Ահազանգ. Մեղրաձոր գետը չորացման եզրին է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
15-07-2013 12:43:40 | | Ականատեսի աչքերով
Նորից ահազանգ ենք ստացել փոքր ՀԷԿ-երի շահագործման հետևանքով գետերի ամբողջովին չորացման վերաբերյալ: Մեր հեծանվորդ ընկերները տեղեկացնում են, որ 2013 թ. հունիսի 23-ին գնացել էին հիանալու Կոտայքի մարզի Մեղրաձորի երբեմնի ջրառատ ջրվեժով: Սակայն, հասնելով տեղ, նրանք ականատես են լինում, որ ջրվեժի փոխարեն մնացել է մի բարակ առու: Պատճառը պարզելու համար բարձրանում են գետի վերին հոսանքները և տեսնում, որ այնտեղ կառուցված է փոքր ՀԷԿ: Հասնելով ՀԷԿ-ի ջրառի կետը` նրանք ականատես են լինում, որ այն կուլ է տալիս գետի ամբողջ ջուրը և մտցնում խողովակի մեջ այնքան ագահորեն, որ մի գրամ ջուր անգամ չի թողնում գետին և բնությանը: Դիտելով սիրողական տեսանյութը. կհամոզվեք, որ իսկապես էկոլոգիական թողք ու ձկնուղի ընդհանրապես չկա, իսկ գետն ամբողջովին չորացրած է:
Հերթական անգամ ականատես ենք լինում այսպիսի աղետալի վիճակի, ինչը շահագործողների անկշտության և բնապահպանական վերահսկողության բացակայության արդյունք է: Հասկանում ենք նաև, որ ՓՀԷԿ-երի առաջ բերած բնապահպանական խնդիրները համակարգային լուծումներ են պահանջում, և անհրաժեշտ է անհապաղ մշակել այդ ոլորտը կարգավորող գիտականորեն հիմնավորված էկոհամակարգային և սոցիալ-տնտեսական չափորոշիչներ: Մեկ անգամ ևս կոչ ենք անում ՀՀ կառավարությանը անհապաղ միջոցներ ձեռք առնել այդ չափորոշիչները մշակելու ուղղությամբ, իսկ մինչ այդ դադարացնել նոր ՓՀԷԿ-երի շինարարությունը:
Կոնկրետ այս ահազանգը փոխանցում ենք բնապահպանության նախարարությանը`
հորդորելով ձեռք առնելու համապատասխան միջոցառումներ: