Ուսանողական ամառային դպրոց վրանների ներքո՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում


Ուսանողական ամառային դպրոց վրանների ներքո՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում

  • 15-07-2013 15:46:30   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Հուլիսի 15-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում մեկնարկեց «Ֆիզիկական և կենսաբանական բաղադրյալ համակարգերի մոդելավորման տեխնոլոգիաներ» խորագրով ամառային դպրոց-սեմինարը: 
Դպրոցն իր ձևաչափով վրանային ճամբար է: ԵՊՀ-ից և Արցախի պետական համալսարանից mասնակցում է շուրջ 30 ուսանող: Ամառային դպրոց-սեմինարը  կազմակերպվում է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի և ՈՒԽ-ի նախաձեռնությամբ: Կազմակերպչական աշխատանքներին աջակցում են Արցախի պետական համալսարանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և «Ծմակահող» հիմնադրամը, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: 
Ծրագրի նպատակն է ամառային դպրոցի մասնակիցներին տեղեկացնել բաղադրյալ համակարգերի մոդելավորման ժամանակակից մոտեցումների և ձեռքբերումների մասին, նպաստել բարձր տեխնո¬լոգիա¬¬ների զարգացմանը ՀՀ-ում և Արցախում, ինչպես նաև Հայաստանի ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետներին կապել ԼՂՀ-ի հետ:
Ամառային դպրոցի բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղբալյանը, Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Համբարձումյանը, ԱրՊՀ ռեկտոր Ս. Դադայանը և ուրիշներ: 
Ինչպես նշեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ-ն Արցախում իրականացնում է մի շարք ուսանողական ծրագրեր, որոնք աչքի են ընկնում իրենց բովանդակային բազմազանությամբ: Իսկապես ուրախալի է, որ Արցախի հեռավոր գյուղերից մեկում հայ ուսանողներն առնչվում են գիտության, տեխնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նվաճումներին: 
Ամառային դպրոցում ցանցերի տոպոլոգիական բնութագրիչների հաշվարկի համակարգի, կիսահաղորդիչ նանոկառուցվածքների վրա հիմնված լազերների, բարդ համակարգերի մոդելների և մի շարք այլ թեմաներով դասախոսություններով հանդես կգան ԵՊՀ, ԱրՊՀ դասախոսները, ինչպես նաև Մոսկվայում գտնվող ՌԴ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչները: 
Վրանային ճամբարի մասնակիցների համար կկազմակերպվեն նաև մշակութային, գիտաճանաչողական և ժամանցային միջոցառումներ և արշավներ դեպի Արցախի պատմամշակութային վայրեր: 
Ամառային դպրոցի անցկացման վայրը պատահական չէ ընտրված: Հենց Ծմակահող գյուղում է 1905 թ-ին ծնվել ականավոր գիտնական, Խորհրդային միության էլեկտրամեխանիկայի դպրոցի հիմնադիր, ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանը: Նա եղել է ռազմական և տիեզերական հրթիռաշինության գլխավոր կոնստրուկտորներից մեկը, և խորհրդային առաջին տիեզերանավերն ամբողջությամբ զինված են եղել նրա ստեղծած էլեկտրասարքավորումներով: Աշխարհահռչակ Սերգեյ Կոռոլյովը Իոսիֆյանին անվանել է «բոլոր հրթիռների գլխավոր էլեկտրիկ»:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play