ՀՀ կառավարություն.Կանոնակարգվում է էլեկտրոնային կրիչների առևտուրը


ՀՀ կառավարություն.Կանոնակարգվում է էլեկտրոնային կրիչների առևտուրը

  • 25-04-2013 13:44:32   | Հայաստան  |  Տնտեսություն

Հիմք ընդունելով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքը` կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ` ի հայտ եկած դժվարությունները վերացնելու և տարընթերցումները հստակեցնելու նպատակով։ Տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է տրվում իրացնել մինչև 2012 թ. նոյեմբերի 15-ը Հայաստան ներմուծված կամ Հայաստանում արտադրված, սակայն չդրոշմավորված և չիրացված կրիչները։ Հարցի քննարկման ժամանակ ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի այն մտավախության, որ տնտեսվարողներին այս անգամ ընդառաջելուց  հետո, որպեսզի նրանք վաճառեն պահեստներում կուտակված կրիչները, նույն հարցը չի՞ առաջանա արդյոք մեկ տարի անց, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ արդարադատության նախարարների պաշտոնակատարները, ինչպես նաև ՊԵԿ նախագահը հավաստիացրել են, որ առաջարկվող որոշման նախագծում հաշվի են առնված հնարավոր հետևանքները։ Ըստ վարչապետի դիտարկման մարդիկ նախապատվությունը տալիս են հազար դրամով անօրինական կրիչ` խտասկավառակ գնելուն, երբ օրինականը 5-6 անգամ ավելի թանկ է։ Այնուամենայնիվ, կառավարությունն ընդունել է պաշտոնյաների հավաստիացումը, իսկ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է երեք ամսից կրկին անդրադառնալ հարցին։

ՀՀ կառավարությունը թույլատրել է «ԱՄԱ կոմպրեսոր» համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2013 թ. դեկտեմբերի 8-ը։ Ընկերությունը 2012 թ. ընթացքում մեկ տարի ժամկետով ՀՀ մաքսային տարածք է ներմուծել գազի երկու կոմպրեսոր, էլեկտրական երկու շարժիչ և կոմպրեսորային յուղ։ Տեխնիկական որոշ ցուցանիշների փոփոխության պատճառով տեղում արտադրվող սարքավորումների ժամկետը փոխվել է, ուստի անհրաժեշտություն է առաջացել վեց ամսով հետաձգելու նաև մաքսային ռեժիմի ժամկետը։ Որոշման ընդունմամբ ոչ միայն կստեղծվի վերամշակված արտադրանքի արտահանման հնարավորություն, այլև կկայունանա ընկերության ֆինանսական վիճակը, կպահպանվեն ստեղծված աշխատատեղերը։
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք վերաբերում են գանգատարկման խորհրդի ստեղծմանը և վերադաս հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովների որոշումների քննարկմանը։ Ի պատասխան վարչապետի հարցի` ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը և ՊԵԿ նախագահը դրական են գնահատել երեք տարուց էլ պակաս ժամանակում հանձնաժողների գործունեությունը։
Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում։ Սահմանվել է, որ սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների, փրկարար ծառայության ծառայողների համար նախատեսված առողջության ապահովագրության բազային փաթեթի ապահովագրավճարի չափով գումարների հանրագումարը տրամադրվում է ՀՀ առողջապահության նախարարությանը` նշված շահառուների և նրանց ընտանիքի անմիջական անդամների համար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորում իրականացնելու նպատակով։
Կառավարության որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարությանը համակարգչային նոր ծրագրերի ձեռքբերման նպատակով հատկացվել է 17 մլն դրամ։ Նոր ծրագրերի օգնությամբ իրականացվելու են նոր ծառայություններ, հսկիչ գների սահմանում և հսկողություն, բյուջետային փոխանցումների վերահսկում, գանձապետական հաշիվների միասնական տեղեկատուների ստեղծում և կատարելագործում և այլն։
Կառավարությունը սահմանել է ռադիոակտիվ հոսքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման կարգը, որի համաձայն կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, կկարգավորվեն գործընթացի հետ կապված  հարաբերությունները։
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, ՀՀ կառավարությունը Երևանի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող Չափագիտության ազգային ինստիտուտի շենքի տանիքի նորոգման, ջեռուցման և ներքին հարդարման աշխատանքների համար իր պահուստային ֆոնդից հատկացրել է ավելի քան 343 մլն դրամ։ Սահմանվել է, որ այդ աշխատանքների, ինչպես նաև Շիրակի մարզի Մեծ Մանթաշի դպրոցի հիմնանորոգման, տեխնիկական, հեղինակային հսկողության ծառայություններն իրականացվելու են բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն