Յաննի.«Երաժշտական գործունեությամբ զբաղվելու ամենալավ հնարավորությունը ճամփորդելն է ամբողջ աշխարհում»


Յաննի.«Երաժշտական գործունեությամբ զբաղվելու ամենալավ հնարավորությունը ճամփորդելն է ամբողջ աշխարհում»

  • 21-04-2013 00:00:28   | Հայաստան  |  Մշակույթ

Ապրիլի 20-ին եւ 21-ին  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ  աշխարհահռչակ դաշնակահար Յաննիի  Քրիսոմալիսի համերգը։ Ինչպես եւ նա խոստացել էր, համերգն իսկապես լի էր անակնկալներով. հնչեցին հանրությանը հայտնի եւ նոր ստեղծագործություններ։ «Ես շատ ուրախ եմ, որ նորից Հայաստանում  եմ  եւ տեսնում եմ  հայ հանդիսատեսին։ Ինչպես եւ խոստացել էի, վերադարձա։ Օդանավակայանից սկսած՝ մեզ շատ լավ դիմավորեցին»,- ասաց Յաննին։

Յուրաքանչյուր ստեղծագործություն կատարելուց առաջ նա անդրադառնում էր դրանց ստեղծման պառմությանը: «Երաժշտական գործունեությամբ զբաղվելու ամենալավ հնարավորությունը ճամփորդելն է ամբողջ աշխարհում: Հիշում եմ, մեկ տարի առաջ ներկայանում էինք Չինաստանում, մի քանի շաբաթ էինք այնտեղ, մեզ համար մեծ փորձառություն էր, չինացիները ինձ արժանացրին պանդա արջուկ որդեգրելու պատվին։ Շատ հուզիչ էր, քանի որ  դա արվում էր ազգերին պատվելու համար, ոչ անհատներին։  Հետո նրանք ցանկացան, որ ընտրեմ անունը, որոշեցի նրան անվանել Սանտորինի, որը նշանակում է սուրբ, իսկ իրինիո՝ խաղաղություն, Սանտորինիո է կոչվում Հունաստանի ամենագեղեցիկ կղզիներից մեկը։ Այսպես մեր ընտանիքում ավելացավ մեկ գեղեցիկ պանդա»,- ասաց նա։
 Համերգի ընթացքում Յաննի նվագախմբի անդամները եւս հետաքրքիր անակնկալներ մատուցեցին հայ հանդիսատեսին. հարվածային գործիքներ կատարողը ներկայացել էր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկով, իսկ ջութակահար Սամվել Երվինյանը հատուկ անակնկալ էր պատրաստել. նա հայկական պարեղանակ նվագեց ջութակով։
Համերգի ավարտին Յաննին կիսվեց հայ հանդիսատեսի հետ իր մտորումներով։ «Հիշում եմ, մի քանի տարի առաջ տիեզերքի մասին հաղորդում էի դիտում. տիեզերագնացը պամում էր,  թե երկիրը ինչի է նման վերեւից։  Նա ասում էր, թե նայում են Երկրին վերեւից, դժվար էր առանձնացնել պետություններն իրարից։ Ես երազում եմ, որ մենք վերջապես հասկանանք, որ բոլորս ապրում ենք մի կախարդական վայրում, որը կոչվում է Երկիր, եւ ինչ էլ որ մենք անում ենք Երկրին, անդրադառնում է մեզ»։ Մինչ վերջին ստեղծագործությունը՝  «Մի մարդու երազը» կատարելը, Յաննին խոստոացավ վերադառնալ «մյուս, մյուս եւ այն մյուս տարի»:
Նոյյան տապան  -   Մշակույթ