ՀՀ կառավարությունը դյուրացնում է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու գործընթացը
08-08-2013 14:39:16 | Հայաստան | Հայտարարություններ
ՀՀ կառավարությունը մեկ տարով երկարաձգել է ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկի գործողության ժամկետը` Լիբանանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն տալով ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր:
ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի այն դրույթը, որ Եվրամիության անդամ պետությունների և Եվրամիության շենգենյան դրույթները կիրառող Եվրոպական Միության ոչ անդամ պետությունների քաղաքացիներն ազատվում են Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի պահանջից, տարածվել է Խորվաթիայի վրա, որը ս.թ. հուլիսի 1-ից դարձել է Եվրամիության անդամ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որպեսզի ՀՀ արտգործնախարարությունը քննարկի Իրաքի քաղաքացիներին վիզաների տրամադրման հարցը և առաջարկություն ներկայացնի: «Ակնհայտ է, որ այսօր Իրաքում բավական մեծ զբոսաշրջային ներուժ կա, և պետք է այնպիսի ռեժիմ սահմանել, որպեսզի այդ երկրի քաղաքացիները կարողանան Հայաստան այցելել: Մեծ, վճարունակ և դինամիկ տուրիստական ներուժ ունեցող երկիր է այսօր Իրաքը դարձել: Եվ մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում մեր հարևան երկրները սահմանում են այնպիսի ռեժիմներ, որպեսզի կարողանան այդ տուրիզմը իրենց մոտ տանել: Անհրաժեշտ է, որպեսզի արտգործնախարարությունն էկոնոմիկայի նախարարության հետ քննարկի այս հարցը և մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնի առաջարկություններ. նախարարական կոմիտեում քննարկենք, թե ինչ ռեժիմ կարող ենք սահմանել, որպեսզի բարձրացնենք Հայաստանի տուրիստական գրավչությունը: Մեր քաղավիացիայի վարչության հետ էլ պետք է քննարկել այս հարցը` ուղիղ չվերթների կազմակերպման հարցը: Մեկ շաբաթ հետո նախարարական կոմիտեում քննարկենք»: