Հայաստանի վեբ տարածքի խոցելիությունը մեծ է. Իգոր Մկրտումյան


Հայաստանի վեբ տարածքի խոցելիությունը մեծ է. Իգոր Մկրտումյան

  • 23-02-2013 19:22:50   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունն (ԻՀ ՀԿ) ամփոփեց 2010-2012 թվականների կատարած աշխատանքը: Ընդհանուր հաշվետվությունը  ներկայացվեց փետրվարի 23-ին կայացած համաժողովի ընթացքում, որին մասնակցում էին ԻՀ ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը, գործադիր տնօրեն Արման Ներսիսյանը, 4 փոխնախագահները եւ վարչության մի շարք անդամներ:

ԻՀ հասարակական կազմակերպությունը, որ հիմնադրվել է 1995թ.-ին, այժմ ունի 120 անդամ: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում երկու հիմնական ոլորտներում` Հայաստանում ինտերնետի զարգացման ծրագրերի իրականացում եւ Հայաստանի դոմենի կառավարում:

Իգոր Մկրտումյանը ներկայացրեց կազմակերպության անցած ճանապարհի եւ վերջին տարիների գրանցած հաջողությունները: «Մենք որդեգրել ենք բազմամասնակից մոտեցում հայաստանյան դոմենի կառավարման նկատմամբ: Նպատակ կա նաեւ օժանդակել Համահայկական Ինտերնետ կառավարման ֆորումի կազմակերպմանը (IGF)»,- ասաց նա:

ԻՀ ՀԿ նախագահի խոսքերով` ինտերնետ հանրությունը սատարում է ինտերնետի հիմնական արժեքները` թափանցիկությունը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը համացանցում եւ այլն: Նա նաեւ ցավալի համարեց այն փաստը, որ Հայաստանի վեբ տարածքն այժմ խոցելի է, եւ շատ կայքեր տուժում են հատկապես ադրբեջանական հարձակումներից:

Նշվեց, որ Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը բազմաշահառու կազմակերպություն է, որ համագործակցում է ՀՀ նախագահի գրասենյակի, անվտանգության ծառաայության, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միության հետ: Համագործակցության շրջանակները չեն եզրափակվում հայաստանյան ընկերություններով. ակտիվ համագործակցություն կա նաեւ ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ: ICANN միջազգային կազմակերպությունը հայաստանյան ռեգիստրի վերադասն է, իսկ ԻՀ ՀԿ-ն անդամակցում է ceNSO-ին, Alac-ին, Ցentr եվրոպական ազգային դոմենների կառավարման միությանը: Այս համագործակցությունների արդյունքում հայ մասնագետներն ու ձեռնարկատերերը հաճախ մասնակցում են միջազգային ֆորումների, քննարկումների, որտեղ հստակորեն ներկայացնում են Հայաստանի դիրքորոշումը համացանցի հետ կապված մի շարք խնդիրների վերաբերյալ:

ԻՀ ՀԿ-ն ֆինանսավորել է եւ շարունակում է ֆինանսավորել Հայաստանում համացանցի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի, այդ թվում` միջազգային հեռաբժշկության եւ էլեկտրոնային առղջապահության կոնֆերանսին, ARMIX կենտրոնին, Հայաստանի գիտաուսումնական ցանցի IP6 հասցեագրման անցնելու ծրագրին, Հայաստանի հանրային գրադարանի տեքստերի թվայնացման ծրագրին, ArmNet 2011-2012 կոնֆերանսներին եւ այլն: ԻՀՀԿ-ն սերտորեն համագործակցում է նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հետ: Վերոհիշյալ նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը «Նոյյան Տապանի» հետ զրույցում նշեց, որ նպատակ կա այս եւ մյուս տարում ավելացնել համակարգիչներով ինտերնետի օգտվողների քանակը: Սա ենթադրում է, որ ՀՀ բնակչության 45%-ին համակարգչի միջոցով հասանելի կլինի համացանցը:

Համաժողովի մասնակիցները հաշխարհային ինտերնետի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիր են համարում ինտերնետի կառավարումը: Ըստ մասնագետների` համաշխարհային հանրությունը բաժանված է երկու բեւեռի. Մի մասը կողմ է ազատ եւ անսահմանափակ ինտերնետին, իսկ մյուս մասն էլ կարծում է, որ համացանցի կառավարում այնուամենայնիվ պիտի լինի: Հայաստանն այս հարցում ունի հստակ դիրքորոշում` ինտերնետը եղել է եւ պիտի մնա ազատ հարթակ հաղորդակցվելու եւ արտահայտվելու համար, իհարկե առանց մարդու իրավունքների ոտնահարման եւ ուրիշի ազատության սահմանափակման:

 

 

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ