Ընդդիմություն, որը չունի հետևորդներ


Ընդդիմություն, որը չունի հետևորդներ

  • 04-12-2012 18:01:56   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանում ակնհայտ նոր քաղաքական իրավիճակ է։ Կա, այսպես կոչված, ընդդիմություն, որը չունի հետևորդներ։ Կան թվացյալ ընդդիմադիր կուսակցություններ՝ առանց հստակ օրակարգի, որոնք նախագահական ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ չգիտեն ինչպես իրենց պահել, ինչ առաջարկել հանրությանը։ Եվ իրենց անկարողությունը քողարկելու համար հորինել են տարբեր զբաղմունքներ։ Ասում են, թե ավարտել են բանակցությունների առաջին փուլը։ Արդյունքների մասին հստակ ոչինչ չեն հայտնում, բայց ՙսպառնում՚ են, թե թևակոխում են բանակցությունների երկրորդ փուլ, հետո էլ հավանաբար՝ երրորդ և չորրորդ։ 

2008-ի նախագահական ընտրությունների շեմին ընդդիմադիր որոշ գործիչներ ճամփորդում էին արտասահմաններում՝ տպավորություն ստեղծելով, թե գնացել են՝ դրսերում նախագահական ՙդաբրոներ՚ ստանալու համար։ Այս տարի կարծես թե մեր ընդդիմադիրները որոշել են այս տեխնոլոգիան չկիրառել։ Համենայն դեպս, քաղաքական թեմաներով արտասահմանյան վոյաժների ականատես չենք լինում։ 
 
Ընդդիմությունը պետք է անկեղծ, բաց ու հասկանալի լինի հանրության համար, ինտրիգների փոխարեն առաջարկի քաղաքական մոդելներ ու գաղափարներ։ Սակայն մեր այսօրվա օպոնենտները հակառակ վարքագիծն են դրսևորում։ Մեր ժողովուրդը շրջահայց է և շատ լավ հասկանում է, որ աննպատակ քաղաքական ուղևորության դուրս եկած ուժերի ցանկությունը միայն ու միայն ռևանշիզմն է՝ առանց հստակ, գաղափարական ծրագրերի։ 
 
Քաղաքական հիվանդություն կա, որ բնորոշ է այսօրվա շատ ընդդիմադիրների. անկախ ամեն ինչից՝ մարդիկ իրենց պատկերացնում են ամենաբարձր պաշտոններում։ Երկրի անվտանգությունը կարելի՞ է կապել այդ մարդկանց հետ, թե՞ չէ, կրթություն, մասնագիտական հմտություններ ունե՞ն, թե՞ ոչ, իրենց կվստահե՞ն, թե՞ չէ, փորձառո՞ւ են, թե՞ ոչ։ Թե-երը շատ են, սակայն այս հարցերը նույնիսկ քննարկման առարկա չեն։ Դրանք անէական մանրուքներ են, կարևորը՝ որ իրենց սեփական անձը պատկերացնում են միայն բարձրագույն դիրքում։ 
 
Հայկական այս մենթալիտետը բնութագրող մի շատ լավ անեկդոտ կա։ Էն որ Հայաստանում ում հարցնում են, թե ով է թագավորը, ասում է՝ ես եմ։ Այս սինդրոմը մտել ու դուրս չի գալիս մեր ընդդիմադիր դաշտից։ Սրա հետևանքն այն սպասողական վիճակն ու երկյուղածությունն է, որ կա ընդդիմադիր ուժերում։ Առավել քան համոզված եմ՝ ընդդիմությունը չի համախմբվի և ոչ մի գաղափարի ու թեկնածուի շուրջ։ Բանակցությունների սեղանին նստողներից յուրաքանչյուրն իրեն պոտենցիալ թագավոր է համարում։ 
 
ԱՄՆ նախագահներից Ռիչարդ Նիքսոնը ասել է՝ քաղաքականության հիմքը նպատակն է։ Արժեր, որպեսզի ՙընդդիմությունը՚ նախ հստակեցներ իր նպատակներն ու անելիքները, նոր միայն մտներ մեծ խաղի մեջ։ 
 
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող,
ՀՀ ԱԺ պատգամավոր
Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play