Ի՞նչ եղավ ՄԻԱՎ-ով ապրող երեխայի պատմությունը


Ի՞նչ եղավ ՄԻԱՎ-ով ապրող երեխայի պատմությունը

  • 21-11-2012 15:21:28   | Հայաստան  |  Բարեգործություն

 

Ամիսներ առաջ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան էջին նամակ էր գրել մի ուսանող, որը փողոցով քայլելիս տեսել էր մուրացկանությամբ զբաղվող կնոջն ու երեխային և շտապել տեղեկացնել Պաշտպանին։ Նամակն անմիջապես ստացել էր արձագանք և Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները մեկնել էին նշված վայր՝ երեխային և մորը օգնելու նպատակով։
 
Տեղեկանալով ընտանիքի բազմաթիվ խնդիրների մասին՝ Պաշտպանը դիմել էր մոտ երկու տասնյակ կազմակերպությունների և պետական մարմինների՝ նրանց համապատասխան օգնություն տրամադրելու առաջարկով։ Չնայած որ կազմակերպություններից շատերը մերժեցին ցերեկային խնամք տրամադրել երեխային, այդուհանդերձ, գտնվեցին կազմակերպություններ և բարերարներ, որոնք պատրաստակամություն հայտնեցին օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված փոքրիկին և նրա մորը:
 
«Նոր սերունդ» ՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի երեխաների պաշտպանության բաժնի աջակցության շնորհիվ ամնիջապես որոշակի սնունդ և հագուստ տրամադրվեց փոքրիկին և մորը։ Հայ օգնության ֆոնդը, որպես փորձառու և հուսալի կազմակերպություն, դարձավ այն կառույցը, որի միջոցով պետք է հետագայում ապահովվի երեխայի խնամքը։  Արտասահմանցի բարերարների՝ մասնավորապես Հայաստանում Բրազիլիայի դեսպանի և մի շարք այլ կազմակերպությունների աջակցության շնորհիվ այսօր արդեն լուծվել է նրանց տան ջեռուցման խնդիրը, տրամադրվել է անհրաժեշտ հագուստ, սնունդ, կենցաղային իրեր, դեղորայք: Ստացված աջակցության շրջանակներում փոքրիկի համար կազմակերպվելու է նաև հոգեբանի և լոգոպեդի ծառայությունների տրամադրում: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ համատեղելով ջանքերն ու բարի կամքը, Պաշտպանի միջնորդությամբ հնարավոր եղավ անել մի բան, որն իրականում Պաշտպանի լիազորությունից և գործունեության շրջանակից դուրս էր։
 
Շնորհակալություն ենք հայտնում, բոլոր այն կազմակերպություններին և անհատ բարերարներին, որոնք անտարբեր չգտնվեցին և օգնության ձեռք մեկնեցին փոքրիկին և մորը։
 
Պաշտպանի աշխատակազմ
/Հեռախոս լրագրողների համար՝ 091 008812/
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play