ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 19-07-2013 10:07:53   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

Հոդվածը նվիրված է վերջին տարիներին տարածաշրջանի երկրների գիտության ոլորտին առնչվող վիճակագրության համեմատական վերլուծությանը։ Առկա տեղեկատվությունը հիմնվում է գերազանցապես հարավկովկասյան երկրների ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների վրա։ Թեմայի շրջանակներում նպատակահարմար ենք համարում նշել, որ ի տարբերություն Հայաստանի ու Ադրբեջանի, Վրաստանի պարագայում այդ երկրի ազգային վիճակագրական բյուրոյի էլեկտրոնային կայքում գրեթե հիմնովին բացակայում են գիտությանը վերաբերող վիճակագրական տվյալները։ Ի դեպ, սա նոր միտում է և դրսևորվել է հատկապես վերջին 2-3 տարիների մասով, քանզի նախկինում ևս իրականացրած նմանատիպ ուսումնասիրություններում կրկին օգտվել ենք Վրաստանի ազգային վիճակագրական բյուրոյի էլեկտրոնային կայքում զետեղված համապատասխան տեղեկատվությունից։ Նկատենք, որ Վրաստանի ազգային վիճակագրական բյուրոյի էլեկտրոնային կայքում առկա են այլ ոլորտներում երկրի արձանագրած վիճակագրական տվյալները, ինչպես, օրինակ, կրթության ոլորտում։ Հետևաբար, մենք կներկայացնենք, թերևս, Վրաստանի գիտությանը վերաբերող վիճակագրությունը մինչև վերջին տարիներն ընկած ժամանակահատվածի համար՝ համեմատելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ։

Ուսումնասիրության մյուս կարևոր մեթոդաբանական հարցերից մեկն այն էր, որ մեր առջև նախապես խնդիր էինք դրել այս վերլուծականում ծավալվել ոչ միայն Հայաստանի ներկա գիտությանը վերաբերող վիճակագրության քանակական վերլուծականի, այլ նաև Խորհրդային Հայաստանի հատկապես 1980-ականների գիտության տվյալների շուրջ։ Սակայն, ցավոք, նման տեղեկատվություն առհասարակ չհաջողվեց գտնել։ Այդ պատճառով ուսումնասիրությունում ներառվել է միայն Հայաստանի վերջին տարիների գիտությանը վերաբերող վիճակագրությունը։

Նշենք, որ սույն վիճակագրությունը լուսաբանում է զուտ քանակական վերլուծության հարցերը և ամենևին չի արտացոլում նշյալ երկրներում գիտության որակական առանձնահատկությունները։ Նշյալ երկրներում գիտության վիճակի վերաբերյալ որակական վերլուծությունն առանձին և խոր ուսումնասիրության թեմա է, ինչը չի մտնում սույն վերլուծության բովանդակային շրջանակների մեջ։

Հայաստանի և Ադրբեջանի գիտության վիճակագրությունը

Ստորև փորձենք ներկայացնել վերջին տարիներին գիտության ոլորտում Հայաստանի և Ադրբեջանի վիճակագրական ցուցանիշների համեմատականները։ Հիմնական ուշադրությունը կհատկացվի այնպիսի հարցերին, ինչպիսիք են գիտությանը հատկացվող ֆինանսական միջոցները, կներկայացվեն տվյալներ գիտության ոլորտում ներգրավված և հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների ու դրանցում ներգրավված գիտաշխատողների վերաբերյալ, գիտատեխնիկական աշխատանքների ծավալներին առնչվող հարցեր և այլն։

Գիտությանը հատկացված ծախսերը.- Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության, 2009թ. հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսերն ընդհանուր առմամբ կազմել են շուրջ 8473.4 մլն դրամ ($22 մլն՝ 2009թ. 1$=375 դրամ միջինացված փոխարժեքով), 2010թ. այն որոշակի նվազում արձանագրեց՝ կազմելով 7988 մլն դրամ, ինչը 2010թ. 1$ նկատմամբ հայկական դրամի միջինացված 385 դրամի փոխարժեքով հաշվվում էր շուրջ $20.7 մլն։ Նշենք նաև, որ 2009թ. ներքին ծախսերից բյուջետային միջոցները կազմել են 5079 մլն դրամ ($13.5 մլն), իսկ 2010թ. ներքին ծախսերից՝ 5298 մլն դրամ ($13.7 մլն)։ Առավել հստակ պատկերացումներ կազմելու առումով անհրաժեշտ է ոլորտում իրականացված ծախսերը դիտարկել Հայաստանի ընդհանուր բյուջետային հաշվարկի հետ հարաբերակցության հարթությունում։ Այսպես, 2009թ. դրությամբ, համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի համախմբված բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 711 մլրդ դրամ, ինչը 2009թ. 1$ փոխարժեքով հաշվվել է $1.896 մլրդ։ Ինչպես տեսնում ենք, երկրի ընդհանուր բյուջետային եկամուտների համեմատ հետազոտությունների ու մշակումներին ուղղված ներքին ծախսերը բավական ցածր ցուցանիշ են արտացոլում։ 2010թ. համեմատությամբ 2011թ. ոլորտում ներդրված ծախսերը զգալի աճ են ունեցել՝ հաշվվելով 9277 մլն դրամ ($23.2 մլն՝ 1$=400 միջինացված փոխարժեքով)։ 2011թ. գիտությանը հատկացված ներքին ծախսերից բյուջետային միջոցները հաշվվել են 6066 մլն դրամ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նշյալ ժամանակահատվածում վերջինիս ցուցանիշները, որպես կանոն, ավելի քան 3 անգամ գերազանցել են Հայաստանի համապատասխան արդյունքները։ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2009թ. հետազոտությունների և զարգացման աշխատանքների ուղղությամբ հատկացված ֆինանսական միջոցներն ընդհանուր առմամբ հաշվվել են շուրջ 89 մլն մանաթ1, ինչը կազմում է շուրջ $71 մլն։ Եթե համեմատենք Հայաստանի 2009թ. ցուցանիշի հետ, ապա վերջինս զիջում է իր հարևան երկրի համապատասխան արդյունքին ավելի քան 3 անգամ։ Այս միջոցներից 66 մլն մանաթ կամ $52.8 մլն ծախսերը ներդրվել են պետական բյուջետային միջոցների հաշվին2։ Հարևան երկրի ընդհանուր բյուջետային եկամուտների հետ հարաբերակցությունում հետազոտությունների ու մշակումների վրա կատարված ներքին ծախսերը կրկին խիստ ցածր ցուցանիշ են ապահովում։

2010թ. դրությամբ հետազոտությունների ու մշակումների վրա ծախսված ֆինանսական միջոցները գնահատվել են ընդհանուր վերցրած 92 մլն ադրբեջանական մանաթ՝ $73 մլն, որից բյուջետային ծախսերը կազմել են գրեթե 82 մլն մանաթ ($65.6 մլն)։ Ինչ վերաբերում է 2011թ., ապա հետազոտությունների ու գիտական աշխատանքների ուղղությամբ իրականացված ֆինանսական տարեկան հատկացումները հաշվվել են գրեթե 110 մլն մանաթ՝ $88 մլն։ Այս միջոցներից բյուջետային ծախսերը կազմել են 98.5 մանաթ կամ $78.8 մլն։

Աղյուսակ 1 
Հետազոտությունների ու մշակումների վրա կատարված ներքին ծախսերն ըստ երկրների, 2009-2011թթ., $մլն 


Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի էլեկտրոնային կայքում տվյալներ են ներկայացվում նաև հետազոտությունների ու գիտական աշխատանքների ծախսերի վերաբերյալ՝ ըստ սեկտորների։ Նշենք, որ ոլորտին ուղղված ֆինանսական հատկացումների զգալի հատվածն ուղղվում է պետական սեկտորին։ Այսպես, 2010թ. հետազոտություններին ուղղված 92 մլն մանաթից պետական սեկտորին է ուղղվել շուրջ 68 մլն, իսկ 2011թ. 110 մլն մանաթից՝ համապատասխանաբար 80 մլն։

Համարժեք տվյալները բացակայում են Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության էլեկտրոնային կայքից։

Տվյալներ հետազոտություններ կատարող ինստիտուտների և ներգրավված անձնակազմի վերաբերյալ.- Այսպես, 2009թ. դրությամբ Հայաստանում գործում էր 83 գիտական կազմակերպություն, որոնց թվաքանակը հաջորդ տարիներին աստիճանաբար նվազման միտում է արձանագրել. 2010թ. դրանք հաշվվում էին 81-ը, իսկ արդեն 2011թ. վիճակագրությամբ՝ 72։

Ադրբեջանում 2009թ. տվյալներով գործել էր 146 գիտահետազոտական կազմակերպություն, իսկ 2010-2011թթ.՝ համապատասխանաբար 148 և 145 նման կազմակերպություն։

Աղյուսակ 2 
Հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների քանակը Հայաստանում և Ադրբեջանում, 2009-2011թթ. 


Հայաստանում հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների քանակի նվազման հետ, թերևս, տրամաբանորեն նվազման միտում է արձանագրվել նաև դրանցում ներգրավված անձնակազմի թվաքանակում։ 2009թ. Հայաստանում գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների աշխատողների թվաքանակը հաշվվում էր շուրջ 6926 անձ, իսկ հաջորդ տարիների կտրվածքով այդ թվաքանակը կայուն նվազման միտում է ունեցել։ Այս հանգամանքը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է գիտության ոլորտում ներգրավված անձնակազմի բավական ցածր աշխատավարձերի սահմանաչափերով։ Այսպես, 2010թ. ներգրավված անձնակազմի թվաքանակը կազմում էր 6558 անձ, իսկ 2011թ.՝ արդեն 5718։

Ադրբեջանում 2009թ. վիճակագրությամբ գիտահետազոտական կազմակերպություններում ներգրավված անձնակազմի թվաքանակը կազմել է 17942 անձ, 2010-2011թթ.՝ համապատասխանաբար 17401 և 17924 անձ։

Աղյուսակ 3 
Հետազոտություններ և մշակումներ կատարող անձանց թվաքանակն ըստ երկրների, հազ. մարդ 


Հարավային Կովկասի գիտության վիճակագրությունը 2003-2007թթ.3

Ինչպես նշել ենք վերը, վիճակագրության տեսքով կանդրադառնանք նաև 2003-2007թթ. ընկած ժամանակահատվածում հարավկովկասյան երկրների գիտության քանակական վիճակագրությանը, ինչը և ներկայացնում ենք ստորև։

Պետք է նկատել, որ հարավկովկասյան երկրներում հետազոտություններ և մշակումներ կատարող անձանց թվաքանակի վերաբերյալ համեմատականներ անցկացնելիս անհրաժեշտ է խնդիրը դիտարկել այդ երկրների երկրի բնակչության թվաքանակի հետ հարաբերակցության համատեքստում։

Աղյուսակ 4 
Հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների քանակը 


 
 
Աղյուսակ 5 
Հետազոտություններ ու մշակումներ կատարող անձանց թվաքանակը, մարդ 


 
 
Աղյուսակ 6 
Գիտատեխնիկական աշխատանքների ծավալը 


Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, 2002-2007թթ. ընկած ժամանակահատվածում Ադրբեջանում հետազոտությունների ու մշակումների վրա կատարված ներքին ծախսերը զգալի աճ են արձանագրել հատկապես 2006թ. սկսած։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկրում այս ուղղությամբ իրականացված ներքին ծախսերը թեև աճման միտում են ունեցել, սակայն ծախսերի ավելացումը տեղի է ունեցել բավական դանդաղ (մանրամասն տե՛ս աղյուսակ 8-ում)։

Աղյուսակ 7 
Ասպիրանտների թվաքանակը 


 
 
Աղյուսակ 8 
Հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսեր 


 
 
1 U.S. = 386,19 դրամ (2009թ. նոյեմբերի փոխարժեքով)
1 U.S. = 1,6757 լարի (2009թ. նոյեմբերի փոխարժեքով)
1 U.S. = 0,8033 մանաթ (2009թ. սեպտեմբերի փոխարժեքով)

1 2013թ. դրությամբ 1$=0.8 մանաթ։

2 Ոչ պաշտոնական տվյալներով, 2009թ. Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները կազմել են շուրջ $9.7 մլրդ։

3 Վիճակագրությունը հիմնված է երեք երկրների ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների վրա։

4 Հայաստանի գիտակրթական վիճակագրության տվյալները վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2008թ. տարեգրքից, որի տեղեկատվությունը վերաբերում է հիմնականում մինչև 2007թ. ընկած ժամանակահատվածին։

5 2007թ. տվյալները կազմվել են երեք երկրների ազգային արժույթների՝ 2009թ. սեպտեմբեր-նոյեմբեր փոխարժեքի համաձայն։

6 Տվյալներ չկան։

 

Կարեն Վերանյան 
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play