Ճարտարագիտական կրթության հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում


Ճարտարագիտական կրթության հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում

  • 22-04-2013 17:41:19   | Սյունիքի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ապրիլի 20-21-ը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ “Ճարտարագիտական կրթություն. ընդհանուր և տարածաշրջանային հիմնախնդիրներ և լուծումներ” երկօրյա գիտաժողովը՝ նվիրված ՀՊՃՀ հիմնադրման 80 ամյակին:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Էդուարդ Ղազարյանը և Վանիկ Զաքարյանը, որոնց ներկայությունն առավել ընդգծեց գիտաժողովին ներկայացված զեկույցների կարևորությունն ու արդիականությունը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Սյունիքում գործող երկու հանքարդյունաբերական ձեռնարկությունների` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունների ներկայացուցիչներ:
ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր Արա Ավետիսյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին, նշեց, որ ներկայումս բարձրագույն մասնագիտական կրթությունը նոր փուլ է թևակոխում, և Հայաստանը գնում է գիտահենք տնտեսության կառուցման ճանապարհով: “Նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսությունը չի կարող գործել առանց ճարտարագիտական կրթության, քանի որ ճարտարագիտական կրթությունն է նորարարական տնտեսական զարգացման կարևոր բաղադրիչը և շարժիչ ուժը”,-ասաց ՀՊՃՀ ռեկտորը:
Կապանի մասնաճյուղի տնօրեն, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանի խոսքով` նման գիտական ներկայացուցչական կազմով միջոցառում երբևէ չի անցկացվել մասնաճյուղում: Նրա բնորոշմամբ` ներկայումս ճարտարագիտական կրթության առջև լուրջ մարտահրավերներ կան, և ճարտարագետ-մասնագետներ պատրաստելու խնդիրը ոչ միայն հրատապ է Երևանում, այլև տարածաշրջանային մասնաճյուղերում: “Կապանի մասնաճյուղում, ինչպես մյուս տեխնիկական հաստատություններում, լաբորատոր հագեցվածության, որակյալ կրթության անդադար կատարելագործման խնդիր կա: Սրընթաց տեմպերով զարգացող տեխնոլոգիաները բարձրագույն ճարտարագիտական կրթություն մատուցող հաստատություններին ստիպում են կանգ չառնել ձեռք բերածի վրա: Եվ այս գիտաժողովը, որին մասնակցեցին ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, մասնաճյուղի դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև` արտադրության կազմակերպիչներ, միտված էր կրթության կազմակերպման նոր ուղիների որոնմանը, առկա մասնագիտությունների բովանդակային և մեթոդական բաղադրիչների վերանայմանը, տարածաշրջանային հարցերի քննարկմանը և այլն”,-ընդգծել է Լ. Պետրոսյանը:
Երկու օրերի ընթացքում քննարկվեցին ճարտարագիտական կրթության արդի վիճակը, մարտահրավերներն ու հիմնախնդիրները, “մաթեմատիկա” և “ֆիզիկա” գիտությունների դրվածքը ճարտարագիտական բուհում, ճարտարագիտական հետազոտությունների կազմակերպման մեխանիզմներն ու աշխատանքները ՀՊՃՀ մասնաճյուղերում, հանքարդյունաբերական տնտեսության խնդիրները և դրանում Կապանի մասնաճյուղի` որպես ոլորտին կադրերով “սնող“ հաստատության դերակատարումը, ինչպես նաև “բուհ-արդյունաբերություն” համագործակցության ձևաչափը` կրթություն-աշխատաշուկա համագործակցության համատեքստում:
Գիտաժողովի արդյունքներն ամփոփելիս` հնչեցված բոլոր առաջարկների վերաբերյալ կազմկոմիտեի կողմից ՀՊՃՀ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ, որոնք, բուհի ռեկտորատի ու գիտական խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, կներդրվեն ճարտարագիտական համալսարանի կրթական գործընթացում:
 
ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ
կապերի և տեղեկատվության բաժին
Վերոնիկա Խորասանյան
Տերյան 105, ք. Երևան, ՀՀ
(+374 10) 56 79 68,
(+374 77) 46 26 06
prg@seua.am
www.seua.am
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play