ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ստորագրել են կրթական համագործակցության հուշագիր


ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ստորագրել են կրթական համագործակցության հուշագիր

  • 19-06-2013 15:56:52   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար  Արմեն Աշոտյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր ստորագրել են  կրթական համագործակցության հուշագիր՝ Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Ներկայացնելով և կարևորելով նախաձեռնությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հուշագրի վավերացմամբ  հնարավորություն է ստեղծվում  Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում, ի հավելումն հանրակրթական հիմնական ծրագրի, խթանել ֆրանսերեն լեզվի և գրականության խորացված ուսուցումը և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագրի ներդնումը: "Մենք Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ սկիզբ ենք դնում Հայասատում ֆրանսիական լիցեյի հիմնադրման և կայացման գործընթացին: Այս փուլում թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարան կձևավորվի, զուգահեռ աշխատանքներ կտարվեն կրթության բովանդակության ձևավորման, մասնագետ-ուսուցիչների վերապատրաստման և Հայաստանի հանրակրթության ոլորտի ֆրանսերենի դասավանդման լավագույն փորձը կենտրոնացնելու ուղղությամբ",- նշել է նախարարը և հավելել, որ դպրոցի լավագույն շրջանավարտները, ըստ համաձայնագրի, բացի ՀՀ հանրակրթական դպրոցի ավարտական վկայականից, կստանան նաև ֆրանսիական կողմից տրված համապատասխան վկայական, որը կհավաստի աշակերտի լեզվական իմացության  համապատասխան մակարդակը: Նախարարը նաև շեշտել է, որ դա հնարավորություն կընձեռի ֆրանսիական լիցեյի շրջանավարտներին ընդունվել Ֆրանսիայի լավագույն բուհեր: Ընդգծելով, որ Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմնադրելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև՝ Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարած պետական այցի ժամանակ՝ ՀՀ ԿԳ նախարարը շեշտել է. <Մեր հիմնական նպատակը՝ Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ Հայաստանում լիարժեք ֆրանսիական լիցեյի կայացումն է: Ֆրանսիայի նախկին նախագահ պարոն Սարկոզին այս գաղափարի մասին խոսել է Երևանի ֆրանսիական հրապարակում՝ հայ հասարակության ներկայությամբ: Սա դժվարին աշխատանք է, սակայն ես վստահ եմ, որ երկու բարեկամ երկրնե րի նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունը համատեղ ջանքերով լավագույնս կյանքի կկոչվի>: 
Նախաձեռնությանը հետևողականորեն աջակցելու համար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:  
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ևս կարևորել է  Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմնադրելու գաղափարը՝ շեշտելով, որ Հայաստանում իր գործունեության երկու տարիների ընթացքում արդեն երրորդ պայմանագիրն է ստորագրվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ: Դեսպանը նշել է, որ այս պահին դրվում է ֆրանսիական լիցեյի հիմնադրման առաջին քարը: <Թիվ 119 ավագ դպրոցում գործող երկլեզու կրթությամբ դասարանները կարող են դառնալ Հայաստանում ֆրանսիական լիցեյի կրթական ծրագրի հիմքը>,- նշել է Ա. Ռենոն և ավելացրել, որ  իրենք հեռահար նպ ատակ ունեն ապահովելու բակալավրի ծրագրով կրթություն:  Դեսպանը տեղեկացրել է, որ ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել լավագույն աշակերտների  համար սահմանել կրթաթոշակներ, ինչպես նաև ստանձնել է ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպումն ու ֆրանսերեն դասավանդողների վերապատրաստումը:  
Դպրոցում նախատեսվում է իրականացնել  "Ֆրանսերեն լեզու" և "Ֆրանսերեն գրականություն" առարկաների խորացված ուսուցում` որպես հիմնական ծրագրային և "Ֆրանսիայի պատմություն և աշխարհագրություն", "Ֆրանսիական քաղաքակրթություն" առարկաների ուսուցում` որպես լրացուցիչ կրթական ծրագրի դասընթացներ` գնահատման համակարգի կիրառմամբ: 
Ծրագիրը ներդրվելու է տարեկան մեկ դասարանում մեկ մակարդակ ներդնելու սկզբունքով` սկսած 2013-2014 ուսումնական տարվանից: Ֆրանսիական կողմը պարտավորվում է աջակցել կրթական ծրագրի մշակմանն ու իրագործմանը՝ ապահովելով  անհրաժեշտ մեթոդական աջակցություն, ծրագրերի շարունակականություն,   դասավանդողների պարբերաբար վերապատրաստումները ֆրանկոֆոն միջավայրում: 
Ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանը ավարտելու վերաբերյալ սովորողին կտրամադրվի  լրացուցիչ դասընթացներին մասնակցելու մասին տեղեկանք` նշելով սովորողի ստացած գնահատականները, իսկ 12-րդ դասարանի ավարտական քննությունը հաջողությամբ հանձնած լավագույն  սովորողները կստանան Ֆրանսիական  ծրագրերն ավարտելու մասին վկայական:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play