«Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնն այս տարի ստացել է շուրջ 1200 հայտ` աշխարհի 94 երկրից


«Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնն այս տարի ստացել է շուրջ 1200 հայտ` աշխարհի 94 երկրից

  • 24-05-2013 17:54:28   | Հայաստան  |  Մշակույթ

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 10-րդ կինոփառատոնը այս տարի կայանալու է  հուլիսի 7-ից 14-ը: Ինչպես մայիսի 24-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը,  փառատոնն իր գոյության ընթացքում դարձել է լուրջ և կայացած միջոցառումներից մեկը, որը ճանաչում են նաև ՀՀ սահմաններից դուրս:  Ըստ նրա, «Առաջինը, ինչ հիշատակում են այլ երկրների նախարարները, «Ոսկե ծիրանն է»: 

«Ոսկե ծիրան» երեւանյան կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանի խոսքերով, 10-րդ տարում փառատոնն  ունի մնայուն հանդիսատես, որը սիրում է հոգեւոր-մշակութային կինոն: «Մենք առաջին տարիներին ընդամենն ունեինք 1000-3000 հանդիսատես: Հիմա ունենք 50-60  հազար հանդիսատես»,- ասաց նա եւ ավելացրեց, որ նկատի ունենալով, որ հայաստանյան «հանդիսատեսը հարուստ չէ շատ՝ նրանք ավելի շատ մշակութային, ինտելեկտուալ մարդիկ են», փառատոնի կազմակերպիչները փորձել են իջեցնել տոմսի գինը, որպեսզի ամեն մի մարդ հնարավորություն ունենա տոմս գնել եւ դիտել լավագույն ֆիլմերը: 
 
Նշվեց, որ փառատոնն այս տարի  ստացել է շուրջ 1200 հայտ` աշխարհի 94 երկրից (անցած տարի` 67 երկիր), ինչը փաստում է, որ «Ոսկե ծիրանի» հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է:
Փառատոնին այս տարի հյուրընկալվելու են կինոյում մեծ վաստակի համար «Փարաջանովյան թալերի» արժանացած նշանավոր կինոգործիչներ Քշիշտոֆ Զանուսին, Գոդֆրի Ռեջիոն և Յոս Ստելինգը:  Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե, կինոդերասան Շառլ Ազնավուրի աստղը:
Կինոփառատոնն այս տարի ևս կներկայանա լիամետրաժ, վավերագրական և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթային ծրագրերով, ինչպես նաև «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթային ծրագրով: Մրցույթային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը գնահատելու է չորս ժյուրի: «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին կգլխավորի հունգարացի ականավոր կինոռեժիսոր, համաշխարհային կինոյի դասական` Իշտվան Սաբոն, իսկ «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին կգլխավորի 2012թ.-ի «Ոսկե ծիրանի» դափնեկիր, նշանավոր կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցան: Փառատոնի օրերին կաշխատեն նաև Կինոգետների և կինոքննադատների միջազգային ֆեդերացիան  և Էկումենիկ ժյուրին:
 
«Ոսկե ծիրանի» արտամրցույթային ծրագրերի թվում են «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերը, որոնցում անակնկալներ են սպասվում  համաշխարհային կինոյի վարպետներից: 
 
Փառատոնի շրջանակում կհիշատակվեն Արամ Խաչատրյանի 110, Արտավազդ Փելեշյանի և Ներսես Հովհաննիսյանի 75-ամյա հոբելյանները: 
 
Կինոփառատոնը կլուսաբանեն նաեւ միջազգային ճանաչում ունեցող հեռուստաալիքներ և պարբերականներ: Մասնավորապես՝ «Euronews», «Культура» հեռուստաալիքները, «The National»-ը, «Sight and sound»-ը և այլն:
 
Մինչև փառատոնի մեկնարկը, միջազգային բարձրակարգ մասնագետների և Արևելյան գործընկերության երկրներից ժամանած երիտասարդ կինոգետների, կինոքննադատների մասնակցությամբ, նախատեսվում է իրականացնել նաև դասընթաց՝ «Կինոլրագրություն առանց սահմանների» խորագրով: Փառատոնի օրերին կտպագրվի «Ոսկե ծիրան» ամենօրյա պարբերականը:
 
Փառատոնի գլխավոր հովանավորը կրկին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է, փառատոնին որպես պետական աջակինց է հանդես գալիս ՀՀ մշակույթի նախարարությունը: 
 
«ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի գնահատմամբ,  «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կարևոր քայլ է աշխարհի մշակութային քարտեզի վրա Հայաստանի ուրույն տեղն ամրապնդելու ուղղությամբ»:  
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play