Բողոքի ալիք՝ կրթօջախի ուսանողության շարքերում


Բողոքի ալիք՝ կրթօջախի ուսանողության շարքերում

  • 17-12-2012 14:38:10   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Նարեկ Առուշանյանի մահից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել նրա կնոջը՝ արվեստի հետ ոչ մի կապ և անգամ պահանջվող մանկավարժական կրթություն չունեցող, մասնագիտությամբ կիբեռնետիկ Աննա Մնացականյանին: ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի № 224-Ն որոշման հիման վրա ՊՈԱԿ-ի ղեկավարը պարտադիր պետք է ունենա համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, տվյալ դեպքում մանկավարժական բարձրագույն կրթություն, որն Աննա Մնացականյանը չունի: Աննա Մնացականյանը չէր համապատասխանում նաև մրցույթի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի պահանջներին. ըստ ՀՀ ԿԳ նախարարի 13.03.2008 թ-ի N 60-Ն հրամանի հավակնորդը պետք է ունենար կրթության ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ (վերջին 10 տարիների ընթացքում), կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ: Սակայն  2012 թ-ի հոկտեմբերի 10-ին հրամանում կատարվել է փոփոխություն` «կրթության ոլորտում» բառերը հանվել են տեքստից և նույն օրը Աննա Մնացականյանը նշանակվել է Թերլեմեզյանի տնօրենի ԺՊ:

Ստեղծված դրությունն արդարացի բողոքի ալիք է բարձրացրել կրթօջախի ուսանողության շարքերում, դասախոսական կազմում, ինչպես նաև արվեստագետների ու արվեստասերների լայն շրջանում:
 
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության ոգին, մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, մենք պահանջում ենք, որ 
քոլեջի տնօրենի ընտրության գործում հարգվեն օրենքի պահանջները, տվյալ պարագայում` տնօրենի բոլոր թեկնածուները համապատասխանեն ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի № 224-Ն որոշման մեջ նշված չափանիշներին:
Քոլեջի ուսանողներն ու դասախոսները, որպես կրթության սուբյեկտներ, որոշիչ ձայն ունենան տնօրենի ընտրության գործում: 
 
Մենք գտնում ենք, որ ս.թ. դեկտեմբերի 14-ին քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի լրացման համար մրցույթն անցել է խախտումներով, մասնավորապես, մրցույթն անցած թեկնածուներից մեկը` քոլեջի տնօրենի ներկայիս պաշտոնակատարը, ընդհանրապես չի համապատասխանում օրենքի պահանջներին: Ավելին, մրցույթում ուսանողներին ու դասախոսներին ներկայացնող մարդիկ չեն արտահայտում քոլեջի ուսանողների ու դասախոսների ընդհանուր կարծիքը` նրանց ընտրությունը տեղի է ունեցել ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավարական ձևով: 
 
Ս.թ. հոկտեմբեր ամսից սկսած` հարյուրավոր ուսանողներ ու տասնյակ դասախոսներ բողոքի ակցիաներ են անցկացրել խնդրի շուրջ, նամակ են հղել Կրթության ու գիտության նախարարին, ստորագրահավաք են կազմակերպել, հանդիպումներ ունեցել: Ի պատասխան մեր արդար պահանջներին, փոխանակ խնդրին օրինական և ժողովրդավարական լուծում տրվելու, ըմբոստացող ուսանողներն ու դասախոսները ճնշումների են ենթարկվում և ահաբեկվում տնօրինության կողմից: 
 
Նախաձեռնող խումբը, հարյուրավոր ուսանողներ ու դասախոսներ, հազարից ավել արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ հետևում են այս գործընթացին: Մինչև դեկտեմբերի 19-ը Կրթության և գիտության նախարարը պետք է կատարի քոլեջի տնօրենի նշանակումը: Հուսով են, որ նախարարը կհարգի ՀՀ Կառավարության որոշումը և օրենքները, քոլեջի ուսանողների ու դասախոսների կարծիքը և անաչառ որոշում կկայացնի քոլեջի տնօրենի նշանակման գործում: Մեզ համար ընդունելի մյուս լուծումը կլինի նոր մրցույթի հայտարարումը, որին կմասնակցեն միայն Կառավարության վերոնշյալ որոշմանը համապատասխանող թեկնածուներ, իսկ մրցութային հանձնաժողովի կազմը կձևավորվի ժողովրդավարական սկզբունքներով` քոլեջի ուսանողների ու դասախոսների ընտրությամբ:
 
Հայտնում ենք, որ մենք հաստատակամ ենք շարունակելու մեր պայքարը` իրավական և քաղաքացիական ճանապարհով մեր պահանջների իրականացմանը հասնելու համար: 
 
 
«Թերլեմեզյան» նախաձեռնություն
Երևան, 16 դեկտեմբերի, 2012թ.
 
 
Հ.Գ. Նախաձեռնության հետագա գործողությունների մասին շուտով կտեղեկացնենք հանրությանը:
 
 
 
Հավելված 1. 
խնդրի և մինչև օրս նախաձեռնության իրականացրած գործողությունների մասին
 
Հայտարարության մեջ նշված հանգամանքներում Նարեկ Առուշանյանի մահից հետո, ս.թ. հոկտեմբերի 10-ին Աննա Մնացականյանը (որպես «ժառանգորդ») նշանակվել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ինչի արդյունքում բողոքի ալիք է բարձրացրել կրթօջախի ուսանողների, դասախոսների, ինչպես նաև արվեստագետների ու արվեստասերների շրջանում:
Դրա դեմ առաջին բողոք-ակցիան տեղի ունեցավ ՀՀ ԿԳ նախարարության առջև 07.11.2012-ին, ուր հավաքվել էին մոտ 30 ուսանող, որոնք նամակ էին բերել նախարարին, որտեղ ձևակերպված էր արվեստագետ և մանկավարժ տնօրեն ունենալու պահանջը: Հավաքը ցրվեց այն չորս դասախոսների կողմից, որոնք սատարում են Աննա Մնացականյանին և որոնցից երկուսը մի քանի օր անց նշանակվեցին փոխտնօրենների պաշտոններում:
 
Ստեղծված իրավիճակում իրար հետևից դիմումներ են ներկայացրել և աշխատանքից հեռացել հավաքարարից ու հաշվապահից մինչև դասախոս ու փոխտնօրեն:
 
Բացի այդ, դասախոսներից մեկը` 32 տարվա հայ ժող. պատմության դասախոս, քոլեջի արհմիության նախագահ Լաուրա Սուքիասյանը Մնացականյանի կողմից մեղադրվեց վերոնշյալ բողոք-ակցիայի կազմակերպման գործում և մեկ օրում, բացարձակ այլ գործողությանը վերաբերող, հետին ամսաթվով թվագրված երկու նկատողություն ստացավ:
 
Ըստ աշխատանքային օրենսգրքի երկու նկատողությունից հետո ղեկավարն իրավունք ունի աշխատակցին հեռացնելու աշխատանքից: Հավանաբար հենց դրա համար են տրվել այդ նկատողությունները: Սակայն այդ ժամանակ նախաձեռնող խումբն արդեն միացել էր դասախոսների և ուսանողների պայքարին: Նրանց օգնությամբ պայմանագիր կնքվեց իրավաբանական ծառայություն մատուցող կազմակերպության հետ և Սուքիասյանը հայցադիմում ներկայացրեց դատարան: Դատական պրոցեսը սկսվեց 14.12.2012-ին:
 
Նախաձեռնող խումբը «Թերլեմեզյանի խնդրի» լուծումները քննարկելու և լրատվամիջոցների թողարկումները ներկայացնելու համար գրանցեց ֆեյսբուքյան էջ` www.facebook.com/terlemezyan: Էջն առաջին տաս օրում հավաքեց 1300-ից ավել like, այժմ like-երն անցել են 2000-ից:
 
Դրանից հետո ՀՀ Նկարիչների միությունում կազմակերպվեց հավաք-քննարկում, որի ընթացքում քննարկվեցին հիմնախնդիրները և «Թերլեմեզյանի խնդրի» վերաբերյալ ներկայացվեց նամակ ուղղված ՀՀ ԿԳ նախարարին: Նամակի տակ ստորագրեցին մոտ 860 հոգի, որոնցից ավելի քան 300-ը` քոլեջի ուսանողներ, ավելի քան 20-ը` քոլեջի դասախոսներ: Մնացած ստորագրողները գեղարվեստի ակադեմիայի ուսանողներ ու դասախոսներ են և տարբեր ոլորտի արվեստագետներ: Հավաքին ներկայացվեց նաև տնօրենի ալտերնատիվ թեկնածու` քոլեջի 22 տարվա դասախոս Դավիթ Դավթյանը, առաջարկվեցին նաև Թերլեմեզյանի խնդրի լուծման և զարգացման ուղիները: Հավաքից հետո կազմակերպվեց մամլո ասուլիս, որի ընթացքում հրապարակվեցին նախաձեռնող խմբի և Դավթյանի որոշումները:
 
Հետագայում բողոքողների քանակը գնալով ավելացավ և քոլեջի ներսում սկսեցին անհանգստացնել ակտիվ ուսանողներին: Բացի այդ Աննա Մնացականյանի կողմից բողոք ներկայացվեց ֆեյսբուքի էջում տեղադրված տեղեկատվության կապակցությամբ: Նախաձեռնող խմբի անդամներին կանչեցին ոստիկանության Շենգավիթի բաժին, իսկ որոշ ուսանողների ու նրանց ծնողներին ահաբեկում էր հենց Աննա Մնացականյանը:
 
Այդ առիթով նկարիչների միությունում կազմակերպվեց հանդիպում քոլեջի դասախոսների և ուսանողների հետ: Որպես հրավեր տպագրվեցին թռուցիկներ և տարածվեցին վերջիններիս շրջանում: Հանդիպման ժամանակ նկարագրվեց իրավիճակը և բոլորին ներկայացվեցին նրանց իրավունքները:
 
14.12.2012-ին, ժամը 12:00-ին սկսվեց Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար կազմակերպված մրցույթը: Աննա Մնացականյանը, չնայած բոլոր բողոքներին և այն հանգամանքին, որ ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի № 224-Ն որոշման հիման վրա առհասարակ իրավունք չուներ հայտ ներկայացնելու, այնուամենայնիվ մասնակցեց մրցույթին: Դրա դեմ քոլեջի առջև սկսվեց բողոք-ակցիա դասախոսների և ուսանողների մասնակցությամբ: 
Քննութան ընթացքում դիմորդներից մեկի՝ Արմեն Հարությունյանի ակնհայտ առավելության պարագայում հանձնաժողովը գործեց կողմնակալ կերպով և անդամներից երեքը դեմ քվեարկեցին Արմեն Հարությունյանին, արդյունքում` մրցույթում ամենալավ ներկայացած դիմորդը՝ Արմեն Հարությունյանը ստացավ 8 ձայն, իսկ Աննա Մնացականյանը` 11:
 
Նախաձեռնության հետագա գործողությունների մասին շուտով կտեղեկացնենք հանրությանը:
 
Հավելված 2. 
դեկտեմբերի 14-ին Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար կազմակերպված մրցույթի մասին
 
14.12.2012-ին, ժամը 12:00-ին սկսվեց Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար կազմակերպված մրցույթը: 
Մրցույթին հայտ էին ներկայացրել նախաձեռնող խմբի կողմից առաջադրված, Թերլեմեզյանի անվան քոլեջի 22 տարվա դասախոս, գեղանկարիչ Դավիթ Դավթյանը, նախկինում Թերլեմեզյանի անվան ուսումնարանի սան, մանկավարժական գիտիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը և ս.թ. հոկտեմբերի 10-ից Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մաթեմատիկոս Աննա Մնացականյանը:
 
Քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը, չնայած բոլոր բողոքներին և այն հանգամանքին, որ ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի № 224-Ն որոշման հիման վրա առհասարակ իրավունք չուներ հայտ ներկայացնելու, այնուամենայնիվ մյուս երկու դիմորդների հետ մասնակցեց մրցույթին: Ըստ վերոնշյալ որոշման ՊՈԱԿ-ի ղեկավարը պարտադիր պետք է ունենա համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, տվյալ դեպքում` մանկավարժական, որն Աննա Մնացականյանը չունի:
 
Դրա դեմ մրցույթի ժամանակ քոլեջի առջև սկսվեց բողոք-ակցիա դասախոսների և ուսանողների մասնակցությամբ: 
 
Գրավոր քննության արդյունքում Արմեն Հարությունյանը հավաքեց հարյուր միավոր, Աննա Մնացականյանը՝ ինսունհինգ, իսկ Դավիթ Դավթյանը`ինսուն: Սակայն բանավոր քննութան ընթացքում, կրկին Արմեն Հարությունյանի ակնհայտ առավելության պարագայում, հանձնաժողովը գործեց կողմնակալ կերպով` հանձնաժողովի անդամներից երեքը դեմ քվեարկեցին պարոն Հարությունյանին, արդյունքում` Արմեն Հարությունյանը ստացավ ութ ձայն, Աննա Մնացականյանը` տասնմեկ, իսկ Դավիթ Դավթյանը առհասարակ չանցավ հաջորդ փուլ ստանալով վեցից պակաս ձայն:
 
Արդյունքում վեց ձայնից ավել ստանալով` մրցույթում հաղթեցին Արմեն Հարությունյանն ու Աննա Մնացականյանը: 
 
ՀՀ ԿԳ նախարարը երեք աշխատանքային օրվա ընթացքում պիտի որոշում կայացնի, թե երկուսից ով է նշանակվելու տնօրեն: Նախաձեռնող խումբը, հարյուրավոր ուսանողներ ու դասախոսներ, հազարից ավել արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ հետևում են այս ընթացքին և հուսով են, որ նախարարը կհարգի ՀՀ կառավարության որոշումը և օրենքները, քոլեջի ուսանողների ու դասախոսների կարծիքը և անաչառ որոշում կկայացնի:
 
Նախաձեռնության հետագա գործողությունների մասին շուտով կտեղեկացնենք հանրությանը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play