Միջադեպ Ավանում. Ուղևորները հրաժարվում են 150 դրամ վճարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Միջադեպ Ավանում. Ուղևորները հրաժարվում են 150 դրամ վճարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 24-07-2013 17:46:32   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով



Ավանում փորձում են վարորդներին ուղեւորների դեմ տրամադրել (տեսանյութ)
 
 
Երեկվանից արդեն «Ֆեյսբուքում» տեղեկություններ էին հայտնվել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պատկանող թիվ 5 երթուղայինի վարորդներին հրահանգել են՝ այսօրվանից եթե որևէ մեկը 100 դրամ վճարի, բոլորը համատարած կանգնեցնում են մեքենան ու հրաժարվում շարունակել երթուղին: Այսինքն՝ խնդիր է դրված վարորդներին և ուղևորներին իրար դեմ հանել։
 
Այսօր առավոտյան՝ 10։30–ի սահմաններում, Ավանում՝ Բաբաջանյան փողոցում, Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ, «Վճարի՛ր հարյուր դրամ» բողոքի գործողության շրջանակներում ակտիվիստները քաղաքացիներին կոչ են արել չվճարել 150 դրամ:
 
Տեղում գտնվող «7օր»-ի թղթակիցը ամրագրել է, թե ինչպես է սա վրդովեցրել մի շարք երթուղային գծերի վարորդների, իսկ երբ քաղաքացիների մեծ մասը, լսելով այդ կոչը՝ սկսել է 100 դրամ վճարել, վարորդները համատարած բոյկոտ են հայտարարել:
 
Թիվ 20 և թիվ 41 ավտոբուսների, ինչպես նաև թիվ 20 երթուղայինի վարորդները մեքենաները կանգնեցրել են հենց փողոցի մեջտեղում՝ բոլոր ուղևորներին իջեցնելով մեքենաներից: Ուղևորներն իրենց հերթին իջել են՝ հրաժարվելով վճարել 150 դրամը։
 
Վարորդները բողոքել են, որ իրենց «գծի փողը» 50 տոկոսով ավելացվել է, իրենք ստիպված դա պետք է վճարեն և չեն կարող 100 դրամով վարել: «7 օր»–ի թղթակիցը վարորդներից հետաքրքրվել է, թե արդյոք իրենց դժգոհությունների մասին հայտնե՞լ են «գծի տերերին»։ Վերջինները պատասխանել են՝ այո՛, սակայն «գծի տերը» հայտարարել է, որ դա իրեն հետաքրքիր չէ:
 
Դեպքի վայրում են հավաքվել նաև մի խումբ ոստիկաններ, ինչպես նաև «թաղի տղերքը»։ Իսկ վերջիններից մեկը սպառնացել է իրեն նկարահանող «7օր»–ի լրագրող Արեգնազ Մանուկյանին «Մի՛ նկարի, արա՛», «Թեքի՛ հլը, ասում եմ», «Գամ տփեմ», «Կամեռադ կջարդեմ», «Որ իմանաս ով եմ՝ չես նկարի», «Արա՛, հա՛, սպառնում եմ» ու նմանատիպ այլ լկտի արտահայտություններով։
 
Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունեցել ոստիկանության զգոն հայացքի ներքո-ilur.am/։ 
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով