Լույս է տեսել Անահիտ Աստոյանի «Դարի կողոպուտը. հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1914-1923 թթ.» գիրքը
01-07-2013 14:32:54 | Հայաստան | Նոր գրքեր
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը Հայաստան համահայկական հիմնադրամի օժանդակությամբ հրատարակել է Մատենադարանաի Արխիվային բաժնի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանի «Դարի կողոպուտը. հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1914-1923 թթ.» գիրքը: Այս մասին տեղեկացնում է ARMSCOOP գիտակրթական ցանցը:
Գրքում արխիվային վավերագրերի, հայկական, թուրքական և օտար այլ աղբյուրների հիման վրա ներկայացված է Օսմանյան կայսրությունում 1914-1923 թվականներին երիտթուրքական և քեմալական իշխանությունների կողմից հայերի ունեզրկման առարկայական պատմությունը: Ներկայացված պատմական անժխտելի փաստերը հաստատում են, որ դարերով կուտակված հայկական ունեցվածքի ծրագրավորված կողոպուտի և յուրացման միջոցով թուրքական իշխանությունները լցրել են իրենց պետական դատարկ գանձանակը, հոգացել են պատերազմական մեծագումար ծախսերը, վճարել արտաքին պարտքերի զգալի մասը, թրքացրել են երկրի տնտեսությունը և կազմակերպել ազգայնական շարժումը, որի հաղթանակի արդյունքում ստեղծվել է Թուրքիայի Հարապետությունը:
Գիրքը նախատեսված է պատմաբանների և ընթերցողների լայն շրջանակների համար: