Բաց նամակ Ռուբեն Հայրապետյանին. «Հեռացեք կամ կատարեք կտրուկ փոփոխություններ»


Բաց նամակ Ռուբեն Հայրապետյանին. «Հեռացեք կամ կատարեք կտրուկ փոփոխություններ»

  • 29-03-2013 14:04:43   | Հայաստան  |  Սպորտ

 

«Ա1+»-ը էլեկտրոնային փոստովս ստացել է այս նամակը՝ ուղղված ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին։
 
Այն խորագրված է «Հեռացեք կամ կատարեք կտրուկ փոփոխություններ»։
 
Մեր առաջնությունը տարեց տարի զիջում է իր դիրքերը: Մեղմ ասած մեռնում է և Եվրոպայում ամենաթույլն է: Մարզերում խայտառակ վիճակ է տիրում: Մեր ժողովուրդը ֆուտբոլի կարոտ է: Ունենք չունենք մի ազգային հավաքական ունենք, այն էլ շատ քիչ խաղեր է անցկացնում, չենք օգտագործում մեզ տրված ընկերական հանդիպումները, էլ խոսք չկա երիտասարդների և պատանիների մասին: Մենք ընկերական խաղերի թվով զիջում ենք գրեթե բոլորին:
 
Տարրական հարգանք չկա երկպագուների հանդեպ, ովքեր չեն կարողանում հեռուստատեսությամբ դիտել հավաքականի բոլոր խաղերը:
 
Իսկ կարևորագույն խաղերը բավական ցածր որակով են եթեր հեռարձակվում: Ամեն անգամ նման խաղերին կրկնվում է նույն խայտառակ իրավիճակը, երբ բազմաթիվ երկպագուներ, որոնցից շատերը ժամանում են հեռավոր մարզերից, տոմսերը ձեռքին հայտնվում են ոստիկանության հրմշտոցի մեջ և մնում ստադոնից դուրս: Ո՞վ պետք է վերջապես պատասխան տա: Ռուսաստանի խաղից հետո անցավ ժամանակը բայց դասեր չքաղեցինք:
 
Շատ չքննարկելով բոլոր առկա խնդիրները, անդրադառնանք մեր ազգային հավաքականի անփառունակ ելույթներին: Ունենալով այդքան ուժեղ լեգիոներներ, ովքեր Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնության առաջատարներն են, մենք չունենք ԹԻՄ: Ինչո՞վ կբացատրեք դա: Մեր կարծիքով մեր հավաքականին պետք է փորձառու և ուժեղ մարզիչ, որից սովորելու բան կունենա ներկա մարզիչը:
 
Վարդան Մինասյանը իր հարցազրույցներում նշում է, որ մենք նպատակ չունենք Բրազիլիա մեկնելու, մեր նպատակն է թիմի խաղը բարելավելը: Եթե ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, խմբում երկրորդ տեղի համար չպայքարելու հանգամանքը, ապա ոչ մի կերպ չի երևում թե ինչպես է պարոն Մինասյանը բարելավել մեր թիմի խաղը: Դեռ ավելին, թիմի խաղը նահանջ է ապրում: Դրանում կարելի է համոզվել նայելով մի քանի փաստերի. անցած մրցափուլում Եվրոպայի ամենաարդյունավետ հավաքականներից մեկը, այս մրցափուլում խփել է ընդամենը 2 գոլ, որոնցից մեկը գաճաճ Մալթայի դարպասը: Խնդիրներ կան նաև ֆիզիկական պատրաստվածության հետ:
 
Մինչև ե՞րբ պետք է մեր մարզիչը այսպիսի անհաջող փորձեր ձեռնարկի թիմի խաղը բարելավելու համար: Կարելի է ասել, որ նա չի կատարում իր առջև դրված նպատակը: Կարծում ենք, որ մեր ֆուտբոլիստներն ընդունակ են ավելիին, քան վերջին 3 խաղերում պարտվել ընդհանուր 7-1 հաշվով:
 
Հարգելով վերջինիս, գտնում ենք, որ նա չի կարողանում այս պահին ղեկավարել և մարզել մեր տղաներին: Տվեք նրան հնարավորություն կատարելագործվելու: Տվեք մեզ հնարավորություն, վայելելու մեր սիրած սպորտաձևը: Հրավիրեք բարձրակարգ մարզիչի, ինչու չէ հայազգի, կատարեք կտրուկ փոփոխություններ, իսկ եթե հնարավոր չէ, ապա լքեք ձեր պաշտոնը:
 
Նամակը պատրաստվել և ստորագրվել է 100 երկրպագուների կողմից։
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play