Արդի պայմաններում մեծ անհրաժեշտություն կա վերարժևորելու Արցախյան շարժման նշանակությունը


Արդի պայմաններում մեծ անհրաժեշտություն կա վերարժևորելու Արցախյան շարժման նշանակությունը

  • 04-07-2013 12:06:36   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հուլիսի 5-7-ը Արցախի պետական համալսարանում, Քարվաճառի մշակույթի տանը և զորամասում ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի, ուսանողական գիտական ընկերության, ուսանողական խորհրդի և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրապետական երիտասարդական գիտաժողով և Քարվաճառի ազատագրման 20-ամյակին նվիրված համերգ: 
Գիտաժողովի օրակարգում ընդգրկվելու են շուրջ 30 զեկուցումներ, կլինեն նաև կլոր-սեղան քննարկումներ: Համերգի ընթացքում կհնչեն ռազմահայրենասիրական երգեր: 
2013 թ-ի փետրվարի 20-ին լրացավ ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանի պատմական որոշման 25-րդ տարին: Այդ որոշումը հաճախ ընկալվում է որպես Արցախյան շարժման սկզբի խորհրդանիշ: Արդի պայմաններում մեծ անհրաժեշտություն կա վերարժևորելու Արցախյան շարժման նշանակությունը հայոց պատմության նորագույն շրջանի համար: Նման պարագայում «անկախության սերունդը» պարտավոր է գիտական մակարդակով վերհանել Արցախյան շարժման յուրաքանչյուր դրվագ` դարձնելով այն գիտավերլուծական կարևոր թեմա: 
Ծրագրի նպատակն է հայ երիտասարդության ուշադրությունը վերստին հրավիրել  Արցախյան շարժման ակունքների, պատճառների, կարևոր դրվագների և հետևանքների վրա, գիտական աշխատանքներ կատարող ուսանողներին հնարավորություն տալ հրապարակավ ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, խրախուսել գիտությամբ զբաղվող ուսանողներին, նպաստել գիտական կադրերի պատրաստմանը, համախմբել երիտասարդական գիտական ներուժը, զարգացնել ԵՊՀ-ԱրՊՀ միջբուհական համագործակցությունը, բարձրացնել հայ երիտասարդության հայրենասիրական ոգին, կարևորել Քարվաճառի կենսական նշանակությունը հայ ժողովրդի համար:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play