Կնքվել է համագործակցության հուշագիր՝ ՀՀ ԿԳՆ-ի և Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի միջև


Կնքվել է համագործակցության հուշագիր՝ ՀՀ ԿԳՆ-ի և Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի միջև

  • 26-07-2013 16:32:02   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 



ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր՝ ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի և ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորկյանի: Նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի նախագահին՝ նախաձեռնությանն աջակցելու և կրթական վստահելի գործընկեր դառնալու համար: «Մեկնարկող նախագծի նպատակն է՝ ոսկերչության ոլորտում ապահովել մասնագիտական հմտություններ ունեցող, աշխատաշուկայի պահանջներին բավարարող երիտասարդ կադրերի պատրաստման գործընթաց:

 Հուշագիրը համապարփակ լուծում է առաջարկում  որակյալ կադրերի պատրաստման հարցում՝ սկսած նյութատեխնիկական բազայի բարելավումից մինչև վերապատրաստում, մասնագիտությունների առարկայացանկ և դասավանդվող բովանադակության վերանայում,  ինչպես նաև լավագույն կադրերին աշխատատեղերով ապահովում: Միջին մասնագիտական կրթության ոլորտում կրթական բարեփոխումների գերակայություններից մեկը մասնավոր հատվածի ներգրավման հարցն է ինչպես կրթական բովանդակության վերանայման, այնպես էլ  ուսումնական հաստատությունների կառավարման հարցում նրան դաշնակից դարձնելու և վերջնաարդյունքի վրա խարսխված կրթական ծառայությունների մատուցման գործում, որը պետք է լինի բացառապես աշխատաշուկայի պահանջներին համապատասխան»,-նշել է նախարարը:
Ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորկյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանից դուրս ապրող յուրաքանչյուր հայի պարտքն է փորձել օգնել իր հայրենիքին: Նա ընդգծել է, որ այս հուշագրի նպատակն է ստեղծել բազա՝ ինտելեկտուալ և մասնագիտական բարձր մակարդակ ունեցող մասնագետներ պատրաստելու համար: 
Հուշագրի նպատակն է՝ մասնագիտական կրթության և ուսուցման /ՄԿՈՒ/ շարունակական զարգացումը, ուսումնական հաստատություն–գործատու գործընկերային կապերի ամրապնդումը, հաստատությունների շրջանավարտների զբաղվածության ապահովումը, մասնավորապես, ոսկերչության բնագավառում:  Համաձայն հուշագրի՝ կողմերն աջակցելու են.
•ՄԿՈՒ հաստատություններում ուսուցման գործընթացի կազմակերպմանը՝ մասնավորապես ոսկերչական մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների մշակմանը, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը,
•ՄԿՈՒ հաստատությունների նյութատեխնիկական բազայի համալրմանը,
•Վերապատրաստումների միջոցով ՄԿՈՒ հաստատությունների արտադրական ուսուցման վարպետների կարողությունների հզորացմանը, 
•ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաների կազմակերպմանը,
•ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտների աշխատանքի տեղավորմանը,
•Միջազգային ոսկերչական ցուցահանդեսներում ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների ներգրավմանը: 
Կողմերը մասնակցելու են նաև ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների և ծրագրերի արդյունքների վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար փոխանակմանը և հանրային իրազեկման միջոցառումներին:
 

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play