Ցեղասպանության զոհերի հուշահամալիր են այցելել հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի մասնակիցները


Ցեղասպանության զոհերի հուշահամալիր են այցելել հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի մասնակիցները

  • 04-06-2013 15:59:24   | Հայաստան  |  Բարեգործություն

Հունիսի 4-ին՝ «Համագործակցություն-2013» խորագիրը կրող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին։ 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ հիմնադրամն իրականացնում է բազմաթիվ միջազգային, սոցիալական ծրագրեր, և սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնը դրանցից մեկն է։ Մարաթոնի ծրագրերում ընդգրկված է նաև այց Ցեղասպանության հուշահամալիր։ Կարեն Ավագյանը նշեց, որ մարաթոնին մասնակցում են ԱՊՀ տարբեր երկրներ ներկայացնող անձինք, ովքեր իրենց կարծիքը հնչեցնում են տարբեր ամբիոններից, և շատ կարևոր է, որպեսզի վերջիններս տեղեկացված լինեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նշեց, որ մարաթոնի մասնակիցներն իրենք են առաջարկել, որպեսզի առաջին իրենց այցելությունը լինի Հայաստանի կարևորագույն վայրերից մեկը, և ընտրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը։  
Սայլակով հաշմանդամների աշխարհի գեղեցկուհի, Ռուսաստանը ներկայացնող քսանիննամյա Քսենյայի տպավորություններն աննկարագրելի են։ Ըստ նրա՝ Երևանը ջերմ, հյուրընկալ քաղաք է։ ՙՁեր մայրաքաղաքը տիպիկ եվրոպական քաղաք է՝ շատ լավ հարմարեցված սահմանափակ կարողություններ ունեցող անձանց՚,- նկատեց Քսենյան։  
Հիշեցնենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի շրջանակներում Հայաստան են ժամանել Ռուսաստանի և Ուկրաինայի հաշմանդամություն ունեցող ավելի քան 20 երիտասարդներ։ Մարաթոնը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների «Ապարրել» ասոցացիան։ 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play