Մանկապարտեզների նորոգման աշխատանքների ընթացքը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուշադրության կենտրոնում է


Մանկապարտեզների նորոգման աշխատանքների ընթացքը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուշադրության կենտրոնում է

  • 30-07-2013 19:00:23   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթացել է Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրով համայնքային ենթակայության համար 69, 15, 62 և 59  մանկապարտեզներում իրականացվող վերանորոգման աշխատանքների ընթացքին: 


Ըստ առաջնահերթության հիմնական շեշտը դրվել է մանկապարտեզների տանիքների, դռների ու պատուհանների, ջրագծերի, ներքին հարդարման, սանիտարական հանգույցների նորոգման վրա: Շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները քաղաքապետի առաջին տեղակալին զեկուցել են մինչ օրս կատարված, ներկայում իրականացվող և նախատեսվող աշխատանքների մասին: 


Կամո Արեյանը տեղերում հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել որակին և գործընթացը պարտադիր ավարտել  նախատեսված ժամկետներում`մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը: 2013 թվականի համայնքային բյուջեով նախատեսված  550 միլիոն դրամի շրջանակում մայրաքաղաքի 11 վարչական շրջաններում կվերանորոգվեն թվով 28 նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Ընդ որում, որոշ մանկապարտեզներում այս տարի շարունակվում են նախորդ տարիներից անավարտ մնացած աշխատանքները: 


Կամո Արեյանը հատկանշել է, որ այսուհետ էլ կրթական օջախները, այդ թվում նաև նախադպրոցական ուսումնական հաստատություները գտնվելու են Երևանի քաղաքապետարանի առանձնահատուկ հոգածության ներքո: Մշտապես թարմացվելու են գույքն ու ենթակառուցվածքները: Հաջորդ և առաջիկա տարիներին  Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում կշարունակվեն մասնակի կամ հիմնանորոգման աշխատանքները`գործընթացում ներգրավելով նաև  մասնավոր և բարեգործական կազմակերպություններին: 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հիշեցնում են, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզների ջեռուցման աշխատանքներն ավարտվել էին դեռևս 2012 թվականին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն