Անցկացվեց ՙՄենք առանց քեզ…՚ խորագրով համերգային ծրագիրը


Անցկացվեց ՙՄենք առանց քեզ…՚ խորագրով համերգային ծրագիրը

  • 13-12-2012 16:13:11   | Հայաստան  |  Մշակույթ

ՀԿ երիտասարդական կազմակերպությունը և ՙՈչ պետական բուհերի ուսանողական կենտրոն՚ հասարակական կազմակերպությունը դեկտեմբերի 13-ին Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում անցկացրին ՙՄենք առանց քեզ…՚ խորագրով համերգային ծրագիրը։ Մշակութային ծրագրին մասնակցում էին ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի շնորհաշատ ուսանողները։  

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղակավար Կարեն Ավագյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշեց, որ ժամանակին, երբ նոր-նոր ծրագրեր էին կազմակերպվում ոչ պետական բուհերի ուսանողական շարժման անդամների հետ, հավատում էին, որ գալու է օր, երբ շարժումը կայանալու է, և իրականացվող ծրագրերը դառնալու են ավանդույթ։ ՙԺամանակին ցանած մեր սերմերն այսօր պտուղ են տալիս։ Մենք կարող ենք ասել, որ Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնը կայացած կառույց է, ոչ պետական բուհերի ուսանողներն ապացուցել են, որ ցանկացած ոլորտում իրենք կարող են լինել մրցունակ և հաղթական։ Սա այն ձեռքբերումն է, որ մենք ունենք։ Մեր երկրում չպետք է լինի ոչ մի տարբերություն պետական և ոչ պետական բուհերի, ուսանողների միջև։ Մեր երկրում մրցունակ է այն մարդը, ով ունի գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ՚,- նշեց Կարեն Ավագյանը։  
ՙՈչ պետական բուհերի ուսանողական կենտրոն՚ հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Բարսեղյանն ամփոփեց կազմակերպության 2012թ. իրականացրած ծրագրերը՝ նշելով, որ բավականին հագեցած տարի էր։ ՙՏարին մեզ՝ ոչ պետական բուհերի ուսանողներին և ղեկավարներին, ապացուցեց, որ հարկ եղած դեպքում կարող ենք համախմբվել ու քայլել առաջ։ 2013թ. շարունակելու ենք նույն ոգով։ Վստահ եմ, որ մենք բարձր ենք պահելու մասնավոր բուհի ուսանող լինելու կոչումը և հետագայում նույնպես ապացուցելու ենք, որ մրցունակ ենք և ուժեղ՚,- նշեց Արմինե Բարսեղյանը։
ՙՄենք առանց քեզ…՚ համերգային ծրագիրը բաղկացած էր երաժշտական կատարումներից և պարային համարներից: Միջոցառման նպատակն էր հնարավորություն տալ երիտասարդ կատարողներին ներկայանալ հանդիսատեսին, արդյունավետ կազմակերպել ուսանողների արտալսարանային կյանքը, անմիջական կապ ստեղծել տարբեր բուհերի միջև։ 
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
 
Նոյյան տապան  -   Մշակույթ