Դերենիկ Մելիքյան. Թուրքական լարախաղաց խորամանկությունն ակներեւ է


Դերենիկ Մելիքյան. Թուրքական լարախաղաց խորամանկությունն ակներեւ է

  • 20-02-2013 11:28:08   | Իրան  |  Վերլուծություն

 

Վերջին օրերին հերթական անգամ ականատեսն ենք Թուրքիայի նէոօսմանիզմով յղփացած արտգործնախարար Դաւութօղլուի հիստերիկ բարբաջանքներին: Իսկ Թուրքիայի նէոօսմանիզմի արդի դոկտրինայում գրեթէ հաւասարապէս պատուհասի դեր է վերապահւած թէ՛ Հայաստանին, եւ թէ՛ Իրանի Իսլ. Հանրապետութեանը. առաջնի դէպքում՝ պատմա-քաղաքական, իսկ երկրորդի՝ որպէս պատմա-կրօնական (շիա-սուննի հակադրութիւն) երեւոյթներ: Թուրքական այդ դոկտրինան, սակայն, լայն ճեղքւածքներ կրեց սիրիական ծանրակշիռ պատնէշում, ուստիեւ՝ Թուրքիան փորձում է մէկ կողմից հակաիրան դիրք ընդունել՝ վերջնիս սիրիամէտութիւնը ալաւիական (շիա) Ասադին հովանաւորելու ընդմիջից, իսկ միւս կողմից - ինչքան էլ տւեալ դէպքում զարմանալի - հակահայաստան հիստերիա ցուցաբերել եւ Դաւութօղլուի միջոցով յայտարարել, որ. «Չի կարելի թոյլ տալ երկրորդ Ղարաբաղ՝ Սիրիայում»...
Որտեղից՝ որտեղ, բայց թուրքական լարախաղաց խորամանկութիւնն ակներեւ է...:
Ո՞ւր են, սակայն, Իրանի ու Հայաստանի համարժէք պատասխանները: Եթէ Իրանի կողմից օրերս ի դէմս խորհրդարանի խօսնակ Լարիջանիի՝ թուրք պաշտօնակցին ուղղւած Սիրիայի խնդրով նոր յորդորներ հնչեցին, բայցեւայնպէս՝ Իրանը կարելի է ասել՝ առհասարակ սխալ մարտավարութիւն է ընտրել, երբ Սիրիայի տագնապին բանակցային լուծում տալու որպէս տարբերակ՝ որդեգրում է Իրան-Եգիպտոս-Թուրքիա ձեւաչափը: Չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ թուրքական տարածաշրջանային գաղափարա-քաղաքական նոր գործընկեր է համարւում «Էխւանօլմոսլեմին» սուննիական խմբակցութեամբ համալրւած մուրսիական Եգիպտոսը...
Իսկ հէնց օրերս էր, որ երեք երկրների արտգործնախարարների միջեւ սիրիական թեմայով հեռախօսազրոյցից անմիջապէս յետոյ, Դաւութօղլուն թուրքական մեջլիսի Թուրքիա-Եւրոմիութիւն աջակցութեան խորհրդարանական յանձնաժողովի նիստում պարզաբանումներ տալով եռակողմ հեռախօսային քննարկումների վերաբերեալ՝ ասել է. «Չի յաջողւել համաձայնութեան գալ Իրանի հետ, թէ ինչ ձեւաչափով եւ ում հետ պէտք է իրականացնել ընդդիմութիւն-իշխանութիւն երկխօսութիւնը Սիրիայում..., ու աւելացրել... սակայն պէտք է բացառել բանակցութիւնները նրանց հետ, ում ձեռքերն արիւնոտ են...»:
Հայաստանի կողմից, սակայն, ոչ միայն նւազագոյն, գէթ դիւանագիտական երկրորդ դէմքերի մակարդակով պատասխան չի տրւում, այլեւ հակառակը՝ ականատես ենք դառնում դիւանագիտական պարտւողական մի հերթական քայլի՝ Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ-ական փոխխօսնակ Հ. Նաղդալեանի կողմից, երբ վերջինս Երեւան այցելած թուրք լրագրողներին պատգամում էր, թէ «Դեռեւս ՀՀ Ազգային ժողովի օրակարգի վրայ են Թուրքիա-Հայաստան յարաբերութիւնների զոյգ պրոտոկոլները... Եւ սպասում ենք Թուրքիայի համապատասխան քայլին...»:
Դեռ լաւ է, որ գոնէ օրերս ՄԱԿ-ում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ եւ լիազօր դեսպան Կարէն Նազարեանը Խոջալուի յերիւրանքների վերաբերեալ թուրք-ադրբեջանական համատեղ քարոզչութիւնների դէմ աշխուժութիւն է ցուցաբերում...:
 
«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր 
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն