Երևանի քաղաքապետարանում հրավիրվել է տրանսպորտի ուղեվարձի վերանայման հարցով քննարկում


Երևանի քաղաքապետարանում հրավիրվել է տրանսպորտի ուղեվարձի վերանայման հարցով քննարկում

  • 23-07-2013 18:26:27   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանում այսօր՝ ժամը 17։00-ից հրավիրվել է տրանսպորտի ուղեվարձի վերանայման հարցով քննարկում, որին մասնակցում են ավագանու խմբակցությունների հանձնաժողովների նախագահները, վարչության անդամները. այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանը։
 
Նա, թեև հրավիրվածների ցուցակում չէր, բայց տեղյակ էր, որ քաղաքապետարանում մտահոգ են հարցի շուրջ և փորձում են լուծումներ գտնել, քանի որ, ինչպես նշեց Աստղիկ Գևորգյանը, հասկացել են, որ սեփականատերերի ներկայացրած տրանսպորտի գնի հաշվարկները «մի քիչ» չեն համապատասխանում քաղաքապետարանի հաշվարկներին։
 
«Իհարկե, համաձայն չեմ թանկացմանը, որովհետև դա սոցիալապես անապահով խավերի և ուսանողների համար ուղղակի հարված է, բայց հիմա քաղաքապետարանը մտահոգված է, և հենց հիմա քննարկվում է այդ հարցը, գուցե, արտահերթ նիստ հրավիրեն, տեսնենք ինչ լուծումներ կարող ենք գտնել։ Ավագանու անդամները բոլորն էլ մտահոգված են, պետք է քննարկել և իմանալ, թե ինչ պետք է անել»,- նշեց ՀՀԿ ավագանու անդամը։
 
Հիշեցնենք, որ մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձը 50 տոկոսով թանկացնելու մասին Երևանի տրանսպորտի վարչության՝ անցած շաբաթ կայացրած որոշումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել։ Տարբեր կազմակերպություններ բողոքի ակցիաներ են կազմակերպել քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով չեղյալ համարել այդ որոշումը։
 
Վերջին մի քանի օրերին քաղաքացիական ակտիվիստները կանգնում էին կանգառներում և միկրոավտոբուսների և ավտոբուսների վրայից պոկում ուղեվարձը 150 դրամ դառնալու մասին հիշեցնող թղթերը և դրանց փոխարեն փակցնում «ուղեվարձը՝ 100 դրամ» թղթեր, ինչպես նաև քաղաքացիներին կոչ անում վճարել 100 դրամ։ Բողոքի ակցիաների ժամանակ տեղի են ունեցել բախումներ՝ ցուցարարների և ոստիկանների միջև։ Բերման են ենթարկվել մի քանի ակտիվիստներ, որոնցից վեցն արդեն ազատ են արձակվել։
 
Հարցին, թե առաջարկությունները վերաբերում են գումարի վերանայմա՞նը, այսինքն` 150 դրամը կրկին 100 դրամ դարձելուն, Աստղիկ Գևորգյանը պատասխանեց, որ առաջարկությունները տարբեր են։
 
«Պետք է ուղղակի հասկանալ, թե որն է կիրառելի, որը՝ ոչ։ Պետք է հասկանալ, թե որն է դյուրին իրականացնել, այնտեղ բոլորն էլ մտահոգ են, բայց հասկանում ենք, որ իրական վիճակը մարդկանց շատ ծանր է»,- նշեց նա։
 
Աստղիկ Գևորգյանը նշեց, որ իրենք նոր են հասկացել, որ գծի սեփականատերերի քաղաքապետարան ներկայացված հաշվարկները այդքան էլ համոզիչ չեն եղել։ 
 
«Հիմա հասկացանք, որ այդ հաշվարկները մի քիչ չեն համապատասխանում քաղաքապետարանի հաշվարկներին։ Քաղաքապետարանը հո քաղաքացիների դեմ չի՞ ուզում նման որոշում կայացնել, ուրեմն մի խնդիր կա և դա կպարզվի»,- վստահեցրեց նա։
 
Հարցին, թե արդյոք քաղաքապետարանի այս որոշումը բողոքի ալիքի հետևանքով էր միայն, «Հանրապետական» ավագանու անդամը պատասխանեց. «Ես, իհարկե, բողոքի ալիքը դրական եմ համարում, իհարկե, երիտասարդները այդ ֆինանսական հնարավորությունը չունեն, որ օգտվեն նման սակագնով տրանսպորտից, և հիմա քաղաքապետարանը պետք է լուծումներ գտնի, մտահոգված է, տեսնենք, ինչ լուծումներ կգտնեն, որից հետո արդեն պարզ կլինի»,–-նշեց նա։
 
«Ասենք, գուցե, որոշ արտոնություններ տրվեն ուսանողներին զեղչված տրանսպորտ նստելու համար, ինչպես մշտական տոմս որոշ սոցիալական խմբերի դեպքում կա, գուցե, ուսանողներին էլ նման հնարավորություն տրվի, ամեն մեկը մի առաջարկ ունի, տեսնենք ինչ ենք ի մի բերում, որ լուծումներ կգտնվի դա միանշանակ է»,-նշեց նա։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն