Ռուս-հայկական քաղաքական երկխոսությունում չլուծված խնդիրներ չկան


Ռուս-հայկական քաղաքական երկխոսությունում չլուծված խնդիրներ չկան

  • 12-07-2013 14:21:28   | Հայաստան  |  Վերլուծություն

ԵՊՀ քաղաքագիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, քաղաքագիտության թեկնածու
Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը ռազմավարական գործընկերությունն է Ռուսաստանի հետ, երկու պետությունների միջև ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային և հումանիտար կապերի զարգացումը և խորացումը։ Հայաստանի արտաքին քաղաքական գծի այս դոկտրինն ամրագրված է 2007թ. փետրվարի 7-ին ընդունված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունում:Այդ փաստաթղթում, մասնավորապես, խոսվում է այն մասին, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները և դրանց ներուժը կրում են ռազմավարական բնույթ, որն իր հերթին պայմանավորված է Հայաստանի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի կարևոր դերով, հայ-ռուսական ավանդական բարեկամական հարաբերություններով, լայն առևտրատնտեսական համագործակցությամբ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերով, ինչպես նաև Ռուսաստանում ստվար հայ համայնքի առկայությամբ։ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը ևս քանիցս նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հատուկ հարաբերություններ ունի՝ «ռազմավարական գործընկերության և, միևնույն ժամանակ, սերտ դաշնակցային հարաբերություններ»։ Երկու պետությունների ղեկավարները բազմիցս ընդգծել են, որ ռուս-հայկական քաղաքական երկխոսությունը կրում է ինտենսիվ և համապարփակ բնույթ, որ ռուս-հայկական հարաբերություններում չլուծված խնդիրներ չկան և որ վստահելի քաղաքական երկխոսությունը հայ-ռուսական հարաբերությունների շարժիչ ուժն է4, որի շրջանակում պաշտոնական և ոչպաշտոնական բնույթի երկկողմանի հանդիպումները դառնում են կարևոր ձևաչափ հայ-ռուսական փոխհարաբերությունների ողջ ծավալի քննարկումների համար։
 
Իրականում, միջպետական փոխհարաբերությունների նման բարձր մակարդակի կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե կողմերի շահերը, նպատակները և ձգտումները հիմնականում համընկնում են, և նրանք փոխադարձ ցանկություն ունեն բոլոր հարցերը և խնդիրները լուծել երկխոսությամբ՝ բանակցությունների և փոխզիջումների ճանապարհով։ Պատահական չէ, որ միայն վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներն ավելի քան երկու տասնյակ հանդիպումներ և բանակցություններ են ունեցել, որոնց ժամանակ քննարկվել են ինչպես երկկողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարները, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի բավական լայն շրջանակ։ Մի կողմից, դա վկայությունն է այն բանի, որ հայ-ռուսական փոխհարաբերությունները դինամիկորեն զարգանում և մտնում են համագործակցության որակապես նոր մակարդակ, բայց մյուս կողմից՝ նման հաճախակի հանդիպումները և բանակցությունները կարող են ունենալ նաև հակառակ միտումներ։ Նշանակում է՝ ամեն ինչ չէ, որ այդքան անամպ է, ինչպես թվում է առաջին հայացքից, որովհետև կողմերը հիմնականում բանակցություններ վարում են միայն այն դեպքում, երբ ունեն տարաձայնություններ, խնդիրներ, հակադրվող շահեր և պահանջներ։ Իսկապես, այս տարիներին հայ-ռուսական փոխհարաբերություններում շուտափույթ լուծում պահանջող բավական շատ հարցեր են կուտակվել։ Դրանց թվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև արդյունավետ տրանսպորտային հաղորդակցության որոնումը, տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացումը, Հայաստանին էներգակիրների մատակարարման հարցը, ռազմավարական նշանակության հայկական ձեռնարկությունների գործարկումն ու վերագործարկումը, որոնք անցել են Ռուսաստանին Հայաստանի պետական պարտքի դիմաց, մշակութային և հումանիտար կապերի ամրապնդումը և այլն։
 
Բացի վերոնշյալ խնդիրներից, վերջին ժամանակներս հայ-ռուսական օրակարգում համեմատաբար նոր թեմատիկա է ի հայտ եկել՝ Հայաստանի մասնակցությունն ինտեգրացիոն նոր նախագծին, որն առաջադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2011թ. աշնանը։ Եվրասիական տնտեսական միության ստեղծման գաղափարը, մեր կարծիքով, արդի Ռուսաստանի ամենալուրջ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական և գուցե նաև ամենամեծ քաղաքակրթական նախագիծն է Խորհրդային Միության փլուզումից հետո։ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս այդ գաղափարին, ուստիև պատահական չէ, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական դոկտրինում, որը հաստատվել է Վ.Վ. Պուտինի կողմից 2013թ. փետրվարի 12-ին, Եվրասիական տնտեսական միության ձևավորումը գերակա է համարվում Ռուսաստանի համար, որը կոչված է ոչ միայն առավելագույն չափով գործարկելու փոխշահավետ տնտեսական կապերն ԱՊՀ տարածքում, այլև դառնալու Համագործակցության երկրների ապագան որոշող և այլ պետությունների համար բաց միավորման մոդել։ Ինչպես նշվում է ՌԴ արտաքին քաղաքական հայեցակարգում, համընդհանուր ինտեգրացիոն սկզբունքների հիման վրա կառուցվող նոր միությունը դառնալու է արդյունավետ կապող օղակ Եվրոպայի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջև5։ Եվրասիական տնտեսական հայեցակարգի աշխարհագրական նման մեծ ընդգրկումը ենթադրում է, որ Եվրասիական միությունը չի սահմանափակվելու միայն առավել ինտեգրված երեք պետություններով՝ Ռուսաստանով, Բելառուսով և Ղազախստանով, և մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, ԵԱՏՄ անդամների կազմը կընդլայնվի, և նրան կմիանան նաև Եվրասիական աշխարհամասի շահագրգիռ այլ երկրներ։ Ինչպես նշում է Եվրասիական տնտեսական ինտեգրման նախաձեռնողներից մեկը՝ Վ.Վ. Պուտինը, «Եվրասիական միությունը բաց նախագիծ է։ Մենք ողջունում ենք այլ գործընկերների, և առաջին հերթին՝ ԱՊՀ երկրների միավորումը նրա հետ։ Միևնույն ժամանակ, չենք պատրաստվում որևէ մեկին շտապեցնել կամ դրդել։ Դա պետք է լինի պետության ինքնիշխան որոշումը՝ թելադրված սեփական երկարաժամկետ ազգային շահերով»6։ Այս համատեքստում Ռուսաստանը բարեկամական հարաբերություններ է հաստատում ԱՊՀ մասնակից յուրաքանչյուր երկրի հետ՝ իրավահավասարության, փոխադարձ շահի, միմյանց շահերի փոխադարձ հարգման և հաշվառման հիման վրա՝ ձգտելով աշխուժացնել ինտեգրացիոն գործընթացները Համագործակցության տարածքում, և պատրաստ է զարգացնել ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ այն պետությունների հետ, որոնք պատրաստ են դրան։
 
Ինչպես արդեն նշվել է, հայ-ռուսական փոխհարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերության բնույթ, դրա համար էլ պատահական չէ, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում նոր ինտեգրացիոն նախագծին Հայաստանի մասնակցության հարցն աստիճանաբար առաջին պլան է մղվում, և կողմերն աշխույժ քաղաքական երկխոսություն են վարում այդ հարցի շուրջ։ Մասնավորապես, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մշակում է ինտեգրացիոն գործընթացների խթանման հնարավորությունները՝ հաշվի առնելով աշխարհագրական առանձնահատկությունները։ Բացի այդ, Ռուսաստանը եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարի առաջմղման բավական ինքնատիպ մեթոդներ է կիրառում և մեծ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Կուզենայի նախ նշել կողմերի երկխոսային հաղորդակցության մասին, որն ընտրել են սույն նախագիծը նախաձեռնողները։ Փոխհարաբերությունների կառուցման նման ձևը նշանակում է, առաջին հերթին, ինտեգրացիոն մոդելի կողմերի և բոլոր մասնակիցների իրավահավասարություն։ Իսկ դա, իր հերթին, նոր հեռանկարներ է բացում փոխշահավետ համագործակցության համար։ Նախկին փորձը ցույց է տալիս, որ հարցերի միակողմանի և ուժային լուծումները երկարատև հիմք չունեն և վաղ թե ուշ հանգեցնում են համակարգի փլուզման։ Կարծում ենք, որ ազգային ռազմավարական շահերի առաջմղման ռուսաստանյան քաղաքականությունն աստիճանաբար փոխվում է և սկսում հենվել ոչ թե կոպիտ ուժի՝ hard power-ի, այլ soft power-ի ավելի փափուկ և ընդունելի տեխնոլոգիաների վրա, որի շրջանակներում է ձևավորվում ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների մի ամբողջ համալիր։ Սույն ռազմավարությունը հատկապես հստակ նկատվում է եվրասիական գաղափարի առաջմղման և, մասնավորապես, հայ-ռուսական մեծ երկխոսության մեջ։ Վերջին երկու տարվա ընթացքում արդեն ստեղծվել և բավական լավ են գործում երկխոսության այնպիսի հարթակներ, ինչպիսին են համատեղ միջկառավարական աշխատանքային խմբի աշխատանքը, պարբերական կլոր սեղանների և փորձագիտական, միջկուսակցական խորհրդակցությունների անցկացումը և այլն։
 
Կուզենայինք հատկապես ընդգծել մեկ տարի առաջ ռուսաստանյան խորհրդարանական եվրոպական ակումբի հիման վրա ստեղծված նոր բանավիճային հարթակի կառուցողական դերը։ Խոսքը «Եվրասիական երկխոսության» մասին է՝ որպես մշտապես գործող ձևաչափ Եվրասիական միության ստեղծման ժամանակ առաջացող խնդրահարույց պահերի քննարկման համար։ Այս ձևաչափը ներառում է զանազան միջոցառումների, համաժողովների, կոնֆերանսների անցկացում՝ եվրասիական ինտեգրացիոն նախագծով շահագրգիռ բոլոր երկրների քաղաքական ուժերի, փորձագիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Եվրասիական երկխոսության» նախագծի շրջանակներում արդեն կազմակերպվել են մի քանի խոշոր միջազգային համաժողովներ և գիտաժողովներ, որոնց մասնակցել են նաև հայկական քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մեր կարծիքով՝ սույն ձևաչափի անվիճելի առավելությունն այն է, որ սկզբից ևեթ «Եվրասիական երկխոսությունը» մտահղացվել է որպես բանավիճային հարթակ, որտեղ շահագրգիռ բոլոր կողմերը կարող են ոչպաշտոնական մթնոլորտում բարձրացնել և համատեղ քննարկել Եվրասիական ինտեգրման հենց վիճելի պահերը։ Իսկ դրանք, իրականում, քիչ չեն։ Մասնավորապես, տնտեսական ինտեգրման առումով ամենալուրջ խնդիրը մեզ համար Հայաստանի աշխարհագրական հեռավորությունն է ԵԱՏՄ հիմնական դերակատարներից։ Բանն այն է, որ Հայաստանն ընդհանուր սահման չունի Մաքսային միության հետ, իսկ դա, իր հերթին, հավելյալ խոչընդոտ է Հայաստանի եվրասիական ինտեգրման ճանապարհին։ Տնտեսական բաղադրիչից բացի, եվրասիական ինտեգրման մյուս կողմն առնչվում է քաղաքական հարցերին։ Գաղտնիք չէ, և այդ մասին բազմիցս հայտարարել են եվրասիական նախագծի գաղափարախոսները, որ ապագայում Եվրասիական տնտեսական ինտեգրման հիման վրա կարող են ստեղծվել նաև վերպետական ինստիտուտներ՝ լիազորությունների աստիճանական ընդլայնմամբ։ Իսկ դա, իր հերթին, կարող է որոշակիորեն սահմանափակել Եվրասիական միության անդամ-մասնակիցների ազգային ինքնիշխանությունը։
 
Երրորդ կողմն առնչվում է Եվրասիական միության գաղափարի քաղաքակրթական բաղադրիչին։ Սկզբից ևեթ Եվրասիական տնտեսական միությունը ներկայացվել է որպես բաց նախագիծ, դա, իր հերթին, ենթադրում է ապագա միության մասնակիցների և անդամների ընդլայնում։ Բայց այս նախագծի հնարավոր անդամների մեջ կարող են հայտնվել նաև այն երկրները, որոնք կարող են որոշակի սպառնալիք ներկայացնել Հայաստանի ազգային անվտանգության ապահովմանը։
 
Այնպես որ, իրականում մենք խոսելու բան ունենք եվրասիական գաղափարի շրջանակներում, և այս ու խնդրահարույց այլ հարցերի առաջադրումը, կողմերի նպատակների և շահերի պարզումը, փոխադարձ քննարկումը և դիրքորոշումների ճշտումը միակ ճիշտ ռազմավարությունն է, որին պետք է հետևեն Եվրասիական երկխոսության բոլոր մասնակիցները։
 
Խաչիկ Գալստյան 
«Նորավանք» հիմնադրամ
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն