ՀՀ սփյուռքի նախարարությունը նպաստում է սիրիահայերի հիմնախնդիրների արդյունավետ համակարգմանը


ՀՀ սփյուռքի նախարարությունը նպաստում է սիրիահայերի հիմնախնդիրների արդյունավետ համակարգմանը

  • 04-07-2013 17:06:40   | Հայաստան  |  Հայտարարություններ

 
Հուլիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ սիրիահայ երեխաների հոգեբանական-սոցիալական աջակցության ուղղությամբ համագործակցության մասին ՀՀ սփյուռքի նախարարության և միջազգային կազմակերպությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:
Հուշագրի ստորագրմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսը, «World vision» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աիդա Առաքելյանը, «Save the children international» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Իրինա Սաղոյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:
Իր խոսքում Հրանուշ Հակոբյանը դիմելով ներկաներին՝ նշեց. «Շնորհակալ եմ միջազգային կառույցներին, որ փորձում են օգնել սիրիահայ երեխաներին: Ուրախ եմ, որ բոլոր հարցադրումները փոխհամաձայնեցնում եք սիրիահայերի կենտրոնի հետ: Սփյուռքի նախարարությունը ակնկալում է Ձեր ակտիվ և մշտական մասնակցությունը այս ծրագրերին, որոնք վերաբերում են մեր մանուկներին, նրանց կենսական պայմաններին ու հոգեբանական, սոցիալական բարեկեցության խնդիրներին»:
Ներկաներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Սփյուռքի նախարարին՝ սիրիահայերի հիմնախնդիրները արդյունավետ կերպով համակարգելու և դրանց լուծմանը նպաստելու համար:  
Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում շարունակվելու է համագործակցությունը՝ սիրիահայ երեխաների նախադպրոցական կրթության ծրագրի մշակման ու իրականացման, Կիլիկյան վարժարանի 20 սիրիահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ծրագրի, սիրիահայ դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի կազմակերպման և այլ համատեղ միջոցառումներում: 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ