Առաջիկայում Չինաստանի համալսարաններից մեկում կբացվի հայոց լեզվի և հայկական մշակույթի կենտրոն


Առաջիկայում Չինաստանի համալսարաններից մեկում կբացվի հայոց լեզվի և հայկական մշակույթի կենտրոն

  • 22-07-2013 15:12:54   | Չինաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով Չինաստանի Կոմունիստական կուսակցության հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակության կազմում  պաշտոնական այցով գտնվում էր Չինաստանում,  հանդիպում է ունեցել ՉԺՀ կրթության և գիտության փոխնախարար Հաո Փինգի հետ: Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Հաո Փինգը կարևորել է կրթության և գիտության ոլորտում երկկողմ համագործակցության խորացումը և ընդլայնումը, մասնագետների, ուսանողների, դասախոսների և գիտնականների միջև փորձի փոխանակումը: Փոխնախարարը հայտնել է նաև, որ առաջիկայ ում Չինաստանի համալսարաններից մեկում կբացվի հայոց լեզվի և հայկական մշակույթի կենտրոն: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ հետաքրքրություն է առաջացել չինարեն լեզվի նկատմամբ, ինչպես նաև աննախադեպ աճել է չինական առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել ցանկացողների թիվը, որի վառ ապացույցն են ՉԺՀ կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող կրթաթոշակային ծրագրերի թեժ մրցույթները: Նախարարը հայտնել է նաև, որ առաջիկա տարիներին Հայաստանում կբացվի չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Այցի շրջանակում պատվիրակությունն այցելել է Պեկինի մանկավարժական համալսարան: Համալսարանի ռեկտոր Գոնգ Հյուիլին պատվիրակության անդամներին ներկայացրել է բուհի գործունեությունը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների ընդունելության պայմանները և այն կրթաթոշակային ծրագրերը, որոնցով օտարերկրացի ուսանողները կարող են սովորել համալսարանում: 
Պատվիրակությունն այցելել է նաև Շանհայի Ֆու Դան համալսարան, որը Չինաստանի լավագույն համալսարաններից մեկն է: Համալսարանի ռեկտոր Լին Շանլին պատվիրակության անդամներին ներկայացրել է համալսարանի գործունեությունը, զարգացման հիմնական ուղղությունները, կրթության և գիտության որորտում ունեցած նվաճումները: Արմեն Աշոտյանը, խոսելով երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարների մասին, առաջարկել է կրթաթոշակային ծրագրերով ուսանողներ գործուղել նաև տվյալ համալսարան: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play