Արմեն Գեւորգյանն ծանոթացել է Ազատի, Ապարանի եւ Մարմարիկի ջրամբարների ընդհանուր վիճակին


Արմեն Գեւորգյանն ծանոթացել է Ազատի, Ապարանի եւ Մարմարիկի ջրամբարների ընդհանուր վիճակին

  • 17-04-2013 18:23:05   | Արագածոտնի մարզ  |  Տնտեսություն

Ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացավ Ազատի, Ապարանի եւ Մարմարիկի ջրամբարների ընդհանուր վիճակին, ջրակուտակման ծավալներին: Տեղերում պատասխանատուների հետ քննարկվեցին նաեւ ջրամբարների սպասարկման եւ տեխնիկական շահագործման հետ կապված հարցեր:

Ապարանի ջրամբարում, որի ընդհանուր ծավալը 91 մլն խմ է, ներկայումս կուտակվել է 43,5 մլն խմ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 35,7 մլն խմ-ի դիմաց: 70 մլն խմ ընդհանուր ծավալով Ազատի ջրամբարում կուտակվել է  37,3 մլն խմ` նախորդ տարվա 41,8 մլն խմ-ի դիմաց: 
Նշվեց, որ  հաշվի առնելով եղանակային պայմանները, թե Ազատի, թե Ապարանի  ջրամբարները լցնող հալոցքային հոսքերը դեռ սպասվում են: Ըստ պատասխանատուների` ակնկալվում է, որ առաջիկա մեկ ամսում ջրամբարներում կուտակված ջրի ծավալներն էապես կավելանան:
Անցած տարի շահագործման հանձնված 24 մլն խմ ընդհանուր տարողությամբ Մարմարիկի ջրամբարն այս տարի եւս փորձարկման փուլում կգտնվի: Շահագործման տեխնիկական պահանջների համաձայն` նորակառույց ջրամբարները ողջ ծավալով ջուր կարող են  կուտակել միայն շահագործումից հետո երրորդ տարվա ընթացքում, իսկ մինչ այդ լցվում են որոշակի ծավալով` պատվարի ամրությունն ստուգելու նպատակով: Զեկուցվեց, որ ներկայումս կուտակված է մոտ 6 մլն խմ, այս տարի, ըստ տեխնիկական չափանիշների, ջրամբարը կարող է լցվել միայն ընդհանուր ծավալի  2/3-ի չափով:
Այցի ավարտին Ա. Գեւորգյանը Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքում ծանոթացավ  անասնաբուծությամբ զբաղվող «Ագրոմիքս» ընկերության կարողություններին: Ընկերության ղեկավարները ներկայացրին ստեղծված  հնարավորությունները, զարգացման ծրագրերը` նշելով, որ հիմնական ուղղությունն անասնաբուծության, մասնավորապես, ոչխարաբուծության զարգացումն է եւ արտահանումը: Ինչպես կենդանի ոչխարի, այնպես էլ մսամթերքի արտահանման համար ընկերությունը  հեռանկարային է համարում  արաբական երկրների շուկան: ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննարկվեցին արտահանման հետ կապված հարցեր: Ա. Գեւորգյանը հավաստիացրեց, որ արաբական երկրների հետ միջկառավարական հանձնաժողովների գործունեության շրջանակում կառավարությունն աջակցություն կցուցաբերի արտահանման ծրագրերի իրականացմանը:  
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play