Ղարաբաղյան հարցով պետք է մշակել մինիմալիստական սկզբունքով<br /> կողմերի միջեւ համաձայնեցված կետերով փաստաթուղթ<br />


Ղարաբաղյան հարցով պետք է մշակել մինիմալիստական սկզբունքով
կողմերի միջեւ համաձայնեցված կետերով փաստաթուղթ

  • 11-02-2011 20:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում անհրաժեշտ է մշակել որեւէ բազային փաստաթուղթ «մինիմալիստական սկզբունքով», որում նշված կլինեն կողմերի միջեւ համաձայնեցված կետերն ու դրույթները: Փետրվարի 11-ի ասուլիսում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը: Այդ առումով նա կարեւորեց Աստրախանի հանդիպումից հետո զոհերի ու գերիների փոխանակման մասին ձեռք բերված համաձայնությունը եւ կողմերի առաջարկները` դիպուկահարների ետքաշման ու ուժի չկիրառման մասին: «Չնայած մենք հիշում ենք, որ ադրբեջանական կողմը վերջին կետի նկատմամբ ցուցաբերել է մերժողական վերաբերմունք»,- նկատեց քաղաքագետը: Ա.Մարկարովը դրական է համարում, որ «գործընթացում առկա է միջազգային ներգրավվածություն, բանակցությունների որոշակի թեմա, եւ կարճաժամկետ հեռանկարում կողմերն ունեն ցանկություն ու քաղաքական կամք` պահպանել այս բանակցային ֆորմատը, որն իր հերթին պետք է բերի որոշակի արդյունքի: Դրական է նաեւ այն, որ կողմերը գոնե այս պահին չեն պատրաստվում ռազմական գործողությունների: Իսկ բացասական կողմն, ըստ քաղաքագետի, այն է որ «մենք այնքան էլ տեղյակ չենք բանակցությունների մանրամասներին»: Այդ մասին է, ըստ նրա, վկայում այն, որ ո'չ Երեւանում, ո'չ էլ Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն պատասխանել լրագրողների հարցերին, չնայած նախատեսվում էր հայտարարություն` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո:
Նոյյան տապան  -   Քաղաքական