«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ 35 ԿԻԼՈՄԵՏՐԱՆՈՑ ՍԱՀՄԱՆԸ ԱՅՍՕՐ ՆՈՒՅՆՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ»


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ 35 ԿԻԼՈՄԵՏՐԱՆՈՑ ՍԱՀՄԱՆԸ ԱՅՍՕՐ ՆՈՒՅՆՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ»

  • 03-12-2012 04:20:46   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 

Քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողովին Իրանից մասնակցում էր քաղաքագետ, վերլուծաբան Ռոբերտ Մարգարյանը։ Իր զեկույցում վերլուծաբանը, իրանական հայացքի ներքո, անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության խնդրին և ներկայացրեց խնդրի ինչպես պաշտոնական դիրքորոշումը, այնպես էլ հասարակական տեսակետները։ Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» թղթակցի հարցազրույցը Ռոբերտ Մարգարյանի հետ։

- Պարո´ն Մարգարյան, ի՞նչ ուղղությամբ եք վերլուծություններ կատարում:

- Հիմնականում՝ Հարավային Կովկասի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ուղղությամբ, որոնք հետաքրքրություն են առաջացնում Իրանում:

- Համաժողովի ժամանակ հանդես եկաք «Ղարաբաղյան հակամարտություն• իրանական հայացքներ» թեմայով։ Մի փոքր մանրամասնենք. ինչի՞ մասին էր այն։

- Զեկույցի ընթացքում ներկայացրի Լեռնային Ղարաբաղի շուրջ Իրանի Իսլամական Հանրապետության պետական, գիտահետազոտական կենտրոնների դիրքորոշումները և ժողովրդական զանգվածների տեսակետները։

Իրանը, որպես բարեկամ երկիր, միշտ դրական է մոտեցել ղարաբաղյան հարցին, թեև, բնական է, չի կարող բարձրաձայնել շատ քաղաքականություններ, որոնք գործնականում իրականացվում են։

Լեռնային Ղարաբաղը երկար սահման ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ, հետևաբար պետք է կարևորությամբ նայել Իրանի դիրքորոշումներին, հատկապես այն զգայունություններին, որոնք Իրանն ունի իր ազգային անվտանգության հետ կապված։

Այս օրերին բանակցային գործընթացում շատ է խոսվում մադրիդյան սկզբունքների մասին։ Իրանն ունի իր հատուկ զգայունությունը բանակցային այն կետի շուրջ, որտեղ արծարծվում է ազատագրված տարածքները հայկական ուժերից պարպելու և խաղաղարար ուժերով փոխարինելու հարցը։ Բոլորս էլ տեղյակ ենք, որ Իրանը չի հանդուրժում իր սահմանների մոտ միջազգային նման ուժերի ներկայությունը, իսկ նման կետի իրագործումը կարող է բացասաբար անդրադառնալ հայ-իրանական հարաբերությունների վրա։ Հետևաբար պետք է ուշադրություն դարձնել այս խնդրին։

21 տարիների ընթացքում բոլորս էլ գիտենք, որ Իրանը Հայաստանի համար ինչ նշանակություն է ունեցել։ Փոքրիկ սահմանը, 35 կիլոմետր ընդհանուր տարածքով, Հայաստանի համար ամենավստահելի սահմանն է դեպի արտաքին աշխարհ։ Այդպես է նաև Իրանի համար։ Այն պատժամիջոցների պարագայում, որոնք Իրանի դեմ կիրառվել են, փոքրիկ, 35 կիլոմետրանոց սահմանը նույն նշանակությունը ունի այսօր նաև Իրանի համար։

Իսկ ինչ վերաբերում է Իրանի գիտահետազոտական կենտրոններին, ապա գլխավոր մասը հետևում ու պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին Իրանի պաշտոնական դիրքորոշումը՝ փորձելով ռազմավարական ուսումնասիրություների միջոցով ընդգծել Իրանի պաշտոնական դիրքորոշման իրավացիությունը։

- Իսկ որո՞նք են ժողովրդական զանգվածների տեսակետները։

- Գիտեք, որ Իրանում շուրջ 20 միլիոն ազերի է ապրում, հիմնականում սահմանամերձ շրջաններում, որոնք ուղղակիորեն Հայաստանի և Ղարաբաղի հարևանությամբ են։ Նրանց մեծ մասը ազգականներ ունեն Ադրբեջանում, շփման մեջ են և, բնական է, չեն կարող չազդվել այն քարոզչությունից, որը տարվում է Ադրբեջանում։ Բայց, բարեբախտաբար, նրանք իրենց ներկայացնում են իրանցիներ, և այդ ատելությունը չի կարողանում իր դրսևորումները գտնել Իրանի խոհեմ քաղաքականության դեպքում։ Թեև երբեմն ինչ-ինչ արտահայտություներ հնչում են՝ սկսած համայնքից մինչև ուրբաթօրյա աղոթքի լսարանը, որն Իրանում կարևոր լսարան է համարվում։

Հասարակության մեջ մեկ այլ տեսակետ ևս կա, համաձայն որի՝ Ադրբեջանը համարվում է իրանական տարածք և կոչվում է Հյուսիսային Իրան։ Բնական է, որ այդ տեսակետի հետևորդները Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս, որն իր հերթին Իրանի մասն է կազմում և Թուրքմենչայի պայմանագրով 19-րդ դարի սկզբում բաժանվել է Իրանից։

Կա նաև մի երրորդ կարծիք, որը գերիշխող է և այն տեսակետն է պաշտպանում, որը պաշտպանում են պաշտոնյանները, պատգամավորները։ Այդ կարծիքը հիմնված է հակամարտությունը խաղաղ միջոցներով կարգավորելու վրա։

- Ձեր կարծիքով՝ նման համաժողովների կարևորությունը ո՞րն է։

- Համաժողովի ընթացքում տարբեր տեսակետներ են հնչում, մտքեր են արծարծվում, որոնք կարող են օգնել նոր մտքերի ձևավորմանը։ Օրինակ՝ միտք հնչեց Ցեղասպանության հարցը չհետապնդելու ուղղությամբ, որը լուրջ ընդդիմության արժանացավ մասնակիցների կողմից։ Համաժողովը օգնում է, որ կարողանանք հետագայում նոր վերլուծություններ, քննարկումներ կատարել։

- Համաժողովի բուն աշխատանքներն իրականացվեցին երեք թեմատիկ նիստերում՝ «Հայաստանին ուղղված մարտահրավերները գլոբալացվող աշխարհում», «Ղարաբաղյան հակամարտությունը և հայ քաղաքագիտական միտքը», «Հիշողության քաղաքականությունը և Հայոց ցեղասպանությունը• արդի մարտահրավերներ և ռիսկեր»։ Ո՞ր հարցը կառանձնացնեիք։

- Բոլորն էլ կարևոր են՝ Ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի հարցը բոլորիս ինքնության մասն են կազմում, մեկը մյուսից գերադասել չի կարելի, երկուսն էլ ունեն հատուկ նշանակություն և տարբեր ոլորտներ են ընդգրկում։ Դրանք այն հիմնական կետերն են, որոնք պետք է նկատի ունենանք մեր ռազմավարության մեջ և միաժամանակ առաջ տանենք։

- Ձեր կարծիքով, երկու հարցերի ուղղությամբ առայսօր ի՞նչ է արվել, ո՞ր հարցում ենք հաջողել։

- Լեռնային Ղարաբաղի հարցում մենք բավականին հաջողել ենք։ Թեև Լեռնային Ղարաբաղը հստակ ձևով չունի իրավական կարգավիճակ, միջազգայնորեն ճանաչված չէ, բայց 20 տարուց ավելի է, որ պետությունը կայացած վիճակում է, ունի տնտեսություն, իր անկախությունը։ Ինձ թվում է՝ Լեռնային Ղարաբաղի հարցում մեր կատարած ջանքերը ինչ-որ կերպով արդյունավորվել են, վերջին քայլն է կարևոր՝ միջազգային ճանաչումը։ Եթե դա էլ լինի, Լեռնային Ղարաբաղի հարցը կարելի է արդեն ավարտված համարել։

Ցեղասպանության հարցի պարագայում կատարվելիք աշխատանքներ շատ կան։ Գուցե պատճառն այն է, որ 60-ական թվականներից սկսվեց ավելի շատ արծարծվել Ցեղասպանության հարցը։ Այս պարագայում մենք մի փոքր ուշացել ենք հարցի հետապնդումից, և պետք է դեռ շատ աշխատանք տանել։

Զրուցեց Լուսինե ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play