Բաց դռների օր` բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար


Բաց դռների օր` բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար

  • 07-08-2013 18:30:23   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր Հայաստանի տարբեր կրթական հաստատությունների՝ բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար ՎիվաՍել-ՄՏՍ-ում կազմակերպվել էր բաց դռների օր: ՎիվաՍել-ՄՏՍ այցելած՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Երևանի պետական  ճարտարագիտական համալսարանի և «Գլաձոր» համալսարանի 18 ուսանող ներգրավված են «Integrity Action International» միջազգային ՀԿ-ի  և «Իրավաբանական ալյանս» ՍՊԸ կողմից իրականացվող բուհական պրակտիկայի հատուկ ծրագրում:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ստացան ծանոթանալու ընկերության կառավարման և նորարարությունների խթանման մշակույթին, ինչպես նաև Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կողմից շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին:
 
Ըստ Ռալֆ Յիրիկյանի՝ ընկերության հաջողությունները պայմանավորված են աշխատակիցների միջև ձևավորված հարգալից հարաբերություններով, նորարարությունների խթանմանն ուղղված համակարգային մոտեցումներով և, ինչն առավել կարևոր է՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից որդեգրած կորպորատիվ պատասխանատվության սկզբունքներով: Աշխատակիցները, Ռալֆ Յիրիկյանի կարծիքով, ընկերության հիմնասյուներն են: Գլխավոր տնօրենը համոզված է, որ գործատու-աշխատակից արդյունավետ փոխհարաբերությունները, համապատասխան ընթացակարգերն ու կանոնակարգերը, ինչպես նաև փոխհատուցման համակարգը պետք է մշտապես գտնվեն ղեկավարի ուշադրության կենտրոնում: 
 
«Ընկերության ամենամեծ արժեքն աշխատակիցներն են: Այստեղ գործում է փոխհարաբերությունների քաղաքակիրթ մոդել: Աշխատանքային հարաբերությունների հիմքում կարևոր տեղ են զբաղեցնում մարդու հիմնարար իրավունքներն ու բարոյականության սկզբունքները, որոնցով և պայմանավորված է մեր աշխատաոճը: Մարդիկ հավասար են՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից: Տարբերությունը ստանձնած պատասխանատվության չափաբաժինն է», - նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:
 
Ռալֆ Յիրիկյանը խոսել է նաև աշխատավայրում  խրախուսման առողջ միջավայր ստեղծելու անհրաժեշտության մասին, ինչը նորարարության համար կարևոր նախապայման է: «Անկախ նրանից, թե կառավարման ո՞ր օղակում դուք կներգրավվեք կամ ինչպիսի՞ն կլինի կառավարման ոճը, իմացե՛ք. հարգանքն առաջնային է: Հարգանքը ելակետն է՝ առանց դրա որևէ բան կառուցելն անհնար է: Կարևորագույն խնդիրը պետք է լինի ընկերության ներսում առանցքային այնպիսի արժեքների ներդրումը, ինչպիսիք են՝ հարգանքը, պատասխանատվությունը, նվիրումը, հոգատար վերաբերմունքը գործի և միմյանց հանդեպ», - ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը խոսել է նաև երկրի հեղինակությունը և ազգային ինքնագնահատականը բարձր պահելու հարցում բիզնեսի ունեցած կարևոր դերի մասին:
 
Ապագա մասնագետների հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի շփումները կարևոր են այնքանով, որ երիտասարդները ծանոթանում են կառավարման պատրաստի մոդելների: Տարիների հաջողակ գործունեության ընթացքում ձեռքբերված փորձը գիտելիքի հարուստ աղբյուր է, և ընկերությունը պատրաստակամ է այն կիսելու ապագա մասնագետների հետ:
 
Դասախոսությանը հաջորդած շրջայցն ընկերության առանցքային վարչություններով ուսանողներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալու գործընթացների թափանցիկ կառավարման համակարգի առավելություններին:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համարվել Հայաստանի լավագույն գործատուներից մեկը: Ընկերությունը հանրապետության ամբողջ տարածքում այսօր ունի ավելի քան 1400 աշխատակից, առաջարկում է շուկայում մրցունակ աշխատավարձ և փոխհատուցման համակարգ, այդ թվում` առողջության ապահովագրություն և ուսման վարձի վճարում:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play