Շահան Գանտահարյան. Աքրամ Այլիսլին համարձակ քայլի է դիմել


Շահան Գանտահարյան. Աքրամ Այլիսլին համարձակ քայլի է դիմել

  • 13-02-2013 14:32:16   | Լիբանան  |  Վերլուծություն

 

Արցախի բնակչությունից ներողություն խնդրելու ադրբեջանական կոչը առայժմ իբրեւ սոսկ լրատվություն է շրջագայում  հայկական լրատվադաշտում: Ադրբեջանական կողմը անշուշտ բիրտ հակազդողի դիրքերի վրա է:
Այլախոհ եւ հալածյալ գրողի հռչակ ունեցող Աքրամ Այլիսլին համարձակ քայլի է դիմել: Խնդիրը այս պարագային «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության եւ նման մտայնության հակազդեցությունը չէ: Հարցը առնչվում է պետության վերաբերմունքին, որն ակնարկում է այլախոհ ադրբեջանցին: Թուրքական «ներողություններից» հետո այժմ ադրբեջանական «ներողության» այս հազվագյուտ նմուշը ընդհանրանալու շատ տեղ եւ ենթահող չունի անշուշտ: 
Բնական է, որ հայկական կողմը պիտի վերապահություն ցույց տար, ավելի ճիշտ` լուրը առանց խանդավառ մեկնաբանության պիտի հրապարակեր: Հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման երկկողմ ձայները մերթ ընդ մերթ լսվում էին (ու կլսվեն): Այս մեկը թուրքական այլախոհության հետեւողությամբ մեկ քայլ այն կողմ է:
Դեռ վաղ է անշուշտ այս հարցի մեջ ներադրբեջանական ճեղքեր, հակասություններ նկատելը: Այսուհանդերձ պետք չէ անտեսել ամենայն հավանականությամբ եզակի այս երեւույթը, որի բուն շարժառիթները պարզաբանելու համար մինչև այժմ պակասում էին փաստերն ու տվյալները:
Ենթակային վիպագիր լինելը, առաջացած տարիքը եւ արտահայտած տեսակետները նկատի ունենալով` ինքնուրույն երեւալու, առանձնանալու եւ ուշադրություն գրավելու փորձերը կարելի է տեսնել ընդհանուր տրամաբանության մեջ:
Պետք է արձանագրել միաժամանակ, որ Այլիսլին սուր կերպով քննադատել է Բաքվի իշխանություններին հայատյացության սերմանման եւ կացնահարման քաղաքականության համար` մերժելով հայերը պատմական թշնամի դավանելու Ադրբեջանի պաշտոնական կեցվածքը:
Հետաքրքրական երեւույթ է այն, որ «հաշտարար» վեպը գրված է 2006-2007-ին, հրապարակված «Սաֆարով» գործողության առաջացրած աղմուկից հետո: Դրա հրապարակումից ամիսներ հետո է միայն, որ աղմուկ կբարձրանա, պարզ այն պատճառով, որ վիպագիրը ադրբեջանցիներից պահանջում է ներողություն խնդրել արցախահայությունից:
Վեպի, հաշտարարության և ժողովուրդների միջեւ հարաբերությունների բնականոնացման շուրջ ստեղծված աղմուկին հետևեց «ներողությունը», որն ընդվզման մեծ ալիք առաջացրեց:
Վերապահությունը հայկական կողմից օրինաչափ է: Պետք չէ անտեսել սակայն, որ ադրբեջանական «ներողությունը» Սումգայիթի ջարդի տարելիցի նշման օրերի նախօրյակին կարող է հաղթաթուղթի դեր ծառայել` միջազգային հանրության ուշադրությունը եղեռնագործության վրա հրավիրելու մեր աշխատանքների ընթացքում:
Ավելին ակնկալելը այս հանգրվանին, թվում է, որ իրատեսական չէ:
 
Շահան Գանտահարյան 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play