ԱՐՏԱՔԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՄԻՏՈՒՄՆԵՐԸ, ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹՎԱՔԱՆԱԿԸ


ԱՐՏԱՔԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՄԻՏՈՒՄՆԵՐԸ, ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹՎԱՔԱՆԱԿԸ

  • 14-01-2013 19:24:54   | Հայաստան  |  Վերլուծություն

 

Հայաստանում արտաքին միգրացիայի թեման վերջին տարիներին ամենից շատ է քննարկվում։ IPSC–ի հարցման համաձայն՝ 2011թ. մարտին Հայաստանի բնակչության 8.2%-ը միգրացիան համարել է կարևոր հիմնախնդիրներից մեկը, իսկ սեպտեմբերին այդ թիվն արդեն 14.6% էր1։ Այսպիսով, միգրացիան իր սրությամբ զգալիորեն առաջ է անցել քննարկվող այլ թեմաներից, ինչպիսիք են կոռուպցիան և մարդու իրավունքները, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտությունը։
 
Ինչպես գնահատել էմիգրացիան
 
Էմիգրացիան գնահատելու համար սկզբում անհրաժեշտ է սահմանել այն։ Բառարանային նշանակությամբ՝ էմիգրացիան երկրից այլ պետություն մշտական բնակության մեկնելն է՝ վերջինի քաղաքացիությունն ստանալու նպատակով2։ Էմիգրացիայի սահմանումների մեծ մասում խոսքն արդեն երկրից էմիգրացվելու ընդունված որոշման մասին է՝ սովի կամ էթնիկ կոնֆլիկտների պատճառով։
 
Սակայն վերջին տարիներին Հայաստանից հեռացածներից շատերը երբեք էմիգրացիայի վերջնական որոշում չեն կայացրել, մանավանդ՝ կապված իրենց քաղաքական համոզմունքների կամ էթնիկ կոնֆլիկտների ազդեցության հետ։ Բայց նրանք հեռացել են, և նրանց զգալի մասն արդեն չի պլանավորում վերադառնալ (բացի իբրև զբոսաշրջիկ այցելությունից, ներառյալ՝ նաև հարազատներին այցելելը)։ Հեռացածներից շատերը գնացել են ուսանելու կամ այցելելու իրենց հարազատներին (1990-ական թթ. հաճախ գնում էին «ձմեռն անցկացնելու»), կամ էլ փող վաստակելու, բայց այդպես էլ չեն վերադարձել Հայաստան։
 
Այսպիսով, գործ ունենք բնակչության արտահոսքի հետ, որը մեծ մասամբ որևէ կերպ չի նշվում։ Եվ իսկապես, չնայած էմիգրացիոն տրամադրությունները բավական լայնորեն տարածված են, «Հայաստանից «դասական» էմիգրանտները շատ չեն։ Նրանց ընդամենը փոքր մասն է պաշտոնապես հրաժարվում հայկական քաղաքացիությունից. 2006թ. զուտ էմիգրացիան (հաշվվում է երկրի սահմաններից դուրս եկածների և երկիր մտածների տարբերությամբ) պաշտոնապես կազմել է 6700 մարդ, 2007-ին՝ 6400, 2008-ին՝ 5800, 2009-ին՝ 3900 և 2010-ին՝ ընդամենը 2400 մարդ3։ Ճիշտ նույն կերպ էլ չի կարելի հենվել փորձագիտական գնահատականների կամ այն թվերի վրա, որոնք ժամանակ առ ժամանակ հնչում են լրատվամիջոցներում, քանի որ դրանք ոչ մի կերպ չեն արտացոլում իրականությունը կամ էլ ի ցույց են դնում սեզոնային միգրացիայով աղավաղված պատկեր։
 
Հիշատակման է արժանի նաև այն փաստը, որ Ռուսաստան մեկնածների միայն փոքր մասն է օգտվել Ռուսաստան համերկրացիների վերադարձի ծրագրից, որը որոշակի արտոնություններ և օգնություն է տրամադրում բնակարանի հարցում։ 1999-ից Ռուսաստանում համերկրացիներ են համարվում այդ թվում և նախկին ԽՍՀՄ բոլոր քաղաքացիները, այսպիսով՝ այդ կարգի մեջ են ընկնում Հայաստանի գրեթե բոլոր բնակիչները։ Սակայն մի քանի տարվա մեջ դրանից օգտվել է ընդամենը մոտ 2 հազար մարդ4, և ծրագիրն ինքն էլ զանգվածային հաջողություն չի ունեցել. դրանից օգտվել է մոտ 34 հազ. մարդ աշխարհի բոլոր երկրներից5, այն դեպքում, երբ, համաձայն ՌԴ Պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալների, միայն 2011թ. զուտ իմիգրացիան միայն Հայաստանից Ռուսաստան կազմել է 31791 մարդ6. այսպիսով, ծրագրից օգտվում է Հայաստանից Ռուսաստան գնացածների ընդամենը մոտ 3%-ը։ Այս թիվը մոտավորապես համապատասխանում է նաև ԱՄՆ էմիգրացիայի համար գրին-քարտ ստացողների թվին7։ 2011թ. գրին-քարտ է շահել Հայաստանի 998 քաղաքացի, իսկ 2010թ.՝ 12688։
 
Բացի նրանից, որ էմիգրացիայի մեծ մասը մնում է չհաշվառված պաշտոնական միգրացիոն ծառայությունների կողմից, գոյություն ունի նաև խիստ զգալի սեզոնային աշխատանքային միգրացիա (այն ևս «ճոճանակաձև» են անվանում)։ ԵԱՀԿ անցկացրած հետազոտությունների համաձայն՝ սեզոնային միգրացիան հասնում է տարեկան 60-80 հազար մարդու9 և հիմնականում ուղղված է դեպի Ռուսաստան։ Աշխատանքային միգրանտները, որպես կանոն, արտագնա ժամանակավոր աշխատանքի են մեկնում գարնանը և վերադառնում տարեվերջին, բայց եթե աշխատանքային միգրանտն արտասահմանում մեկ տարուց ավելի է մնում, ապա վերադառնալու հավանականությունը նվազում է, իսկ եթե նա արտասահմանում ավելի քան 4 տարի է անցկացրել, անգամ եթե հաստատ ընդմիշտ մնալու մտադրություն չունի էլ, այդ հավանականությունն ընդհանրապես նվազագույն է դառնում։
 
Քանի որ անհնար է թվում նման «սողացող» էմիգրացիայի համար կառուցիկ և տարողունակ սահմանում ընտրել, զուտ միգրացիա կհամարենք Հայաստանի հսկիչ-անձնագրային սահմանակետերում գրանցվող ուղևորաշրջանառության սալդոն, այսինքն՝ բոլոր երկիր եկածների և երկրից մեկնածների տարբերությունը մի ինչ-որ ժամանակամիջոցի համար։ Ավելի լավ կլինի այն ստուգել ամեն տարի, յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ։ Սահմանային հաշվառման ամենամսյա տվյալները Հայաստանում մատչելի են արդեն մի քանի տարի և բավական մանրամասն տվյալներ են՝ արտաքին միգրացիայի մասին մեզ պատկերացում տալու համար10։
 
Արտաքին միգրացիայի դինամիկան 2006-2009թթ.։ 
Տնտեսական գործոնը
 
2006 թվականը եզրափակում էր երկնիշ տնտեսական աճի «հնգամյակը» (2002-2006թթ. Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 84%-ով) և բնութագրվում էր ուղևորաշրջանառության դրական սալդոյով, այսինքն՝ երկիր զուտ իմիգրացիայով. 2006թ. Հայաստան է եկել 984 հազ. մարդ, հեռացել 962 հազ. մարդ, այսպիսով՝ Հայաստան է եկել 22 հազար մարդ։
 
Սակայն, դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի արագ աճին զուգընթաց, բնակչության լայն շերտերը, հակառակը, սեփական բարեկեցության վատթարացում զգացին, քանի որ դոլարով գները կրկնապատկվեցին 2004թ. սկզբից մինչև 2007թ. վերջն ընկած ժամանակաշրջանում։ Եվ չնայած 2007թ. շարունակվող ՀՆԱ երկնիշ աճին՝ զուտ իմիգրացիան փոխարինվեց զուտ էմիգրացիայով։ Դոլարով գների թանկացումն անդրադարձավ արտարժույթով եկամուտներ ստացողների՝ աուտսորսինգի սկզբունքով արտասահմանյան կազմակերպությունների հետ աշխատողների վրա (Հայաստանի գրեթե ողջ IT հատվածը), այն կազմակերպությունների վրա, որոնք ֆինանսավորումն ստանում էին արտասահմանից, շինարարական այն ընկերությունների վրա, որոնց հիմնական հաճախորդները սփյուռքահայերն11 էին, և սովորական այն քաղաքացիների վրա, որոնք դրամական տրանսֆերտներ էին ստանում հարազատներից ու աշխատանքային միգրանտներից։ 2007թ. միգրացիոն հոսքը պակասեց 3 հազար մարդով։ Նրանց համար, ովքեր Հայաստանում պահում էին հարազատներին, ավելի շահավետ դարձավ վերջիններին տանել իրենց մոտ՝ նոր բնակության վայրեր։
 
2008թ. բնակչության միգրացիոն արտահոսքը կտրուկ ավելացավ և կազմեց 23.1 հազ. մարդ։ Քանի որ 2008թ. օգոստոսին ռուս-վրացական պատերազմի ժամանակ հարյուրավոր ավտոմեքենաներ հատեցին սահմանն առանց գրանցվելու (վրացական անցակետերը պարզապես չդիմացան երկիրը լքող տուրիստների, փախստականների և օտարերկրացիների թվին, որոնք ժամանակավորապես Հայաստան էին անցնում), այդ թիվն արժե իջեցնել մոտավորապես մինչև 20 հազար երկրից հեռացածների։ Եթե հաշվի առնենք, որ տնտեսական ճգնաժամի հետևանքները բնակչության մեծ մասն զգաց արդեն 2009թ., ապա հարկ է այլ պատճառներ որոնել։ Նախ՝ էմիգրացիան ավելանում էր 2008թ. հենց սկզբից12։ Այս գործոնով էր պայմանավորված էմիգրանտների մոտ 4-5 հազար թիվը։ 2008թ. մարտ-ապրիլին ակնհայտորեն հեռացողների աճող թիվ էր դիտվում. այդ երկու ամիսների ընթացքում երկիրը լքել է 44 հազ. Մարդ13, այդ թվում՝ մոտ 15 հազար մարդու ոչ մի կերպ չի կարելի սեզոնային միգրանտ համարել։ Մի քանի հազար մարդ Հայաստանից հեռացավ նաև 2008թ. օգոստոսին, հնարավոր է՝ ողջ տարածաշրջանում ռուս-վրացական պատերազմի տարածման վախից։ Այսպիսով, 2008թ. էմիգրացիայի ամենանշանակալի գործոնը քաղաքական իրադարձություններն էին։
 
2009թ. միգրացիոն հոսքերի վրա զգալի ազդեցություն ուներ արդեն գլոբալ ճգնաժամը։ Տարեսկզբին Հայաստանից հեռացողների թիվն էականորեն ցածր էր, քան անցած տարիներին։ Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալությունը ենթադրում էր, որ գլոբալ ճգնաժամն առաջ կբերի Հայաստան վերադարձողների հոսք, քանի որ, ինչպես ենթադրվում էր, ճգնաժամը կխորացնի գործազրկությունն արտասահմանում, ինչն առաջին հերթին կազդի միգրանտների վրա և արտասահմանում առանց գոյության միջոցների մնացած Հայաստանի քաղաքացիները կվերադառնան երկիր։ Տարեսկզբին իրոք նման միտում նկատվեց։ Բայց արդեն տարեկեսին, երբ ճգնաժամը հայկական տնտեսության մեջ լրիվ թափով դրսևորվեց, իսկ արտասահմանում արդեն դեպի անկում էր գնում (Հայաստանում ճգնաժամն սկսեց նահանջել միայն 2009թ. նոյեմբերից), իրավիճակը դարձավ սովորականի նման, իսկ գործազրկության աճը Հայաստանում ավելի դժվարացրեց իրավիճակը։ Հայաստանում 2009թ. ընթացքում մոտ 30 հազ. աշխատատեղ փակվեց։ Երիտասարդության (20-24 տարեկանների շրջանում, 2008թ.՝ 49.9%)14 բարձր գործազրկության և ոչ մշտական աշխատատեղերի (որոնց բաժին էր ընկնում վարձու աշխատողների շրջանում կատարված բոլոր կրճատումների 84%-ը15) կրճատման ֆոնին ակնհայտ էր, որ բնակչության որոշ շերտեր, առաջին հերթին՝ երիտասարդությունը, խոցելի դարձան ճգնաժամի պատճառով։ Իրավիճակը բարդանում էր նաև նրանով, ոչ Հայաստանի բնակիչներն ապագա զարգացումից ավելի մեծ սպասելիքներ ունեին. տնտեսական աճի շարունակական շրջանը, որն ընդհատվեց 2008թ. վերջին, քաղաքացիներին բարելավումներ սպասելու էր «վարժեցրել», այնինչ, հակառակը, կտրուկ անկում տեղի ունեցավ (ՀՆԱ 14.1%)։ Արդյունքում՝ 2009թ. ուղևորաշրջանառության բացասական սալդոն կազմեց 25 հազար մարդ։
 
2010-2011թթ. էմիգրացիայի աճի պատճառները
 
2010թ., Հայաստանում տնտեսության լճացման և որոշ շուկաների վերականգնման (առաջին հերթին՝ Ռուսաստանի այն ոլորտների աճի, որտեղ սովորաբար զբաղված են արտագնա աշխատողները Հայաստանից) ֆոնին էմիգրացիան կրկին ավելացավ։ Սկզբում հայտարարվում էր, թե էմիգրացիան կազմել է 30 հազ., բայց ավելի ուշ տվյալները վերանայվեցին, և դրանց համաձայն՝ հեռացածների թիվը գերազանցում էր վերադարձածներին 46.7 հազ. մարդով, միևնույն ժամանակ՝ Հայաստանը լքել էր 57240 քաղաքացի, մեկ տարում երկիր էր եկել 10556 ոչ քաղաքացի։ Ընդ որում՝ այնքան էլ հասկանալի չէ, թե միգրացիայի վերաբերյալ տվյալների սխալը միայն 2010 թվականի համար էր, թե կուտակվել էր նախորդած բոլոր տարիներին. ցավոք, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն այս հաշվով առայժմ բացատրություններ չի տալիս, իսկ Տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալությունը հրաժարվում է մեկնաբանություններ տալ։
 
2011թ., չնայած որոշակի տնտեսական աճին (ՀՆԱ 4.7%), էմիգրացիան շարունակում էր մնալ բարձր մակարդակի վրա, թեև որոշ չափով կրճատվել էր 2010թ. համեմատ։ Ուղևորահոսքի սալդոն կազմել է -43820 մարդ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների մեջ՝ 49126 մարդ։ 2011թ. իմիգրացիան Հայաստան կրճատվել է, ինչպես և էմիգրացիան Հայաստանից, բայց եթե առաջին թիվը կրճատվել է կրկնակի, ապա երկրորդը՝ 14%-ով։
 
Ընդամենը երկու տարվա ընթացքում Հայաստանը լքել են 106,366 քաղաքացիներ, ինչը մոտենում է երկրի բնակչության 4%-ին։ Նույն ժամանակաընթացքում երկիր է եկել մոտ 16 հազար օտարերկրացի (բնակչության 0.55%-ը), այդ թվում՝ Ռուսաստանի՝ 8601, Վրաստանի՝ 3395, Իրանի 2720 քաղաքացիներ։ Մյուս պետությունների քաղաքացիների միգրացիայի հաշվեկշիռը մոտ է զրոյին, իսկ ամերիկացիների համար առհասարակ բացասական է. 2009թ. դեկտեմբերի 31-ին Հայաստանում գտնվող ԱՄՆ 427 քաղաքացիներ Հայաստանից հեռացան 2012թ. սկզբին։ Արժե առանձին անդրադառնալ իմիգրացիայի տվյալներին։ Այն պատկերացումը, թե միգրացիան Հայաստանում մեր երկրի քաղաքացիների արտասահման մեկնելու բացառապես միակողմանի գործընթաց է, ճիշտ չէ։ Վերջին տարիների ընթացքում էմիգրացիայի կողքին մշտապես գոյություն է ունեցել նաև իմիգրացիան, ընդ որում՝ խիստ տարբեր մասշտաբներով. 2002-2008թթ. այն նկատելի էր, այդ թվում՝ 2004-2006թթ. թվապես գերազանցում էր էմիգրացիան։ Լավատեսական եզրահանգումն այն է, որ Հայաստանի՝ որպես բացառապես միգրացիոն հոսքերի դոնոր երկրի կերպարը հեռու է իրականությունից։ Հոռետեսականն այն է, որ էմիգրացիան այս բոլոր տարիներին նույնպես բարձր է եղել, քան այն, ինչ ցույց է տալիս ուղևորահոսքի սալդոն։ Օրինակ, 2010թ. այն սալդոն գերազանցում էր 10.5 հազար մարդով (չհաշված վերադարձողներին, քանի որ նրանք Հայաստանի քաղաքացիներ են)։
 
Տրանսպորտային, քաղաքական և հոգեբանական գործոններ
 
Ո՞րն է վերջին տարիներին Հայաստանից էմիգրացիայի այսքան զգալի աճի հիմնական գործոնը։ 2007 թվականից, ինչպես տեսնում ենք, միգրացիայի ուղղությունները խիստ փոխվել են, և մարդիկ կրկին սկսեցին լքել Հայաստանը, ընդ որում՝ ամեն տարի երկիրը լքողների թիվն ակնհայտ աճի միտում ունի։ 2010-2011թթ. էմիգրացիոն «բում» նկատվեց, որը շարունակվում է նաև այսօր։ Մենք արդեն դիտարկել ենք տնտեսական պատճառները, բայց պետք է նշենք նաև տրանսպորտային գործոնը։ Դիմենք արևելաեվրոպական փորձին։
 
2000թ. սկզբին զգալիորեն հեշտացվեց ԵՄ երկրներ Արևելյան Եվրոպայի երկրների բնակիչների մուտքը։ Արդյունքը դարձավ բուռն միգրացիան։ 2000թ. Լեհաստանից հեռացավ նրա բնակչության մոտ 1.1%-ը կամ 410 հազ. մարդ, այն դեպքում, երբ ինչպես մինչ այդ, այնպես էլ հետո զուտ էմիգրացիան միշտ տատանվում էր տարեկան 20 հազ. մարդու սահմաններում։ Նույն՝ 2000թ. Սլովակիան լքեց ավելի քան 20 հազ. մարդ, այն դեպքում, երբ մնացած բոլոր տարիներին նրա միգրացիոն հաշվեկշիռը դրական է եղել։ 1999-2000թթ. Խորվաթիայից հեռացել է 75 հազար մարդ, թեև այս երկիրն էլ հետագա բոլոր տարիներին դրական միգրացիոն հաշվեկշիռ է ունեցել։ 2001թ. Բուլղարիայից հեռացել է 214 հազար մարդ, ավելին, քան երկիր է եկել, այսպիսով՝ մեկ տարում երկրից հեռացել է բնակչության մոտ 2.7%-ը։ Նույն 2001թ. Ռումինիայից զուտ էմիգրացիան կազմել է 558 հազ., իսկ Չեխիայից՝ 43 հազ. մարդ։ Շարունակական էմիգրացիան ողջ ԵՄ-ում բնութագրական է միայն Լատվիայի և Լիտվայի համար16, որոնք զգալի նմանություններ ունեն Հայաստանի հետ ինչպես հեռացողների տեսակարար բաժնի, այնպես էլ էմիգրացիայի հիմնական ալիքների ժամանակագրության առումով17։
 
Չնայած արտաքին քաղաքական իրավիճակը լուրջ փոփոխությունների չի ենթարկվել, կարելի է, սակայն, առանձնացնել 2010թ. տեղի ունեցած իրադարձություններից մեկը. 2010թ. մարտին աշխատանքը վերսկսեց Ռուսաստանի և Վրաստանի սահմանի Վերին Լարս անցակետը, և Հայաստանի քաղաքացիները կարողացան առանց խոչընդոտների Ռուսաստան գնալ-գալ։ Ի տարբերություն նախորդ տարիների, երբ այս անցակետը կրկին աշխատում էր (1990-ականներին և մինչև 2000-ական թթ. կեսերը), այժմ Վրաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիներն անվտանգության մեջ էին, և արագ սկսեց գործել տրանսպորտային ենթակառուցվածքը. հիմա ամեն օր բազմաթիվ ավտոբուսային ուղերթներ են կատարվում դեպի Ռուսաստանի հարավի շատ քաղաքներ, ինչպես նաև Մոսկվա, իսկ 2011 թվականից կանոնավոր ուղերթներ են կատարվում նաև դեպի Ուկրաինա։ Ակնհայտ է ավիատրանսպորտի հետ գների տարբերությունը, որն անհասանելի էր շատ միգրանտների համար։ Ուղևորաշրջանառության վիճակագրությունը նույնպես հաստատում է դա. 2009թ. մեքենաներով ուղևորափոխադրումների սալդոն կազմել է +1572 մարդ, 2010-ին՝ -5795, 2011-ին՝ -19337 մարդ։
 
Այսպիսով, Հայաստանի քաղաքացիներն իրենց համար «կրկին բացեցին» Ռուսաստանն ու Ուկրաինան՝ որպես միգրացիայի ուղղություն։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանում ավելի վաղ Հայաստանից բավական թվով էմիգրանտներ են հաստատվել, կարելի է համարել, որ միգրացիան ձնագնդի նման մեծանում է, քանի որ արտասահմանում ազգականների առկայությունը բարձրացնում է նոր երկրում էմիգրանտի հաստատվելու շանսերը18։ CRRC-ի հարցման համաձայն՝ 2008թ. հարցվածների 55%-ը հայտարարել է, թե իրենց ընտանիքի անդամը գտնվում է արտասահմանում, հետագայում այդ թիվը մեծացել է և 2011-ի վերջին հասել 68%-ի19։
 
Վերը ցույց տրվեց, որ 2008թ. հեռացածների զգալի մասը կարող էր էմիգրացիայի որոշում կայացնել այդ թվում նաև քաղաքական գործոնի ազդեցության տակ (նույնը կարող է վերաբերել նաև 1999-2000թթ.), մանավանդ որ, համաձայն CRRC-ի 2011թ. անցկացրած հարցումների, հեռանալ ցանկացողների թիվն աճում է քաղաքական համակարգի հանդեպ վստահության անկմանը զուգընթաց։ Այսօր էմիգրացիայի վրա այս գործոնի ազդեցությունը ստուգելու համար կարող ենք համեմատել 2007 և 2012թթ. խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ անցկացված սոցհարցումների տվյալները։ Այսպես, 2012թ. հունիսին բնակչության 50%-ը կարծում էր, որ երկիրը շարժվում է ոչ ճիշտ ուղղությամբ, իսկ 70%-ը կարծում էր, որ խորհրդարանական ընտրություններն անարդար են անցկացվել20։ 2007թ. հուլիսին իրավիճակը քիչ բանով էր տարբերվում. հարցվածների 68%-ը կարծում էր, որ ընտրություններն անարդար են անցել, իսկ 54%-ը կարծում էր, որ երկիրը ոչ ճիշտ ուղիով է ընթանում21։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ քաղաքական ֆոնը և դրա զգացողությունը երկրում այնքան էլ չեն տարբերվում 2007 թվականից, իսկ 2008թ. հետընտրական իրադարձությունները մնացել են անցյալում։
 
Անդրադառնանք նաև հոգեբանական գործոնին։ Հայաստանում, տրանսպորտային մեկուսացման պատճառով, դեռևս տարածված է մնում խորհրդային ժամանակների կարծրատիպն այն մասին, որ արտասահմանյան երկրներում կենսամակարդակը զգալիորեն բարձր է, քան Հայաստանում։ Վերջին տարիներին այդ կարծրատիպը տարածվել է նաև Վրաստանում, այնինչ Հայաստանի և Վրաստանի տնտեսական զարգացման մակարդակը 2011թ. մոտավորապես նույնն է։ Համապատասխանաբար, Հայաստանում շատ տարածված են էմիգրացիոն տրամադրությունները։ Այսպես, CRRC-ի Կովկասյան բարոմետրի համաձայն՝ 2008թ. արտասահմանում մշտական բնակություն հաստատելու ցանկություն է հայտնել բնակչության 20%-ը, 2009-ին՝ 25, իսկ 2010-ին՝ 29%-ը։ 2011թ. այդ մակարդակն իջել է մինչև 25%, սակայն, միևնույն է, գերազանցել է Վրաստանի (8%) և Ադրբեջանի (21%) համապատասխան ցուցանիշը։ Միևնույն ժամանակ, ունևորների մեջ էմիգրացիոն տրամադրություններն ավելի խորն են, քան սակավ ունևորների մեջ, այդ տրամադրություններն առավել տարածված են մայրաքաղաք Երևանում։
 
Եվ այսպես, Հայաստանի անկախության տարիներին էմիգրացիայի երեք ալիք է նկատվել. առաջին ալիքը պայմանավորված էր ԽՍՀՄ փլուզմամբ, ղարաբաղյան պատերազմով և շրջափակմամբ։ 1991-1994թթ. մոտ 550 հազար մարդ է հեռացել։ Երկրորդ ալիքը քիչ է ուսումնասիրված։ Երրորդ ալիքը, որը հիմա էլ տեսնում ենք, սկսվել է 2008թ. և թեև պակաս զանգվածային է, քան 1991-2001թթ. և շատ ավելի պակաս, քան 1991-1994թթ., բայց Հայաստանը լքողների թիվը մեծ է։
 
Եթե ամփոփենք վերջին 5 տարիների բոլոր հասանելի տվյալները, ապա զուտ էմիգրացիան կազմել է 140 հազար մարդ, ընդ որում՝ բուն էմիգրացիան պետք է գտնվի 190-200 հազարի սահմանում, իսկ իմիգրացիան պետք է կազմի 50-60 հազար մարդ (մոտավոր գնահատական, քանի որ համեմատաբար հանգամանալի տվյալները հասանելի են միայն 2010 թվականից)։
 
1 Отношения с Турцией и внутриполитическая напряженность волнуют граждан Армении меньше всего. ИА «Регнум», 14 окт. 2011. http://regnum.ru/news/fd-abroad/armenia/1455971.html
 
2 Տե՛ս http://www.socioline.ru.
 
3 Տե՛ս Статистический ежегодник Армении, 2011, стр. 45. НСС РА. Ереван, 2011. 
Արտաքին միգրացիայի վերաբերյալ պաշտոնական տվյալներն արտացոլում են քաղա-քացիությունից հրաժարվածների և այն ստացածների տարբերությունը, ուստի լրիվ չեն, քանի որ քաղաքացիությունից հրաժարվելը չի նշանակում հեռանալ և կապված է այլ երկրի քաղաքացիություն ստանալու հետ, իսկ Հայաստանի քաղաքացիություն ստանալն, օրինակ, Վրաստանի հայերի կողմից չի երաշխավորում նրանց բնակությունը Հայաստանում և օգտագործվում է առանց խոչընդոտների Ռուսաստան մեկնելու համար։
 
4 Марианна Григорян. Армения: Российская программа переселения соотечественников вызывает обеспокоенность в связи с оттоком населения. 30 мар. 2011 г. http://eurasianet.org
 
5 Քանի որ ներկա պահին ամբողջական տվյալներ չկան, կարելի է հաշվել. իմիգրացիան դեպի Կալինինգրադի մարզ կազմել է համերկրացիների վերադարձի ծրագրով ողջ իմի-գրացիայի մոտ 40%-ը՝ թվապես կազմելով 13.500 մարդ, այսպիսով՝ ընդհանուր թիվը կազմում է մոտ 34 հազ., http://mifis.ru/materials/?ID=4849
 
6 Социально-экономическое положение России - январь 2012 года / Демография http://www.gks.ru/bgd/regl/b12_01/IssWWW.exe/Stg/d01/4-0.htm
 
7 По оценке сотрудников ФМС в Армении. Տե՛ս http://mifis.ru/forum/index.php?PAGE_NAME=message&FID=-3&TID=454&MID=11439#message11439
 
8 Diversity Visa Lottery-2011 http://greencardservice.org/catalog/en/diversity-visa-lottery-2011-dv-2011-statistical-breakdown-results.html (eng).
 
9 Տե՛ս Лилит Ованисян. В Армении усиливается контроль над миграционными потоками. 3 мая 2009г., Кавказский Узел.
 
10 Տե՛ս ՀՀ Տարածքային կառավարման նախարարության պետական միգրացիոն ծառայության կայքը, http://smsmta.am.
 
11 Շինարարությունը 2007թ. տնտեսության ամենից արագ աճող ճյուղն էր։ Դրամական փոխանցումներ Հայաստանում, 2009-2010թթ. դրությամբ, համաձայն Gallup-ի հարցման, ստանում էր բնակչության 13%-ը։ Տե՛ս Three Percent Worldwide Get International Remittances 
http://www.gallup.com/poll/147446/Three-Percent-Worldwide-International-Remittances.-aspx#2
 
12 2007թ. հունվար-փետրվարին ուղևորափոխադրումների բացասական սալդոն Հայաստանի սահմաններին կազմել է 11 հազ. մարդ, 2008թ. նույն ժամանակաշրջանում՝ 16 հազ. մարդ, իսկ 2009-ին՝ 9 հազ.։
 
13 2007թ. նույն ժամանակաշրջանի համար այդ թիվը կազմել է 30 հազ., իսկ 2009-ին՝ 19 հազ. մարդ։
 
14 Աշխատանքի շուկայի ցուցանիշները/Հայաստանի սոցիալ-տնտեսական դրությունը 2009թ. հունվար-դեկտեմբերին։ Տե՛ս http://www.armstat.am/file/article/sv_12_09r_141.pdf
 
15 Նույն տեղում, էջ 79։
 
16 Տե՛ս Crude rate of net migration plus adjustment, Eurostat. 17 Հայաստանի, ինչպես և նշված երկրների համար նախկինում էմիգրացիայի երեք հիմնական ալիք է դիտվել. 1992-1994, 1999-2001թթ. և 2010-ից մինչև ներկա պահը։
 
18 Տե՛ս Poll Finds 39% of Armenians Wish to Leave Armenia Permanently http://www.armenianweekly.com/2010/08/10/poll-finds-39-of-armenians-wish-to-leave-armenia-permanently/, 
Տե՛ս նաև http://www.gallup.com/poll/141746/million-cis-migrate-temporarily-work-study.aspx 
In countries where residents are among the most likely to want to migrate permanently, the percentage of respondents who say they have people outside their own countries whom they rely on is also higher. A majority of Moldovans (54%) and about a third of Armenians (32%) and Belarusians (30%) say they have relatives or friends living in another country whom they can count on for help.
 
19 Տե՛ս Кавказский барометр 2008, Кавказский барометр 2011.
 
20 http://regnum.ru/news/1557719.html
 
21 Armenian National Study, December 1 – 9, 2007 / IRI
 
Հրանտ Միքայելյան 
Կովկասի ինստիտուտի փորձագետ
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play