Մշակվելու է հայրենասիրական դաստիարակության հայեցակարգ


Մշակվելու է հայրենասիրական դաստիարակության հայեցակարգ

  • 19-07-2013 14:54:42   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավորությամբ ձևավորվելու է աշխատանքային խումբը, որը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնելու Հայրենասիրական դաստիարակության հայեցակարգի նախագիծ և դրանից բխող "Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության 2014-2019թթ պետական ծրագիր": Աշխատանքային խմբում ընդգրկվելու են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, մշակույթի, պաշտպանության, տարածքային կառավարման, սփյուռքի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության և Հ Հ կառավարության աշխատակազմի, ինչպես նաև Երկրապահ կամավորականների միության, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, "Հայաստանի ԴՈՍԱԱՖ" համահայկական  հասարակական կազմակերպության և ազատամարտիկների ներկայացուցիչներ:
 Հայաստանի անկախության հաստատման տարիներից սկսած` արցախյան հերոսամարտի մասնակից ազատամարտիկներն ընդգրկված են կրթադաստիարակչական գործընթացներում: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն աշակերտների հայրենասիրական դաստիարակության գործընթացի իրականացման շրջանակում ՀՀ ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին ավանդաբար կազմակերպում է "Գիտելիքի օրվա առաջին դասը վարում են ազատամարտիկները" խորագրով բաց դասեր, ինչպես նաև ուսումնական տարվա ընթացքում անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ և հանդիպումներ, "Նախնական զինվորարական պատրաստություն" առարկայի բաց  դասեր`   ազատամարտիկների  մասնակցությամբ: Պարբերաբար կազմակերպվում են ուսանողների և դպրոցականների երթեր դեպի Եռաբլուր և Հաղթանակի զբոսայգի` հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին: Հայաստանի Հանրապետության մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ և լսարաններ անվանակոչվել են ՀՀ հերոսների և ազատամարտիկների անուններով: Ուսումնական հաստատություններում գործում են փառքի սրահներ և ազատամարտիկների թանգարաններ, որտեղ պարբերաբար կազմակերպվում են հայրենասիրության դասաժամեր և միջոցառումներ: Հանրակրթական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան համալրվել է ուսումնաօժանդակ պարագաներով` ազգային հերոսների, Ղարաբաղյան պատերազմի հերոս-ազատամարտիկների,  կին ազատամարտիկների պաստառներով, ինչպես նաև ՀՀ ազգային հերոսների կյանքի և գործունեության մասին պատմող տեսասկավառակներով, մասնավորապես, "Գեղազնիկ Միքայելյան", "Թաթուլ Կրպեյան", "Ջիվան Աբրահամյան", "Մովսես Գորգիսյան", "Մոնթե Մելքոնյան" տեսաֆիլմերով:
Պետության կողմից կրթության բնագավառում սահմանված են նաև արտոնություններ, որոնցից օգտվում են ազատամարտիկները և նրանց ընտանիքի անդամները, մասնավորապես, ազատամարտիկների դպրոցական տարիքի երեխաները կարող են անվճար ուսուցում ստանալ արտադպրոցական կրթադաստիարակչական հաստատություններում (մարզադպրոցներ, արվեստի դպրոցներ, գեղագիտական և մանկապատանեական կենտրոններ), ինչպես նաև ամառային անվճար հանգիստ անցկացնել Ծաղկաձորի և Հանքավանի առողջարարական ճամբարներում: Արտոնություններ են սահմանված նաև ազատամարտիկների ավագ տարիքի երեխաների համար , մասնավորապես, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) և 1-ին խմբի հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում, մրցույթից դուրս, ընդունվում են միջին և բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ, պահուստային տեղերի հաշվին, անվճար ուսուցման համակարգ:
Պետության կողմից սահմանված է նաև, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, ընդունելությունն իրականացվում է պետական ուսումնական հաստատություններ, մրցույթից դուրս պետական պատվերի շրջանակներում, ուսումնական հաստատություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ըստ մասնագիտությունների հատկացված տեղերում:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play