Ջրազրկվել է Մարցիգետը, իսկ շրջապատի բնությանը զգալի վնաս է հասցվել (Տեսանյութ)


Ջրազրկվել է Մարցիգետը, իսկ շրջապատի բնությանը զգալի վնաս է հասցվել (Տեսանյութ)

  • 21-03-2013 16:34:14   |   |  Հասարակություն


 

Համահայկական Բնապահպանական Ճակատի (ՀԲՃ) դիմումը ՀՀ բնապապահպանության նախարար Արամ Հարությունյանին.
 
            Ս.թ մարտի 12-ին ՀՀ Լոռու մարզի Մարցի գյուղապետարանում տեղի ունեցան «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ: Լսումների տեսագրությունը դիտելիս (http://www.youtube.com/watch?v=pcXdFEUfc5g) պարզ դարձավ, որ լսումներին ներկա Մարց գյուղի բնակիչները միանշանակ դեմ են այս նախագծին, ինչը հիմնավորում էին արդեն գործող «Մարցիգետ-2» ՓՀԷԿ-ի շինարարության և շահագործման հետևանքով առաջացած խնդիրներով: Ըստ գյուղացիների, փաստորեն ջրազրկվել է Մարցիգետը, իսկ շրջապատի բնությանը զգալի վնաս է հասցվել: Համացանցում փնտրելով տեղեկատվություն այս մասին, մենք գտանք տեսագրություն և հոդված Hetq.am կայքում, որտեղ պարզորոշ երևում է, թե ինչպես է կառուցվել և շահագործվում այս ՓՀԷԿ-ը: Ըստ հոդվածի հեղինակի «Մարցիգետ-2» ՓՀԷԿ-ը կառուցել և շահագործում է «Արգիշտի 1» ՍՊԸ-ն: Ուսումնասիրելով տեսագրությունը (http://www.youtube.com/watch?v=Fp7ya2yoZm4&feature=player_embedded) և հոդվածը (http://hetq.am/arm/news/14319/mets-pashtonyaneri-poqr-hekery-video.html)՝ առաջարկում ենք.
1. Ներկայացված փաստերի հիման վրա ստուգել տվյալ ընկերությունը և պարզաբանել, թե ինչու՞ ձկնուղին չի գործել և չի պահպանվել գետի էկոլոգիական թողքը՝ փաստացի ամբողջովին ջրազրկելով Մարց գետը 5.8 կմ երկարությամբ: Արդյունքների մասին տեղյակ պահել հանրությանը՝ ներկայացնելով նաև ստուգման արդյունքներով ընդունված որոշման պատճեն:
2. Գնահատել շրջակա միջավայրին, գետի կենսաբազմազանությանը և էկոհամակարգին հասցված վնասը:
3. Պարզել շինարարության ժամանակ ծառահատումներ եղել են, թե՞ ոչ, և արդյո՞ք դրանց մասին նշված եղել է նախագծային փաստաթղթերում:
4. Տրամադրել մեզ, կամ տեղադրել նախարարության կայքում, «Մարցիգետ-2» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերը, ՇՄԱԳ-ը, հանրային լսումների արձանագրությունները, մասնագիտական և փորձագիտական կարծիքները, բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը և մնացած բոլոր փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել այդ եզրակացության տրամադրման համար:
 
Համահայկական Բնապահպանական Ճակատ (ՀԲՃ)
 
21.03.2013
 
Նոյյան տապան  -   Հասարակություն