Հանդիպում վիրահայ օտարալեզու ստեղծագործողների հետ՝ «Հայարտուն» մշակույթի կենտրոնում
18-02-2013 13:36:09 | Վրաստան | Մշակույթ
«Օտարալեզու, բայց ոչ օտար հայ ստեղծագործողներ» - այսպես էր կոչվում Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում փետրվարի 16-ին կայացած գրական երեկոն, որի նախաձեռնողը եւ կազմակերպիչը Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունն էր «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աջակցությամբ:
Բացելով երեկոն, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը ներկայացրեց այն ստեղծագործողներին, ովքեր թեև օտարագիր են, սակայն ոգով հայ են,նրանց մտածելակերպը հայկական է, ստեղծագործությունների ակունքը, թեման և գաղափարը ազգային: Նա ներկայացրեց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամներ ռուսերեն ստեղծագործող Մարինա Կիրակոսյան-Մոսեսովային, Միքայել Անանովին, Արտեմ Գրիգորենցին (Կիրակոզով) և վրացագիր Գարի Ղալամքարովին:
«Կամուրջ» գրական մշակութային հասարակական կազմակերպության նախագահ, բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը հանգամանալից բանախոսելով բոլոր օտարագիր ստեղծագործողների մասին, կարևորեց նրանց գրչի ինքնատիպությունը, թբիլիսյան կոլորիտի հյութեղ նկարագրությունը, հայկական շնչով տոգորված հարուստ և խոհական գրական աշխարհը: Անահիտ Բոստանջյանը բարձր գնահատեց օտարագիր գրողների ստեղծագործությունների հայերեն թարգմանության գործի առաջընթացը, արժևորելով հայտնի բանաստեղծ Արա Արթյանի փայլուն թարգմանությամբ Մարինա Կիրակոսյան-Մոսեսովայի բանաստեղծությունների հայերեն հրատարակությունը: Նա ընթերցեց նաև այս ստեղծագործողների գործերից կատարած իր թարգմանությունները:
Այնուհետև վերոնշյալ ստեղծագործողները հանդես եկան իրենց գործերի ընթերցմամբ:
Առանձնահատուկ ջերմությամբ ընդունվեց Միխայիլ Անանովի «Մաշտոցի երկրում» բանաստեղծության ընթերցումը նրա 7-ամյա դստեր՝ Աննայի կողմից:
Երեկոյի ընթացքում բանաստեղծների ստեղծագործություններից նմուշներ ընթերցեցին Սուրբ Եղիա Մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի (ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյան) սաները և թիվ 104 դպրոցի աշակերտները:
Վերջում Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը վրացերեն ստեղծագործող Գարի Ղալամքարովին հանձնեց «Վերնատուն» միության անդամատոմսը:
Երեկոն ուղեկցվեց Կարեն Միրզոյանի դաշնամուրային նվագով և համեմված էր Աննա Պողոսովայի և Ռուբեն Ոսկանյանի կատարմամբ երգերով:
Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է նաև https://www.facebook.com/media/set/?set=a.334860143297471.77787.113192792130875 հասցեով: