Նորընտիր պաշտպանը հավատում է, որ «կաթիլը քար է ծակում»
02-03-2011 17:52:32 | Հայաստան | Իրավունք
ՀՀ մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Կարեն Անդրեասյանի
հայտարարությունը լրատվամիջոցների համար
«Մի մեծ իդեալիստ գրել է, որ մարդիկ ծնվում են հավասար իրավունքներով: Հետո հազարավորները ցինիզմով ու խորափաթանցությամբ քննադատել են ասվածը: Ոմանք էլ ոչ պակաս ջանասիրությամբ փորձել են իրականություն դարձնել այն: Պարադոքս է, սակայն եւ վերջիններս` իրենց վճռական հավատով, եւ նրանք, ովքեր անխնա քննադատում էին, նպաստեցին, որ այս գաղափարը թեպետ դանդաղորեն, բայց ամրանա մարդկանց եւ ժողովուրդների գիտակցության մեջ:
Որպես իրավաբան` մարդկանց հավասարությունն օրենքի առաջ ինձ համար միշտ եղել է կարեւորագույն սկզբունք, որովհետեւ գիտեմ, որ այն իրավագիտության հիմքն է:
Որպես պրակտիկ մարդ` ես էլ գիտեմ, որ սա ամենադժվար իրականացվող նորմերից է:
Որպես իրատես` չեմ կասկածում, որ այս առաքելությունն իրականացնելիս ավելի հաճախ դառնում են քննադատության թիրախ, քան արժանանում հիացմունքի:
Բայց որպես լավատես` ես հավատում եմ, որ «կաթիլը քար է ծակում»:
Եվ վերջապես որպես հումանիստ` ես լրիվ համաձայն եմ մեկ այլ իդեալիստի հետ, ով ասել է. «Ոչ ոք քեզ չի պարտադրում փոխել աշխարհն ու ավելի լավը դարձնել այն, բայց եւ ոչ ոք քեզ չի ազատել այդ գործին մասնակցելուց»:
Իմ գործունեության մեջ ես առաջնորդվելու եմ հետեւյալ սկզբունքով. դոմինանտը ոչ թե գործն է որպես արդյունք, այլ գործի հետեւում կանգնած կոնկրետ մարդը, որովհետեւ առանձին մարդկանց հաղթանակների գումարը հաճախ ավելին է, քան բոլորի միջեւ բաժանված մեկ հաղթանակը:
Ինչպիսին կլինի իմ գործը, ցույց կտա ժամանակը, որը ես ուզում եմ արդյունավետ օգտագործել: Հենց այդ պատճառով էլ ես որոշել եմ օգտվել հրապարակային ելույթներից ժամանակավորապես հրաժարվելու հնարավորությունից, բայց ընդունված 100-օրյա ժամկետի փոխարեն կսահմանափակվեմ 50 օրով: Կարծում եմ` կարող եմ ինձ նման բան թույլ տալ, քանի որ ոլորտն ինձ բավական հայտնի է, իսկ կոնկրետ գործերի ուսումնասիրության համար կօգտագործեմ լռության այս ընթացքը: Ես գիտեմ, որ «կոնկրետություն» վերացական գոյականի հետեւում կոնկրետ մարդիկ են, որոնց համար սպասման յուրաքանչյուր օրը ժամկետ է, իսկ ես ուզում եմ ոչ թե երկարացնել, այլ կրճատել այդ ժամկետը:
Շնորհակալ եմ նրանց, ում իմ ընտրվելն անտարբեր չթողեց: Նրանց, ովքեր բացասաբար արձագանքելով դրան` ինձ առիթ տվեցին եւս մեկ անգամ վելուծել անցյալի իմ արարքները եւ եզրակացություններ անել ապագայի համար: Շնորհակալ եմ նաեւ նրանց, ովքեր իրենց դրական վերաբերմունքով ամրացրին հավատս իմ նկատմամբ եւ ցանկությունը` լինել առավելագույնս արդյունավետ իմ այս պաշտոնում»:
Մարտ, 2011
Երեւան