«Իրանահայոց հանրագիտարան» գրքի շնորհանդէսը կատարւեց
04-05-2013 14:35:47 | Իրան | Նոր գրքեր
Մայիսի 3-ին, Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդէսի շրջագծում, Իսլ. մշակոյթի եւ կապի կազմակերպութեան նախաձեռնութեամբ եւ Կովկասի լեզւի ու մշակոյթի կենտրոնի կողմից տեղի ունեցաւ թարգմանիչ, լրագրող Ժանետ Լազարեանի «Իրանահայոց հանրագիտարան»-ի պարսկերէնից հայերէնի թարգմանւած գրքի շնորհանդէսը:
Միջոցառման սկզբում պատասխանատուներից դոկտ. Բահման Աքբարին կարեւորութեամբ անդրադարձաւ պարսկերէն լեզւով հրատարակւող նման գրքերին, որոնք իրանահայութեանը Իրանի ժողովրդին է՛լ աւելի լաւ ծանօթացնելու լաւագոյն միջոցներից են:
Տկն. Լազարեանը խօսելով թարգմանութեան մասին՝ նշեց. «Գիրքը երկու անգամ պարսկերէնով հրատարակւել է Թեհրանում՝ իւրաքանչիւր անգամ երկու հազար տպաքանակով, բայց Հայաստանում Ժորժ Աբրահամեանի միջոցով հայերէնի թարգմանւած գիրքը ՀՀ մշակոյթի նախարարութեան կողմից հրատարակւել է 400 օրինակով եւ Իրանական մշակոյթի կենտրոնի կողմից եւս՝ 400 տպաքանակով: Թէեւ տպաքանակը քիչ է, բայց շատ ուրախ եմ հայերէն թարգմանութեան համար, քանզի այս գիրքը ընթերցողին հնարաւորութիւն կընձեռի՝ ծանօթանալու իրանահայ համայնքի կարկառուն դէմքերի կատարած աշխատանքներին:
Գրքի շնորհանդէսը կատարւեց Իրանի Հայ Աւետարանական Եկեղեցու հոգեւոր հովիւ Վեր. Սերգէյ Շահվերդեանի եւ պատկան պատասխանատուների միջոցով: