Արցախում նշվել է երկրի արտաքին գործերի նախարարության կազմավորման 20-ամյակը


Արցախում նշվել է երկրի արտաքին գործերի նախարարության կազմավորման 20-ամյակը

  • 19-07-2013 14:46:37   |   |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին  մասնակցել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կազմավորման 20-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը:
Իր խոսքում Նախագահը շնորհավորել է գերատեսչության անձնակազմին հոբելյանի կապակցությամբ եւ նշել, որ նախարարության   կազմավորումը մեր պետականաշինության եւ ազգային-ազատագրական պայքարի ամենաճակատագրական հատվածներից մեկում եղել է ժամանակի պահանջ ու անհրաժեշտություն: Բակո Սահակյանն ընդգծել է, որ արտաքին գործերի նախարարությունը մեր անկախ պետականության կարեւորագույն ինստիտուտներից մեկն է, որն իր գործունեության առաջին իսկ օրից դիվանագիտական ճակատում պաշտպանում է Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի շահերը միջազգային տարբեր ատյաններում ու հարթակներում` հավելելով, որ պետությունը կշարունակի ըստ ամենայնի աջակցել գերատեսչության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:
Այնուհետեւ երկրի ղեկավարը պետական պարգեւներ է հանձնել եւ դիվանագիտական աստիճան շնորհել ԱԳՆ մի խումբ աշխատակիցների: 
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԼՂՀ ներկա եւ նախկին արտգործնախարարները, պետական, քաղաքական եւ հասարակական հատվածների ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական