Հայաստանի ազգային գրադարանը թվայնացնում է իր ողջ ֆոնդը


Հայաստանի ազգային գրադարանը թվայնացնում է իր ողջ ֆոնդը

  • 12-03-2013 13:04:29   | Հայաստան  |  Մշակույթ

 

Հայաստանի ազգային գրադարանը թվայնացնում է իր ողջ ֆոնդը: Գործընթացը շատ բարդ և ծավալուն է: 2011 թվականից առ այսօր գրադարանը թվայնացրել է 550-ից ավելի գիրք: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային գրադարանի գրադարանային տեխնոլոգիաների զարգացման և շտեմարանների լեզվաբանական ապահովման գիտահետազոտական կենտրոնի բաժնի վարիչ Նունե Սամվելյանը: «Առջևում դեռևս 6.5 միլիոն քանակությամբ ֆոնդ (նույն գրքից մի քանի օրինակ, ամսագրեր, քարտեզներ և այլն) կա, ինչի թվայնացումը տարիների աշխատանք է պահանջում: Սակայն կարևոր է, որ հիմքը դրված է և ճիշտ սկզբունքով է շարունակվում»,-պարզաբանեց Սամվելյանը: Նա չի անհանգստանում, որ գրադարան այցելող ընթերցողների թիվը կարող է պակասել, քանզի գրքի հետ շփումն այլ հաճույք է: Թվային տարբերակից օգտվողների թիվը ևս մեծ է, բազմաթիվ դրական արձագանքներ են հնչել՝ հատկապես սփյուռքահայերից: «Մեկ տարվա ընթացքում 300-ից ավելի գիրք է թվայնացվում: Գրքի յուրաքանչյուր էջը թվայնացնելու համար պահանջվում է մոտ 20 րոպե: Թվային գրադարան ստեղծելու աշխատանքներում առաջնությունը տրվել է 1512-1800 թվականներին ստեղծված հայ հնատիպ գրքին: Թվային տարբերակը կօգնի ընթերցողներին ավելի արագ օգտվել օրվա ցանկացած ժամին: Շտեմարանները համացանցում ազատ են, անվճար և շուրջօրյա, յուրաքանչյուր ընթերցողկարող է ազատ ներբեռնել ցանկացած գիրք»,-ասաց Սամվելյանը:
 
Հատուկ ուշադրություն է դարձվում հայագիտական գրականության թվայնացմանը: 1512-1920թթ շտեմարաններում տեղադրված թվայնացված գրքերը մոտ 1100 անուն են:  Աշխատանքները կատարվում են ամեն օր, իսկ թվայնացման աշխատանքներում աշխատակիցների թիվը համալրվում է: «Աշխատում ենք չվնասել գիրքը թվայնացման ընթացքում, բարեխղճորեն մշակում ենք տարբեր ծրագրերով, լրացնում համապատասխան մատենագիտական տվյալներ և ամբողջական գիրքը ներկայացնում ենք համացանցում ընթերցողներին: Այդ աշխատանքները կերկարեցնեն գրքերի կյանքը և երկար ժամանակ կծառայեն ընթերցողներին»,-նշեց Նունե Սամվելյանը:
 
Գրադարանը բաց է ամեն օր և օրական շուրջ 900 ընթերցող է այցելում: Թվայնացման աշխատանքները սկսվել են դեռևս 2011թ-ից, բայց տեխնիկական հագեցվածությունը թույլ չի տվել այն տեղադրել համացանցում: Գիտությունների ազգային ակադեմիայի ֆունդամենտալ գրադարանի կողմից սկսած թվայնացման աշխատանքները, շտեմարանների ստեղծումը թույլ են տվել միանալ այդ աշխատանքներին և օգտվել իրենց կուտակիչներից, կատարած աշխատանքը համացանցում ընթերցողներին տրամադրելու համար: ՀՀ մշակույթի նախարարության կողմից 2012 թվականին գրադարանը վերազինվել է նոր տեխնիկայով և աշխատանքներն ավելի են ընդլայնվել: 
Նոյյան տապան  -   Մշակույթ