընթերականներով պատառոտված վիճակում առգրավել և 56 օր քննությունից թաքցնելուց հետո ուղարկել փորձագիտական կենտրոն բոլորովին այլ շորեր, որը պատառոտված չի եղել, ինչու է  հագուստների  փաթեթները  բացվել առանց   ընթերակաների և այնուհետև  չի փաթեթավորվել, ինչու տղայիս իբր   էլեկտրահարած ձգալարը ըստ պատշաճի  չի առգրավվել և չի տրամադրվել փորձագետին, ձգալարը քննիչ Գնել Մանուկյանը վերձրել է պահեստից, բայց կազմել է արձանագրություն ընթերականների մասնակցությամբ թե իբր առգրավել է դեպքի վայրի ձգալարը և այդ պահեստից վերցրած ձգալարը ուղարկել է դատաբժշկական կենտրոն, իսկ դատաբժիշկ Վ. Ադամյանը այդ ձգալարը պահեստից վերցրած ուղղարկել է քրեաիրավագիտական բաժանմունք ուսումնասիրության, ինչու են դատաէլեկտրիկ փորձագետ  Գ. Հարությունյանը  և դատաբժիշկ փորձագետ Վ. Ադամյանը քննիչի հետ կեղծել  քրեական գործի ապացույցները, փոխել հանցագործության պատկերը: Որն է եղել այս խմբի համատեղ գործելու  անձնական շահարգվածության պատճառը, ով է պատվիրատուն: Դատաէկտրոտեխնիկ Գ. Հարությունյանը տեղամասը փորձաքննել է առանց որևէ համապատասխան սարքի և հարմարությունների: Երկու անգամ համալիր և կրկնակի փորձաքննություն է նշանակվել, երկու անգամն էլ հերքվել է Գ, Հարությունյանի կողմից տրված դատաէլեկտրոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, իսկ դատաբժիշկ Վ. Ադամյանի   մոտ    կրկնակի   մեծացել  է տղայիս պարանոցի հատվածում  առաջացած  վնասվածքը և վնասվածքի  արտաքին  պատկերը: Վարդենիսի hոսպիտալում դիակի զննության արձանագրությամբ պարանոցի վնասվածքը եղել է 8-11 սմ, դատաբժշկական կենտրենի դատաբժիշկ Վ. Ադամյանի մոտ պարանոցի վնասվածքը դարձել է 19.6 սմ: Դատաբժշկական փորձաքննության մեջ ակնհայտորեն սխալ փաստեր են արձանագրվել հատկապես տղայիս ատամների առկայության վերաբերյալ: Որդուս զորակոչել եմ զին ծառայության առանց վերևի կտրող ատամի, դատաբժիշկ Վ. Ադամյանը իր կողմից տված դատաբժշկական եզրակացության մեջ նշում է, որ վերևի ատամնաշարը բնական է և ամբողջական: Այս բոլոր հանգամանքների այլաձևումը մնացել է չբացահայտված: 
Իսկ նախաքննությունը  ընտրել է գործը այս քննիչից այն քննիչին, այս  դատախազից այն դատախազին  փոխանցելու  և քննությունը  արհեստականորեն ձգձգելու  ճանապարհ,որի պատճառով խորանում է մեր հիասթափությունները և ատելությունը այն ուժերինկատմամբ,ովքեր արգելք  են հանդիսանում  գործի բացահայտմանը:
Իսկ գործի  բացայտումը`  ցանկության  դեպքում իրենից բարդություն չի ներկայացնում. պարզապես պետք  է դատաբժիշկներին և նախկին քննիչին  հրավիրել  քննչական ծառայություն  և պարզել,   թե ովքեր են հրահանգավորել   քննությունը նման   կերպ տանելու  և ապացույցները  ոչնչացնելու   առումով:
Շոթա Վարդանյանի դատաբժշկական բիզնես կենտրոնը, ՊՆ քննչական վարչությունը և զին դատախազությունը բանակում կատարված ցանկացած սպանություն այլաձևում են, ինչպես իրենք են ցանկանում, այնպես էլ որակավորում են:
Հարգելի Նախագահ, Դուք դեռ 2011թ հունվարի 27-ին նախագահական նստավայրի դարպասների մոտ, բոլորի ներկայությամբ խոստացաք, որ մեր որդիների սպանությունների գործերին հետևողական կլինեք: Մենք մեծ հույսերով սպասում էինք, արդյոք զին դատախազ Գ. Կոստանյանը կկատարի Ձեր կողմից նրան տրված հանձնարարականը, բայց պարզվեց, որ զինվորական դատախազությունը և ՀՀ ՊՆ քննչական վարչությունը Ձեր տեսադաշտից դուրս են մնացել: Մենք մեր հույսները չենք կորցրել, հույս ունենք որ Նախագահի տված խոստումները օդի մեջ չեն մնա:
Թերևս ժամանակն է, որ զինվորական հանցագործություններ հրահրողները, կատարողները, հովանավորողները ու կոծկողները հասկանան` մի օր դատվելու են. քեզ պաշտպանող ամեն զինվորին թաղելը, ընտանիքի լույսը մարելը չափազանց ծանր հանցանք է: Եվ եթե դա անում են անխիղճ անասունի պես, ուրեմն ժամանակն է, որ որոշ բաներ ինքդ քո մաշկի վրա զգաս: Եվ եթե Դուք, Ձեր խոստմանը հավատարիմ, իսկապես արմատախիլ անեք այս կարևորագույն ոլորտի կոռուպցիոն շերտերը /թեկուզ ուշացումով/, Դուք կունենաք վստահության այն մեծ քվեն, որը պետք է ցանկացած Նախագահի, և որը դեռ չի ունեցել անկախությունից հետո պաշտոնավարաց նախագահներից և ոչ մեկը: 
 
 
19.11.2012թ.    
Սպանված զինվորի  ծնող`  Ս. Օհանջանյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք