ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և գործընկերները տոնում են ՄԱԿ-ում ֆրանսերեն լեզվի օրը
25-04-2013 15:36:35 | Հայաստան | Միջազգային
Դպրոցականները, ուսանողները, պաշտոնական անձինք, դիվանագետներն ու լրագրողներն այսօր իմացան ավելին ֆրանսերեն լեզվի օգտագործման մասին Հայաստանում ֆրանսերենի օրվան նվիրված միջոցառման ժամանակ:
Միջոցառման նպատակն է նպաստել ՄԱԿ-ում լեզվկական և մշակութային բազմազանությանը: Միջոցառումը նաև նշեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ամսվա ավարտը: Բացի այն, որ ֆրանսերենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկն է, այն նաև ՄԱԿ-ի Քարտուղարության երկու աշխատանքային լեզուներից մեկն է: Ֆրանսերենով խոսում են բոլոր մայրցամաքներում, ինչով այն կարևոր դեր է խաղում ՄԱԿ-ի խոսքն աշխարհով մեկ տարածելու գործում:
Միջոցառումը համատեղ կազմակերպվել է Երևանի Միսակ Մանուշյանի անվան թիվ 48, Ստեփան Զորհանի անվան թիվ 56 և Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցների, Ֆրանսիայի դեսպանատան կողմից՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության և Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության հովանու ներքո: Ավելի քան հարյուր երեխաներ նշված դպրոցներից մասնակցեցին ներկայացումներին՝ նպաստելով ֆրանսերեն լեզվի տարածմանը:
Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչն ասաց. «Ես ուրախ եմ այսքան շատ երիտասարդ ու վառ մարդկանց տեսնել այսօր հանդիսատեսի մեջ: Շատ կարևոր է, որ հայերը ֆրանսերեն են սովորում, որը նրանց կօգնի բացել սահմանները և ավելին իմանալ աշխարհի մասին, ինչպես նաև դառնալ աշխարհի քաղաքացիներ: Կարծում եմ` խիստ կարևոր է հիշել, որ մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ լեզուները, որոնցով խոսում ենք, կարդում կամ գրում, ազդում են մեր մտածելակերպի և գործողությունների վրա»:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հատուկ ձևավորված հավաստագրեր հանձնեց վերոնշյալ դպրոցների ղեկավարություններին և քաղաքապետարանի իր գործընկերներին:
Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: Սկսած 2010թ. ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրեր». մի նախաձեռնություն, որը միտում ունի տոնելու լեզվային և մշակութային բազմազանությունը: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը նույնպես ծրագրել է 2013թ. ընթացքում միջոցառումներ նվիրել ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներին: